Հայաստանում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն ավելացել է 48-ով, ընդհանուր առմամբ այսօր առավոտվա դրությամբ գրանցված 1159 դեպք կա։ Նախորդ օրերի համենատ զգալիորեն ավելացել է ապաքինվածների թիվը, առողջացել է ևս 61 մարդ: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսն արդեն հաղթահարել են 358 անձինք։
Այսօր կառավարության նիստի մեկնարկին կորոնավիրուսի համաճարակի վերջին տվյալները ներկայացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Դրական բալանսով ենք փակել օրը, այսինքն մեր ակտիվ դեպքերի թիվը 14-ով կրճատվել է: Նույն միջոցառումները շարունակվում են, կարող եմ նաև տեղեկացնել, որ մոտավորապես 1500 հոգուց ավելի այս ամբողջ ընթացքում կարանտինից դուրս է եկել», - ասաց Թորոսյանը:
«Այլ երկրների 1 միլիոն բնակչին ընկնող թեստերի թվով՝ մենք բավականին լավ դիրքերում ենք աշխարհում, նույնիսկ մեր հարևանների և մոտ գործընկերին հետ համեմատած, մենք անում ենք բավական մեծ թվով թեստեր», - նաև ընդգծեց նախարարը:
Երեկ կորոնավիրուսով վարակված մեկ մարդ է մահացել, այսպիսով մահացածների ընդհանուր թիվն այսպիսով հասավ 18-ի։
Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանի փոխանցմամբ՝ մահացածը 73 տարեկան էր, երկկողմանի թոքաբորբ է ունեցել։
«Բացի այդ, տղամարդը ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում: Բուժման ընթացքում առաջացել է խրոնիկ հիվանդությունների սրացում, սրտի ռիթմի խանգարում, նաև գլխուղեղի իշեմիկ ինսուլտ», - հայտնեց Նիկողոսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդգծեց՝ կորոնավիրուսի համաճարակն այս պահին կառավարելի է, այդուհանդերձ, զգոնությունը կորցնել պետք չէ:
«Եթե մենք շարունակենք այն վերաբերմունքը, որ շատ հաճախ տեսնում ենք մեր իրականության մեջ, մենք կարող է իսկապես ունենանք համաճարակի նոր բռնկում», - ասաց վարչապետը:
Առողջապահության նախարարն էլ հույս հայտնեց, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակը դեռ երկար ժամանակ կառավարելի կմնա, եթե մարդիկ հետևեն իրենց խորհուրդներին։
«Միջոցառումները շարունակվում են, հիվանդանոցային ֆոնդը, մահճակալային ֆոնդը այս պահին կիսով չափ է ծանրաբեռնված», - ընդգծեց նախարարը:
Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր չեն արձանագրվել: Այս պահի դրությամբ վարակ է հաստատվել 6 մարդու մոտ, նրանք առողջական լուրջ խնդիրներ չունեն, տեղեկացրեց Արցախում կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը:
Վերջինս «Ազատությանը» փոխանցեց՝ այս պահին Արցախում 10 մեկուսացված կա. «Օրվա ընթացքում իրականացվել են թեստավորումներ, որի արդյունքները կամ այսօր ուշ երեկոյան, կամ վաղը հնարավոր կլինի ներկայացնել: Այս պահին իրավիճակը կարելի ընդհանուր հանգիստ գնահատել»:
«Ազատության» հարցին՝ վարակակիրները ախտանշաններ ունե՞ն, Աբրահամյանը պատասխանեց. «Ունենք նման վարակակիրներ, մի վարակակիրն, օրինակ, Քարվաճառի վարակակիրն էր, ով նաև ուղեկցող հիվանդություններ ուներ, իրա վիճակն ընդհանուր միջին ծանրության է գնահատվում»:
Այսօր կառավարության նիստին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտարարեց՝ 4-6 ամսվա ընթացքում հնարավոր կլինի Հայաստանում արհեստական շնչառության սարքեր արտադրել, որոնց դեֆիցիտն այժմ զգացվում է բազմաթիվ երկրներում:
«Առաջարկում են Ինժեներական ասոցիացիային տրամադրել 90 միլիոն դրամ դրամաշնորհ՝ կազմակերպելու թոքերի արհեստական շնչառական սարքերի նախագծման, մակետային նախատիպի մշակման, մակետի լաբորատոր փորձարկումների իրականացման, համակարգի նախագծի շտկման, 5 օրինակ ինժեներական նմուշի մշակման, կոնստրուկտորական փաստաթղթերի ձևավորման հ աշխատանքները ապահովելով արտադրական ամբողջական ցիկլին հասնելու գործընթացը», - ասաց Արշակյանը:
Արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հայտնեց, որ երեկ Չինաստանից 100 հազար թեստերի ռեագենտներ, թեստերի արտադրության համար անհրաժեշտ նյութեր են ներկրվել, որոնք հանձնելու են Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին, որն էլ պիտի Հայաստանում կորոնավիրուսի թեստեր արտադրի: