Մատչելիության հղումներ

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 48-ով, բուժվածներինը՝ 61-ով, գրանցվել է մահվան ևս մեկ դեպք


Շտապ բուժօգնության ավտոմեքենան «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի դիմաց, արխիվ
Շտապ բուժօգնության ավտոմեքենան «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի դիմաց, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 48-ով՝ հասնելով 1159-ի, հիվանդությունից մահացել է ևս մեկ մարդ, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Կենտրոնի պաշտոնական կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 61-ով և հասել 358-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 9 հազար 632 է:

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ մահվան նոր դեպքն արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: «73-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում։ Բուժման ընթացքում առաջացել է խրոնիկ հիվանդությունների սրացում` սրտի ռիթմի խանգարում` պերսիստենտ ձև, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ», - Ֆեյսբուքում գրում է Ալինա Նիկողոսյանը:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 783 մարդ:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 18-ի:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Կառավարության նիստի ժամանակ նշեց. - «Կարող ենք ասել, որ դրական բալանսով ենք փակել օրը, այսինքն՝ մեր ակտիվ դեպքերի թիվը 14-ով կրճատվել է»:

«Կարանտինային միջոցառումները շատ էֆեկտիվ են», - ընդգծեց նախարարը:

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG