«Հասկանալի է, որ արդեն 4,9 տոկոս տնտեսական աճ չենք կարող ունենալ». տնտեսագետն իրատեսական է համարում ԿԲ կանխատեսումները

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Կորոնավիրուսից տուժում է ամբողջ աշխարհի, նաև Հայաստանի տնտեսությունը: Կենտրոնական բանկը (ԿԲ) հրապարակել է մի փաստաթուղթ, որտեղ ներկայացված են Հայաստանի հիմնական տնտեսական ցուցանիշներն ու կանխատեսումները 2020 թվականի ու հաջորդ երկու տարիների համար: Ըստ այդ կանխատեսումների՝ տնտեսական աճը այս տարվա ավարտին կկազմի 0,7 տոկոս:

Հիշեցնենք, որ դեռ 2019 թվականին, երբ կազմվում էր այս տարվա պետբյուջեն, տնտեսական աճի կանխատեսումները շատ լավատեսական էին: Բյուջեում ամրագրվեց ավելի համեստ թիվ՝ 4,9 տոկոս: Սակայն կորոնավիրուսի հետևանքով ամբողջ աշխարհում ստեղծված վիճակը բոլոր նախկին կանխատեսումներն ու հաշվարկները չեղարկում է:

Կենտրոնական բանկի հաշվետվությունը կանխատեսում է, որ արդեն այս տարվա երկրորդ կեսից տնտեսական վիճակը կսկսի աշխուժանալ, և 2021-ին տնտեսական աճի տեմպերը կվերականգնվեն:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ ԿԲ հաշվետվությունն իրատեսական է: Այս պահի տվյալներով՝ եթե Հայաստանը տարին փակի տնտեսական աճով, այլ ոչթե անկմամբ, ապա կարող ենք ասել, որ հաջողությամբ հաղթահարել ենք ճգնաժամը, ընդգծեց Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում:

«Հիմա ամբողջ աշխարհն է ցանկանում հասկանալ, թե ինչ է տեղի ունենալու մինչև տարվա վերջ, ինչ արդյունքների ենք հասնելու: Մանավանդ որ ոչ հեռավոր անցյալում՝ 2008 թվականին, ունենք նաև էդ փորձը, երբ որ ճգնաժամից հետո Հայաստանը աշխարհի էն երեք երկրների մեջ էր, որ ունեցավ բացասական մեծ տնտեսական անկում՝ 14 տոկոս», - ասաց տնտեսագետը:

«Հիմա, ինչ վերաբերում է Կենտրոնական բանկի ներկայացրած փաստաթղթին, ես կիսում եմ էդ գնահատականը, էդ իրենց անհանգստությունները, նաև կարծում եմ, որ եթե մենք էս տարի կարողանանք դրական աճ ունենալ՝ 0,5-ից բարձր, մենք պետք է կարողանանք ասել, որ իսկապես հաջողությամբ հաղթահարեցինք էս ճգնաժամը՝ տնտեսական առումով», - ընդգծեց Խաչատրյանը:

«Աշխարհն էլ պետք է գնահատի, թե մարդկությանը ուղղակի ինչ վնաս տվեց էս կորոնավիրուսը», - նկատեց տնտեսագետը:

Այն, ինչ ներկայացվել է Կենտրոնական բանկի կողմից, ըստ Խաչատրյանի, «ըստ էության, իրականությանը մոտ է». - «Մենք, հասկանալի է, որ արդեն 4,9 տոկոս տնտեսական աճ չենք կարող ունենալ»:

«Փաստորեն, ամեն մի երկիր ինքը իր մեթոդներն ու ձևերն է ընտրում՝ օգնելու ծանր վիճակում հայտնված և՛ քաղաքացիներին, և՛ գործարար շրջանակներին, և հիմա այս կորուստների, զուտ արդեն էդ շրջանակների կորուստների վերականգնման հաջողությունը կամ վերականգնումը կախված կլինի ամեն երկրի, տվյալ դեպքում՝ Հայաստանի Հանրապետության հնարավորություններից», - ընդգծեց տնտեսագետը:

Խաչատրյանի համոզմամբ՝ այն միջոցառումները, որ արդեն ներկայացվել են տնտեսության աշխուժացման առումով, կաշխատեն: «Բայց կարծում եմ՝ հետագայում, երբ որ այս առողջապահական խնդիրները կլուծեն, իսկ ես այն տեսակետին եմ, որ հիմա պետք չի շտապել, հիմա եղած ֆինանսական հնարավորությունները ավելի շատ պետք է ուղղել հենց այս խնդիրը վերացնելուն և մարդկանց այս հարցում օգնելուն, երբ որ առողջապահական խնդիրները վերանան, դրանից հետո, ես համոզված եմ, որ Կառավարությունը նոր հնարավորություններ կտա և՛ անհատապես քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության, և՛ նաև գործարարներին, որպեսզի իրենք կարողանան գոնե վեց ամսվա ընթացքում իրենց կորցրածը վերականգնել», - ասաց տնտեսագետը՝ հավելելով. - «Բայց պետք է հաշվի առնել, որ սա միայն Հայաստանի Հանրապետությունից կախված չի, որովհետև եթե վերցնենք, ասենք, տուրիզմը՝ տուրիզմի հաջողությունները պայմանավորված են լինելու, թե ինչքանով է աշխարհը գնահատվում արդեն անվտանգ, և ինչքանով մարդկանց մոտ նորից ցանկություն կառաջանա, որ տեղափոխվեն, տեղաշարժվեն, և այդ դեպքում տուրիզմի օգնության ծրագրերն էլ այդ շրջանակում, դրանից կախված կլինեն»:

«Ճգնաժամից հետո լրիվ այլ վիճակում ենք դուրս գալու մենք, մենք լրիվ այլ մարդիկ ենք լինելու՝ որպես մարդ, և աշխարհն էլ է լինելու որպես աշխարհ այլ, և էդ տնտեսությունը, որը որ հիմա տնտեսագետների մոտ արդեն էդ խնդիրը բոլորիս մոտ դրված է՝ մենք ուզում ենք հասկանանք, թե ինչ տնտեսություն է լինելու աշխարհում: Պարզ է, որ էսպիսին չի կարող լինել, որովհետև էս տնտեսությունը ոնց որ թե կամ պատրաստ չէր՝ տեսեք՝ ինչ առումով պատրաստ չէր. մենք միշտ վերաբերվում էինք առողջապահությանը մնացորդային սկզբունքով, երբ որ ասում էինք՝ առողջապահությանը պետք է 2 տոկոս համախառն ներքին արդյունքի հատկացումներ անել, դե ասում էին՝ «գիտե՞ք ինչ կա», երբ որ ասում էինք, որ պետք է ունենալ մի հատ մեծ առողջապահական իզոլացված տեղ, ասում էին՝ «դե լավ, ինչների՞ս է պետք», բայց պարզվում է՝ հիմա մենք պետք ունենք դրա», - շեշտեց Խաչատրյանը:

«Այսինքն, ես ուզում եմ ասել, որ էս մոտեցումներն էլ են փոխվելու, և տնտեսությունը այս տրամաբանությամբ է զարգանալու, և էդտեղ ավելի շատ գիտե՞ք ում է ուղղված լինելու էդ տնտեսությունը՝ բոլորիս անհատապես՝ մեր առողջությանը, մեր կրթությանը: Այ սա լինելու է արդեն համաշխարհային տնտեսության նոր տենդենց», - ամփոփեց տնտեսագետը: