Կորոնավիրուսի ախտորոշման թեսթերը Հայաստանում արտադրելու հեռանկարը այլևս մշուշոտ չէ։
Երկու օր առաջ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին ավելի քան կես միլիոն դոլար կտրամադրվի՝ արտադրությունը կազմակերպելու համար։
Ինստիտոտի տնօրեն Արսեն Առաքելյանը տեղեկացրեց, որ գործադիրի հետ քննարկումները շարունակում են, հընթացս նախապատրաստական աշխատանք է սկսվել իրենց լաբորատորիաներում․ - «Պատրաստում ենք մեր լաբորատորիաները, պատրաստում ենք սարքավորումները, սկսել ենք դրանց ախտահանման աշխատանքները»։
Թեսթերի արտադրության համար անհրաժեշտ հումքը ներկրվելու է, թեև առայժմ պարզ չէ որ երկրից։ Արտադրությունը երկու տարբերակով է հնարավոր՝ ներկրված բաղադրիչներից այստեղ հավաքածու ստանալ ավտոմատացված համակարգով (այս հնարավորությունը ինստիտուտն այժմ չունի), կամ լաբորատոր պայմաններում՝ ձեռքով։
Առաքելյանը տեղեկացրեց, որ քննարկվում է նաև որոշ սարքավորումներ ներկրելու հարցը․ - «Առաջին թեստային պարտիան մենք հարյուր տոկոս անելու ենք ձեռքով, որպեսզի հստակ հասկանանք ոնց ենք աշխատելու, ինչ ենք անելու»։
Անդրադառնալով արտադրվելիք թեստերի ճշգրտությանը՝ ինստիտուտի տնօրենն ասաց․ - «Ամեն ինչը նորմալ ընթանալու պարագայում լինելու են նույն թեստերը, ինչ հիմա օգտագործվում են»։
Առաքելյանն հայտարարեց, որ կարող են արտադրել այնքան թեստ, որ բավարարվի երկրի պահանջարկը։
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը թեստային համակարգերի մշակման մեծ փորձ ունի։ Այստեղ տարբեր օրգանիզմների՝ վիրուսից մինչև մարդ, ուսումնասիրության ժամանակ ակտիվ կիրառում են Պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդը։
«Այդ թեստերը մենք ինքներս ենք մշակում ու կիրառում ենք մեր հետազոտությունների մեջ։ Այսինքն, մենք ունենք փորձ», - նշեց Արսեն Առաքելյանը։
Այս պահին թեստերի արտադրության նախապատրաստական աշխատանքներում ներգրավված են 4 լաբորատորիաների շուրջ երկու տասնյակ գիտաշխատողներ։ Ինստիտուտի լաբորատորիանեորւմ նկարահանում չթույլատրվեց. կարանտինային ռեժիմ է։
Գիտական հաստատության տարածքն ախտահանվում էր մի նորամուծությամբ, որը նույնպես հայ գիտնականներն են ստեղծել ավելի վաղ, իսկ արտադրել սկսել են կորոնավիրուսի օրերին։
Ներկայացնում է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի փոխտնօրեն Արկադի Հարությունյանը․ - «Հոտ չունի բացարձակապես, վտանգավոր չէ հրդեհի կամ այլ առումով։ Կարելի է ասել, ջրային լուծույթ է, փչում ես, մի ժամ հետո կարող ես լվանալ»։
Նա հավելեց, որ «Բիոքսիլ» կոչվող նյութը նոր սերնդի ախտահանիչ է առանց վտանգավոր քլորի։ Այս ինստիտուտի փորձնական արտադրամասում է այն արտադրվել և օրեր առաջ մեկ տոննա նվիրել են Արտակարգ իրավիճակների նախարարությանը․ - «Շինությունները ներսը, վերելակի ներսը, շենքերի մուտքերը, անասնապահական ֆերմաները, մեքենաներըի անիվները, որ ասենք պետք է սահման հատեն և այլն»։
Լուծույթի բաղադրության հեղինակն ակադեմիկոս Թավադյանն է։ Նա «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ախտահանիչների նոր բաղադրությունն անհրաժեշտություն է, քանի որ վիրոսները սկսում են հարմարվել և ապահով զգալ ավանդական ախտահանիչների պայմաններում։ Իր մշակած նորության առավելությունն ախտահանիչի անվտանգ լինելն է թե՛ մարդկանց ու թե՛ շրջակա միջավայրի համար։
Արտադրամասում տեղեկացրին, որ կարող են օրական մեկ տոննա արտադրել, բայց խնդիր կա. մանրէասպան բոլոր փորձարկումներն անցած ու Ստանդարտների ազգային ինստիտուտում տեխնիկական պայմանները հաստատած ախտահանիչը հավաստագիր չունի։
«Վաճառել չեն կարող, ուզում էինք հիվանդանոցներին նվիրել, պարզվեց դա էլ չենք կարող», - տխրում է քիմիական գիտությունների թեկնածու Արկադի Հարությունյանը։ - «Գիտնականները բիզնեսի հետ մոտիկ չեն, մեզ չեն սովորեցրել բիզնեսի օրենքները, մենք չեն տիրապետում այդ օրենքներին։ Իսկ այնտեղ շատ բարդ բաներ կան»։
Ինստիտուտում տեղեկացել են, որ ԵԱՏՄ կանոնների համաձայն, հավաստագիրը պետք է Ռուսաստանից ստանան։ Գիտնականներն առայժմ տրամադրված չեն «Բիոքսիլն» առնել Մոսկվա հասնել։
«Արտակարգ դրության պայմաններում արտակարգ ու ճկուն լուծումներ էին պետք», - ասում է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի փոխտնօրենը։ - «Այսօր եթե մեր ախտահանիչը Հայաստանին որևէ օգուտ չի տալու, ապա մի տարի հետո նա, կարելի է ասել, ոչ մի բանի պիտանի չէ այլևս»։