Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի համոզմամբ, կորոնավիրուսի պատճառով պարապուրդի մատնված քաղաքացիներին պետք է վճարի ոչ թե գործատուն, այլ պետությունը:
Ըստ Ծառուկյանի, պետությունն է արտակարգ իրավիճակ հայտարարել, հետևաբար պետությունն էլ պարտավոր է վճարել:
«Ծառուկյանը պետություն չէ, Ծառուկյանը սեփականատեր է», - լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարը: - «Ես խի՞ պետք է վճարեմ: Պետությունը որոշել ա, արտակարգ վիճակ հայտարարել ա` պարտավոր ա: «Շանգրի Լա»-ի հարկերն պետք է պետություն վճարի, ժողովրդի աշխատավարձն էլ ինքը տա... Ծառուկյանը տվեց, հիմա եթե ունենք մենք յոթանասուն հազար փոքր ու միջին ձեռնարկություն, ամեն մեկի մոտ աշխատում ա 30-50 մարդ: Մարդի չի կարողանում ինքը ապրի... ու էդ մարդկանց գումարը պետք է ինքը տա: Ո՞նց ա տալու»:
Ծառուկյանը քննադատության ենթարկեց կառավարությանը տնտեսական ճգնաժամի հետևանքները կանխելու ուղղությամբ բավարար քայլեր չձեռնարկելու համար: Նա հիշեցրեց, թե դեռ երկու ամիս առաջ էր ասել, որ տնտեսական ճգնաժամի նախանշաններ կան և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, և եթե իր խոսքը լսած լինեին, այսօր այս իրավիճակը չէր լինի: Մինչդեռ տնտեսությունը, նրա ձևակերպմամբ` կանգնած է անդունդի եզրին, ու եթե խելամիտ քայլեր չկատարվեն, հետևանքներն անդառնալի են լինելու:
«Ազատության» դիտարկմանը, որ կառավարությունը հայտարարել է, որ 150 միլիարդ դրամ է տրամադրելու, Ծառուկյանն արձագանքեց. – «Ես ուզում եմ իմանամ որտե՞ղ ա տրամադրելու: Եթե էսօր ասում են 50 միլիոն դրամադրվելու ա 67 հազար ձեռնարկությունների, ամեն մի ձեռնարկությանը, եթե ես բաժանեմ հիսուն միլիոնը, հասնում ա 700 դոլար: 700 դոլարը, որ պետք է բաժանվի, ասենք, կոլեկտիվին` 30-50 հոգու, ամեն մեկին պետք է հասնի 5 հազար դրամ: Հինգ հազար դրամով մարդը մի ամիս ո՞նց ա աշխատելու...»
«Ազատության» հիշեցմանը, թե կառավարությունն ասում է, որ գործատուն էլ իր կողմից պետք է աջակցի, Ծառուկյանը հակադարձեց. – «Ես գործառուի ցավը տանեմ... ունի, ասենք, տասը օր տվեց... հետո օդի՞ց ա տալու: Էսօր ինչ կա չկա` հարկայինից սկսած, դրած, սաղի կաշիները քերթելով, բյուջեն լցնում են: Հունվար-փետրվար ամիսների 25 միլիարդ պակաս գումար ա էկել»:
Գագիկ Ծառուկյանը, ում ընտանիքին են պատկանում մի շարք բիզնեսներ, ընդգծում է, որ այն ձեռնարկությունները, որոնք այս օրերին չեն աշխատում, նրանց վարկային պարտավորությունները պետք է սառեցվեն, այլ ոչ թե ասեն, թե երեք ամիս հետո պետք է վճարեն: Բացի այդ, ըստ նրա, պետությունը պետք է վճարի նաև օրավարձով աշխատող և այսօր աշխատանքը կորցրած քաղաքացիներին. – «Տնտեսությունը այսօր անդունդի եզրին կանգնած ա, եթե խելացի քայլեր չկատարվեն, ուրեմն բոլորը թափվելու ա անդունդը, և դժվար է լինելու վերականգնել»:
Իշխանական «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանի խոսքով, ակնհայտ է, որ կորոնավիրուսը բացասաբար է անդրադառնալու տնտեսության վրա: Այդուհանդերձ, նա կարծում է, որ վաղաժամ է պետության ձեռնարկած քայլերը համարել բավարար կամ ոչ բավարար:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի պատճառով աշխատանքից զրկված քաղաքացիների աշխատավարձը վճարելու խնդրին, ապա, Տիգրանյանի փոխանցմամբ, կառավարությունը օրենսդրական փոփոխություններ է մշակել, որոնք թույլ կտան, որ գործատուն իր աշխատողներին տանը գտնվելու պարագայում վճարի նվազագույն աշխատավարձ, տվյալ դեպքում` 68 հազար դրամ: Ընդ որում, առաջիկայում ընդունվելիք օրենքը վերաբերելու է նաև մարտ ամսվա աշխատավարձերին. – «Այս օրենքը, եթե անգամ կընդունվի մեկ շաբաթ հետո, երկու շաբաթ հետո, միևնույն է տարածվելու է մարտի 16-ից ծագած հարաբերությունների վրա»:
Վերադառնալով ԲՀԿ ղեկավարի այսօրվա ճեպազրույցին` նշենք, որ Ծառուկյանը տեղեկացրեց, որ ինքը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հաշվեհամարին փոխանցել է 35 միլիոն դրամ` բուժվող հիվանդներին օգտնելու համար, ևս 10 միլիոն դրամ` բուժաշխատողներին պարգևատրելու համար:
Գագիկ Ծառուկյանը նաև ասաց. - «Քանի որ կա և Գյումրիում 20 հիվանդներ կորոնավիրուսով, այնտեղ փոխանցել ենք 10 միլիոն հիվանդների համար, 5 միլիոն էլ բուժաշխատողներին»:
Նկատենք, որ մինչև այս հայտարարությունը, տեղեկություն, որ Գյումրիում բուժվում են կորոնավիրուսով 20 հիվանդներ, պաշտոնապես չէր տրվել:
«Ազատության» հարցին ի պատասխան վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացրեց, որ Հայաստանի տարբեր քաղաքներում գործող ինֆեկցիոն հիվանդանոցներում կան վարակակիր քաղաքացիներ, որոնք ստանում են համապատասխան բուժում` առանց մանրամասնելու, թե կոնկրետ որ քաղաքում և քանի քաղաքացի: