Մատչելիության հղումներ

Քաղաքացիների տեղաշարժը, հեռախոսազանգերի շրջանակը հասանելի դարձնելու նախագիծն ընդունվեց


Կորոնավիրուսով վարակվածների շրջանակը պարզելու համար կառավարությունն առաջարկում է հասանելի դարձնել քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը։

Արտակարգ դրության օրենքում փոփոխությունների այս նախագիծն Ազգային ժողովում այսօր կրքեր բորբոքեց։

«Պարո՛ն նախարար, հետ տարեք այս նախագիծը: Ես ուզում եմ ասել, որ Դուք աննպատակ, անիմաստ գործ եք անելու. այն հսկայական ռեսուրսները, որ Դուք ծախսելու եք մեզ տեղորոշելու համար, ծախսեք սահմաններին` Հայաստանի բոլոր մուտքերին թեստեր դնելու համար», - ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասնեց՝ ստեղծվելիք կենտրոնում կհավաքագրվեն բոլոր բաժանորդների տվյալները, սակայն կվերահսկեն ու կվերլուծեն վարակվածի և նրա հետ կոնտակտ ունեցած անձանց տեղաշարժը. - «Եթե ես ընդամենը տեղորոշումը ֆիքսեմ, պատկերացնենք` ես եմ վարակակիրը, ես վարակը պոտենցիալ կոնտակտավոր 10 հոգի կա, որոնց փոխանցել եմ, բայց եթե ես չունեմ զանգը, որ ես կատարել եմ զանգը, այսինքն` «պիկ դատա» կոչվածը, որ հավաքվում է մի տեղ, ես ինչպե՞ս եմ որոշելու կոնտակտավոր անձանց, որպեսզի կոնտակտավոր անձանց տեղորոշումը ստուգեմ, չէ՞ որ դա մեծ բազա է, բայց այդ բազայում եթե ես կապերը չեմ տեսնում վարակակրի և կոնտակտավորի, չեմ կարող նաև իրենց լոկացիան արդեն տեսնել, որովհետև ես չգիտեմ` ինքն ում հետ է շփվել»:

Նախագծի վերաբերյալ վերապահում ունեին նաև իշխանական պատգամավորները: Սմարտֆոն հեռախոսների միջոցով մարդկանց տեղաշարժը հետևելը հասկանալի է` վարակակրին տեղորոշելու և շփման շրջանակը պարզելու համար, իսկ ի՞նչ է տալու հեռախոսազանգերի և sms հաղորդագրությունների հետքերով գնալը: Այս հարցը մտահոգում էր նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին. - «Ինձ, օրինակ, գուցե նաև գործընկերներիս հասկանալի չէ, թե ինչ է տալու պետությանը տվյալը, տեղեկատվությունը, թե երկու մարդ` մեկը` Նորքի Մասիվից, մեկը` Հարավ-արևմտյան թաղամասից, երբ և քանի անգամ են իրար հետ հեռախոսով խոսել: Ինձ մոտ տպավորություն մնաց, որ այս մի նախատեսվող միջոցառումը գուցե և ավելորդ լինի»:

Իշխանական պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն էլ չխնայեց կառավարությանը:

«Նախագիծը համաճարակի վերահսկման տեսանկյունից զրոյական նշանակություն ունի», - քննադատեց պատգամավորը. - «Օրինակ` ես օրական խոսում եմ 30-40 հոգու հետ, բայց կարող է չհանդիպեմ նրանցից որևիցե մեկի հետ այդ օրվա ընթացքում կամ ընդհանրապես չհանդիպեմ, և այստեղ անհասկանալի է, թե սա ինչպես է նպաստելու կոնտակտավորի հայտնաբերմանը: Էպիդեմիոլոգիական շղթան կամ կոնտակտավորներին հայտնաբերելու տեսակետից սա, վստահեցնում եմ ձեզ, զրոյական էֆեկտ ունի»:

Քաղաքացիների կապերի ու շփման շրջանակի վերաբերյալ հավաքագրված անձնական տվյալներն ինչ նպատակներով են օգտագործվելու արտակարգ դրությունից հետո, այս հարցով մտահոգված էին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները` արդյո՞ք հետագայում դրանք քաղաքացիների դեմ չեն օգտագործվի, առավել ևս, որ նախագծում նշված է` մշակված անձնավորված տվյալները ոչնչացնելու պահանջն արգելք չէ` ապանձնավորված վիճակագրական տվյալներ պահպանելու և օգտագործելու համար:

«Ոչնչացումը, քանի որ պատկերացնում ենք` խոսքը ծրագրի մասին է, այն մարմինը, ով հավաքում է, ինքն էլ ոչնչացնելու է, եթե նույնիսկ այլ մարմնի վերապահենք վերահսկողական ֆունկցիա, ակնհայտ է չէ՞, որ այդ ծրագրից պետք է հասկանալ, որպեսզի այս ծրագրի մեջի ինֆորմացիան պետք է ջնջվի: Ամեն դեպքում կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի այդ անձնական տվյալների ոչնչացմանը լուրջ ուշադրություն դարձնի, որ դա իրականում ոչնչացվի», - ասաց Ռուստամ Բադասյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը իշխանության վերնախավի օրինակով հիմնավորեց, թե ինչու այս նախագիծը վստահություն չի ներշնչում: Բացի այդ, ըստ պատգամավորի` համաճարակի կանխարգելման համար սա ուշացած քայլ է. - «Երբ հարց կբացվի, որ բա չեք վստահում, բա վստահության հարց է, դա ի չարս չի օգտագործվի, վստահեք, գիտեք` ամբողջ կառավարությունը, ամբողջ իշխող խմբակցությունը, բոլորն ունեն Signal, Viber, WhatsApp ծրագրերը և դրանով են երկրի ներսում խոսում, ինչո՞ւ, բա դուք չե՞ք վստահում ձեր համակարգերին, ինչո՞ւ եք այդ համակարգերով խոսում», - ասաց Մարուքյանը:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների այս նախագիծն Ազգային ժողովում ընդունվեց միայն իշխող խմբակցության ձայներով` 57 կողմով: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները դեմ քվեարկեցին:

«Մենք դեմ ենք մեր ազատությունները զիջելուն», - հայտարարեց Մարուքյանը:

«Ամենամեծ ռիսկն այս դահլիճում է այսօր` 132 պատգամավոր` ժամերով փակված մի տեղ: Այս նախագիծն առավել մեծ պրոբլեմներ է առաջացնելու, և ուղղակի չի կարելի կարևոր գործերը թողած թիթեռ նկարել», - հավելեց Նաիրա Զոհրաբյանը:

88 պատգամավոր ունեցող «Իմ քայլը» 57 ձայնով նախագիծն ընդունեց: Խոստացան մինչև երկրորդ ընթերցում առաջարկներ անել հավաքագրված տվյալների ոչնչացման և վերահսկողական գործիքներն ուժեղացնելու առումով:

XS
SM
MD
LG