Մատչելիության հղումներ

Միանվագ աջակցություն կտրվի մինչև մարտի 12-ն աշխատանք չունեցած կամ այն կորցրած ծնողների երեխաներին


Կառավարությունն այսօր հաստատեց սոցիալական աջակցության հերթական ծրագիրը: Ըստ դրա` մարտի 12-ի դրությամբ գրանցված աշխատանք չունեցող և նպաստ չստացող ծնողների մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխան 26 հազար 500 դրամի չափով միանվագ աջակցություն կստանա։

«Շահառու կարող են հանդիսանալ նաև բոլոր այն քաղաքացիները, որոնք մեր հայտարարած միջոցառումներից որևէ մեկից չեն կարող օգտվել, այսինքն` չեն համապատասխանում այդ չափանիշներին կամ եթե համապատասխանում են, ապա իրենք կարող են ընտրել այն միջոցառումը, որտեղ ավելի մեծ ֆինանսական աջակցություն է տրամադրվում»,- ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Ծրագրի շահառու դառնալու համար քաղաքացիները պետք է online.ssa.am կայքում ապրիլի 15-ից հետո դիմում գրեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացմամբ՝ այս աջակցությունից չեն օգտվի այն քաղաքացիները, որոնց եկամուտը հունվար-փետրվար ամիսներին ավելի քան 500 հազար դրամ է եղել։ Ասաց, որ գործադիրը հնարավորինս թիրախավորել է սոցիալապես անպաշտպան խավի երեխաներին։ Վարչապետը նաև նշեց, որ իրենք արձանագրել են, որ կառավարության ընդունած միջոցառումների հետ կապված արդարության խնդիրներ են առաջացել։

«Ութերորդ միջոցառման շրջանակներում մենք աջակցություն էինք ցուցաբերում տնտեսության ամենատուժած հատվածներում գրանցված աշխատողներին և անհատ ձեռներեցներին, և կարող էր ստացվել, որ չաշխատող ընտանիքը կամ աշխատող և գրանցված ընտանիքն ավելի շատ աջակցություն ստանար, քան պատշաճ ձևով աշխատանքը գրանցած և սահմանված կարգով պետությանը հարկեր վճարած ընտանիքները»,- նկատեց գործադիրի ղեկավարը:

Դրա համար էլ, ըստ Փաշինյանի, 1-ից ավելի ծրագրերի շահառու դարձած քաղաքացիներին հնարավորություն է տրվել ընտրել ծրագրերից մեկը.- «Եվ այսպիսով ուզում եմ արձանագրել, որ մենք արդեն 5 սոցիալական բնույթի միջոցառումներ ենք իրականացնում, որոնք համոզված եմ` 100 հազարավոր մեր հայրենակիցներին կօգնի այս ճգնաժամային իրավիճակը հաղթահարել»:

Բացի այսօր կառավարության կողմից ընդունած աջակցության ծրագիրը, սոցիալական աջակցության ևս 4 միջոցառում էլ կիրականացվի։ Օրինակ` գրանցված աշխատող ծնողները, որոնք աշխատանքը կորցրել են մարտի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, ամեն երեխայի համար 100 հազար դրամ գումար կստանան, նույն չափի օգնություն է նախատեսված նաև հղի կանանց համար։ Աջակցություն կստանան նաև համավարակի հետևանքով կորուստներ ունեցած ոլորտների աշխատակիցները։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթյանն այսօր ասուլիսի ընթացքում կրկին մանրամասնեց, թե խոսքը որ ոլորտներին մասին է.- «Խոսքը հյուրանոցային և հյուրատնային ծառայությունների, հանրային սննդի ծառայությունների, զբոսաշրջային ծառայությունների, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների, մանրածախ առևտրի ծառայությունների, այդ թվում` առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առքուվաճառքի գործունեություն իրականացնողների համար է»:

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման մյուս 4 աջակցության ծրագրերը տնտեսական բնույթ ունեն, տնտեսության վերականգման համար կառավարությունը առնվազն 150 միլիարդ դրամ է տրամադրելու։ Գործադիրի անդամները վարչապետին զեկուցեցին, որ արդեն շահառուները սկսել են դիմել՝ այդ ծրագրերից օգտվելու համար, մասնավորապես գյուղատնտեսական վարկերի 100-ից ավելի հայտ կա արդեն։ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի տեղեկացմամբ՝ դրանցից մեկը խոշոր ներդրման համար է.- «Շատ հետաքրքրական հայտ է, որովհետև խաղողագործության մեջ լրիվ նոր տարածքների վրա նոր ինվեստր է, որը ուզում է բավականին լուրջ ներդրումներ անել, ու դրա արդյունքը ստանալու է մի քանի տարի հետ: Դա նշանակում է հավատ դեպի մեր տնտեսությունը»:

Կառավարության նիստին նաև անդրադարձ եղավ տնտեսական ցուցանիշներին: Վարչապետը հայտարարեց, որ անցած տարի բյուջեի եկամուտներն առաջին եռամսյակի տվյալներով՝ գերակատարվել են 8.9 մլրդ դրամի չափով.- «Այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներին գերազանցում են 49,5 մլրդ դրամով կամ 16,5 տոկոսով»:

XS
SM
MD
LG