Մատչելիության հղումներ

Վանաձորը մեղմացված սահմանափակումների պայմաններում


Վանաձորցի 50 տարվա վարսավիր Սիմոն Աղաբաբյանը չի հիշում նման դեպք, որ հաճախորդին սպասարկելիս դիմակ կրի։ Ասում է՝ դժվարություններ տեսել էր, բայց մեկուկես ամսվա հարկադիր պարապուրդ չի մտաբերում․ - «Ուրիշ ելք չկա, պիտի պայքարել մինչև վերջ»։

Նրա 45 տարվա գործընկեր Սարիբեկ Բաղդասարյանը, մինչդեռ, ասում է, որ դիմակը շնչահեղձ անում, ձեռնոցն էլ իր մասնագիտությանն անհարմար է․ - «Եթե վարակվածն էկավ, պտի բոլորս էլ վարակվենք»։

Քաղաքի մեկ այլ հատվածում գործող վարսավիրանոցներից մեկում ախտահանիչ գործողություններից հետո առաջին հաճախորդներին էին ընդունում․ - «Պետք ա չվախենանք, աշխատենք։ Որ տանը նստենք, ո՞վ պտի մեզ պահի։ Ո՞ւմ վրա հույսներս դնենք»։

Հաճախորդ կինը, որ երեք ամիս անց երկարած մազերով վարսավիրանոց էր եկել, ասաց՝ վարակի մասին չի էլ մտածում․ - «Ոչ մի բան էլ չի լինի»։

Վանաձորում այսօր բացօթյա սրճարաններ չեն բացվել։ Եղանակն անձրևային է ու ցրտաշունչ։ Բայց հագուստի ու տնտեսական ապրանքների խանութներն էին բաց։ Որոշ խանութներում պաշտպանիչ միջոցներով էին սպասարկում, շատերն՝ առանց դրանց։

Անդրանիկ Ալեքսանյանը կոշիկի վաճառքի կետ ունի հագուստի շուկայի հարևանությամբ։ Բայց ասաց, որ հագուստի խանութները բացելու թույլտվություն են տվել, մինչդեռ կոշիկի վաճառքի համար հստակություն չկա․ - «Դեռ մենք անորոշության մեջ ենք, չգիտենք։ Էսօր էկել ենք դասավորենք, բաժինները տեսքի բերենք, որ տենանք երբվանից ենք աշխատելու»։

Ալվարդ Բեժանյանը հագուստի խանութ ունի։ Վանաձորի ծայրամասային թաղամասից տաքսիով էր աշխատատեղ հասել․ - «Առևտուր անող չի եղել դեռ։ Երբ որ կաշխատի քաղաքային տրանսպորտը․․․ Էսօր քաղաքում տրանսպորտ չկա, շրջաններից՝ չկա»։

Վանաձորցի Սամվել Էվոյանը ուրախ է, որ ազատ տեղաշարժի սահմանափակումները հանվեցին։ Ասում է՝ 21-ամյա թոռանը մեկ ամիս առաջ, ըստ իրեն, հանիրավի 100 հազար դրամ տուգանել են տեղաշարժի թերթիկում կիսատ տվյալներ լրացնելու համար։

Արդարացնում է թոռանն ու մեղադրում ոստիկանին։ Պնդում է, որ ոստիկանը չի զգուշացրել, թե կազմած արձանագրությունը կարող է կպչել իրենց գրպանին։ Առանց այն էլ սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքը, որ միջոցներ է փնտրում վարկերն ու թոռնիկի ուսման վարձը մուծելու համար, ստիպված կլինի խոշոր չափի տուգանք վճարել․ - «Շտապելուց ամսաթիվը մոռացել ա գրի, տուն գնալուց բռնել են, 100 հազար տուգանել են»։

Կորոնավիրուսի պատճառած նյութական վնասներից դժգոհ քաղաքացին ասում է՝ չի վճարի սահմանված տուգանքը, դիմելու է կառավարության ու պարետատան թեժ գծերին՝ բողոքելու թոռանը տուգանքի ենթարկած ոստիկանից։

Վանաձորի փողոցներում եռուզեռ կար։ Բոլորն ինչ-որ տեղ էին շտապում, պաշտպանիչ միջոցներ կրողները քիչ էին։

Վանաձորցի Աիդա Հովհաննիսյանը ծաղիկների սերմեր էր գնել․ - «Սպասում էի, որ գնամ ծաղիկների սերմեր առնեմ, այգիս թարմացնեմ։ Բայց ոչ մի օր դուրս չեմ էկել, էսօր առաջին օրն ա։ Էսպես շշմած նայելով, ուսումնասիրելով քայլում եմ»։

Քաղաքի գրեթե բոլոր բանկերի դիմաց կուտակումներ էին։ Գործարքներ, հիմնականում վարկային վճարումներ կատարելու համար անգամ մարզի այլ համայնքներից մարզկենտրոն եկած քաղաքացիներն ստիպված են մի քանի ժամ սպասել իրենց հերթին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG