«Կառավարությունը քննարկում է կորոնավիրուսի ախտորոշման թեստերը Հայաստանում արտադրելու մեր առաջարկը», - ասաց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը:
Օրեր առաջ պարետ Տիգրան Ավինյանը շեշտել էր՝ թեստավորումների քանակի ավելացումը գերակա խնդիր է, գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում են դրանց տեղական արտադրության հարցը:
«Արտադրությունը հիմնված է արդեն հայտնի տեխնոլոգիայի վրա, որի համար անհրաժեշտ պարագաները, նյութերը կարելի է այս պահին ձեռք բերել, ունենալ բավականաչափ պաշարներ և այդ թեստերը արտադրել», - «Ազատության» հետ զրույցում նշեց Առաքելյանը:
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի խոսքով՝ բանակցում են եվրոպական, չինական, Սինգապուրի ու Մալայզիայի արտադրողների հետ, այնտեղից հնարավոր է ներկրել թեստերի համար անհրաժեշտ նյութերը:
Արսեն Առաքելյանն ասում է՝ այդ նյութերի պակաս աշխարհում չկա, բայց կա թեստերի դեֆիցիտ: «Օրինակ՝ ամերիկյան ընկերությունները, որոնք թեստը արտադրում են, նույն Thermo Fisher ընկերությունը, ինքը Հայաստանին թեստեր երևի թե չի մատակարարի, որովհետև ինքը ունի խնդիր Ամերիկայի պահանջարկը բավարարելու: Նույնը վերաբերում է ամբողջ մնացած աշխարհում ընկերություններին, որոնք այդ թեստերը արտադրում են», - ընդգծեց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը:
Ներկրված նյութերի հիման վրա տեղական թեստերի արտադրությունը, ըստ տնօրենի, հնարավոր է երկու եղանակով. - «Ավտոմատ եղանակներով՝ օգտագործելով որոշակի սարքավորումներ, որոնք այս պահին Հայաստանում նույնպես չկան, բայց մենք փորձում են տեսնել՝ որտեղ կան, և արտադրողների հետ բանակցում ենք ձեռք բերելու համար, իսկ նաև կարելի է դա անել ձեռքով, այսինքն՝ լաբորատոր պարագաների օգտագործմամբ, որոնք Հայաստանում կան»:
Գիտական հաստատության ղեկավարն ասում է՝ պատրաստ են մեկ-երկու շաբաթում տասնյակ հազարավոր թեստեր արտադրել, միայն թե առանց Կառավարության նախ՝ որոշման, ապա՝ աջակցության հնարավոր չէ:
«Եթե Կառավարությունը վերջնական հավանություն տա և ձեռնամուխ լինի ծրագրին, պետք է իր վրա վերցնի Կառավարությունը, որովհետև անգամ եթե իրենք մեզ էս պահին ֆինանսավորեն, մենք նյութերի ձեռք բերելու համար պետք է անցնենք ամբողջությամբ գնումների գործընթացը, ինչը ամեն ինչը կհետաձգի բավականաչափ երկար ժամանակով», - շեշտեց Արսեն Առաքելյանը:
Հայաստանն այս պահին վիրուսի ախտորոշման թեստեր ստանում է Ռուսաստանի Դաշնությունից, Ճապոնիայից: