Նախարարը պնդում է` իշխանությունը քաղաքացիների անձնական տվյալները պահպանելու շարժառիթ չունի

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներում կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտել։ Այսօր` ավելի վաղ, նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրեց քննադատության արժանացած օրինագիծը, որով նախատեսվում է քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը հասանելի դարձնել՝ ելնելով կորոնավիրուսի տարածման դեմ կատարվող գործողությունների արդյունավետությունից։

Արդարադատության նախարարար Ռուստամ Բադասյանն այսօր կառավարությունում ասուլիսի ժամանակ ևս մեկ անգամ հայտարարեց՝ իրենց նպատակը կյանքեր փրկելն է.- «Նախ նաև տեխնիկապես հնարավոր չէ այն, ինչ որ կարգավորվում է նախագծով, տեխնիկապես հնարավորություն չի տալիս քաղաքացիների զանգերը գաղտնալսել կամ բովանդակությանն այլ կերպ ծանոթանալ` կլինեն դրանք կարճ հաղորդագրություններ, թե հեռախոսային զանգեր: Նպատակը բոլորովին այլ է, սա վերաբերում է միայն այնպիսի արտակարգ դրությանը, որը հայտարարվել է համաճարակի հիմքով, այսինքն` ցանկացած այլ հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում նման միջամտություններ քաղաքացիների հիմնական իրավունքներին և ազատություններին չեն նախատեսվում»:

Նախարարը նշեց՝ համակարգը գործելու է ավտոմատացված, աշխատելու է որոշակի բանաձևերի հիման վրա՝ գործի է դրվելու վարակակրի հետ շփված անձանց շղթան բացահայտելու սխեման.- «Եթե գոնե լինի մեկ զանգ և մեկ տեղակայման վայրի համընկնում, արդեն ԱԻՆ-ի աշխատակիցների կողմից կկատարվի զանգ: Բնականաբար, ավտոմատացված համակարգն արդեն չի գեներացնի բոլոր այն տվյալները, որտեղ տեղակայման վայրն ու զանգը չեն համապատասխանում իրար: Արդեն դա ռիսկի գործոն չի լինի: Եթե ես վարակակիր եմ և զանգել եմ Գյումրի թեկուզ 10 անգամ, թեկուզ 20 անգամ միևնույն կոնտակտին, դա ռիսկի գործոն չի, բայց եթե ես կարծում եմ, որ գոնե մի անգամ զանգել եմ մեկ անձի, և հետո կամ միաժամանակ կա տեղակայման վայրի համընկնում, արդեն համապատասխան զանգը, այսինքն` դա չի նշանակում միանգամից մեկուսացվել: ԱԻՆ-ի աշխատողի կողմից կիրականացվի զանգ, կճշտվեն լրացուցիչ հանգամանքներ, և դրա հիման վրա որոշում կկայացվի»:

Նախարարն ասաց՝ Արդարադատության նախարարության կողմից կառավարության որոշում է մշակվում՝ օրենքից բխող հարցերը կարգավորելու համար։ Ստացված տվյալները հասանելի չեն լինելու օտարերկրյա ընկերությունների համար։ Նախարարն ասաց՝ այն մասնագետները, ովքեր այս համակարգում աշխատելու են, համաձայնագիր են կնքելու հավաքագրված տեղեկատվությունը չբացահայտելու մասին։ Սահմանափակ թվով մասնագետներ են տեսնելու առաջնային ինֆորմացիան, որը հետո փոխանցվելու է ԱԻՆ-ին և ոստիկանությանը, որոնք էլ զբաղվելու են քաղաքացիների մեկուսացման աշխատանքները կազմակերպելով.- «Եվ քաղաքացիների հետ աշխատանքով մեկուսացման, ինքնամեկուսացման աշխատանքներ կատարել»:

Բադասյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչ պետք է արվի, օրինակ, սուպերմարկետում շփված, բայց միմյանց հետ հեռախոսով չհաղորդակցված քաղաքացիների դեպքում, պատասխանեց.- «Սուպերմարկետում եթե մարդիկ չեն զանգել, բայց հանդիպել են իրար, կան արդեն այլ կիրառված սահմանափակման միջոցներ, որ միաժամանակ անձանց ներկայություն այդ սուպերմարկետում, նաև ընկերություններ կան, որոնց նկատմամբ պատասխանատվության միջոցներ են կիրառվել, այսինքն` տարբեր կանոնների մասին ենք խոսում, իսկ ինչ վերաբերում է նրան, որ կարող է զանգած լինի, բայց չհանդիպի, դա արդեն ավտոմատացված համակարգի համար այդ տեղեկությունը որևէ հետաքրքրություն չի ներկայացնում»:

Օրենքով պետական մարմիններին է փոխանցվելու մեկ այլ քաղաքացու զանգահարողի հեռախոսահամարը, գտնվելու վայրը, նույնը՝ զանգ ստացողի դեպքում։ Օրենքը, սակայն, արգելում է զանգերի և նամակների բովանդակությունը հավաքագրել և դրանք փոխանցել ինչպես պետական, այնպես էլ այլ մարմինների, դրա համար նախատեսվում է պատասխանատվություն։ Բուժաշխատողներն, իրենց հերթին, պարտավոր են պետական մարմիններին տրամադրել թեստավորված, վարակակիր, հիվանդության ախտանշաններ ունեցող, հիվանդացած, բուժվող և նրանց հետ շփում ունեցած մարդկանց ընդհուպ բժշկական գաղտնիք պարունակող տվյալները։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց՝ արտակարգ դրությունից հետո ողջ տվյալները կոչնչացվեն: Օրենքը խախտողներն էլ կենթարկվեն պատասխանատվության։ Իշխանությունը որևէ շարժառիթ չունի դրանք պահելու, իրավապահների համար դրանք որևէ հետաքրքրություն չեն ներկայացնում։

«Ազատության» հարցին, թե եթե մինչև հիմա չեն պարզվել վարչապետին, ԱԱԾ պետին և ՀՔԾ պետին գաղտնալսողները, ինչպե՞ս է առանց խնդիրների ապահովվելու այս դեպքում ողջ այս գործընթացը, արդարադատության նախարարը պատասխանեց.- «Այս նախագծով նախատեսված տեղեկատվության փոխանցումը տեխնիկապես հնարավոր չի դարձնում որևէ կերպ խոսակցության բովանդակության հասանելիությունը»:

Նախարարը նաև անդրադարձավ պնդումներին, թե քաղաքացիները սովորական հեռախոսազանգի փոխարեն միմյանց հետ կհաղորդակցվեն մեսենջերով, վայբերով և այլ միջոցներով։ Կոչ արեց պահպանել սահմանափակման կանոնները.- «Օգնեք մեզ ընդամենը համաճարակի դեմ պայքարելու հարցում, խանգարելու, խոչընդոտելու և սեփական առողջությունը վտանգելու որևէ իմաստ չկա»:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը հարց է բարձրացնում` ինչո՞ւ արտակարգ դրության ավարտից մեկ ամիս անց պետք է տվյալները ոչնչացվեն։ Այս ամենը տեղին կլիներ, եթե զանգվածային թեստավորում անցկացվեր, պնդում է Դոյդոյանը։

«Ի՞նչն է այն անհրաժեշտությունը, որ եթե դու արդեն արտակարգ դրությունը համարել ես հանված, այսինքն` դրա անհրաժեշտությունն արդեն վերացել է, հետևաբար մեկ ամիս անձնավորված տվյալների պահպանությունն ուղղակիորեն հակասության մեջ է մտնում մեր սահմանադրական իրավունքի հետ: Արդեն իսկ որոշակիորեն զիջում կա` մենք ասում ենք` շատ լավ, եկեք հսկեք, եթե դա անհրաժեշտ է էպիդեմիայի կանխման համար, բայց մյուս կողմից` շատ անտրամաբանական է, թե մի ամիս ինչ են անելու այդ տվյալների հետ, այն ինչը հնարավոր չի անել, օրինակ, առավելագույնը տասնօրյա ժամկետում»,- նկատեց Դոյդոյանը: