Մատչելիության հղումներ

«Սա հետևելու մեխանիզմ է՝ ոնց ուզում եք կոչեք». տեղեկատվական անվտանգության փորձագետը՝ ԱԺ-ում ընդունված նախագծի մասին


Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյան, արխիվ
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյան, արխիվ

Կառավարության առաջարկը, որով պետությունը կորոնավիրուսի համաճարակի հետևանքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում կարող է կապի օպերատորներից պահանջել ու ստանալ բաժանորդների տեղաշարժի, նրանց հեռախոսազանգերի մասին տվյալներն ու պարզել հաղորդակիցների շրջանակը, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն անհասկանալի է համարում: Ասում է՝ պարզ չէ, թե որքանով է այս գործընթացը վերահսկելի լինելու:

«Որովհետև մեր երկրում, փաստացի, մինչև էս ամենը մեխանիզմներ չկային այսպես մասշտաբային մարդկանց հետևելու, որովհետև սա հետևելու մեխանիզմ է՝ հիմա ոնց ուզում եք կոչեք: Այնպես որ, առաջանում է մի քանի հարց. հարց ա)` համաչափությունն է, որը, ես համոզված եմ, որ հեռախոսազանգերի տվյալների հավաքագրումը, այսօր ինձ դժվար ինչ-որ մեկը կարողանա բացատրել, թե նրա ինչին է պետք մարդու կապերը, օրինակ՝ վարակվածը ունեցել է այսինչի հետ կապ, այնինչի հետ կապ, դժվար թե հեռախոսազանգերով հնարավոր լինի պարզել, բայց շատ սիրուն կարելի է պարզել՝ որ ընդդիմադիր որ ակտիվիստի հետ շփում ունի, և այլն: Մյուս կարևոր բանը՝ թե ինչի համար են օգտագործվելու այս տվյալները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:

Մասնագետը հետաքրքրվում է՝ ո՞վ է վերահսկելու գործընթացը, և հետագայում էլ ո՞վ է վերահսկելու արդեն իսկ վերահսկվածը. - «Երբ որ արտակարգ դրությունը կավարտվի, ո՞վ է ստուգելու, որ էդ տվյալները իսկապես վերացված են, ո՞վ է ստուգելու, որ ավելորդ տվյալ չի քաղվել, և այլն»:

Սամվել Մարտիրոսյանն առաջարկում է նաև մեխանիզմ «բոլորի վերահսկողության». - «Եվ այստեղ, ա), արդյունավետության հարց է: Չպետք է ապավինել Կառավարության բարոյական վեհությանը, պետք է լինեն մեխանիզմներ, որոնք թույլ կտան վերահսկել էն, ինչ որ կատարվում է, հետո՞ ինչ, որ արտակարգ դրություն: Եվ երրորդը՝ որպեսզի մենք համոզված լինենք, որ տվյալները նաև պատշաճ կերպով պաշտպանված են, որովհետև Հայաստանը չունի փորձ էս մասշտաբի տվյալների հավաքագրում՝ օնլայն ռեժիմով, և անալիզի ենթարկում: Դա նշանակում է, որ կա հնարավորություն, որ տվյալների արտահոսք կարող է լինել, և սա կարևոր է, որպեսզի մենք ունենանք բացատրություններ՝ ո՞նց է պահվելու, ո՞վ է այս տվյալները պահելու, արդյո՞ք ինքը պատրաստ է ապահովելու անվտանգությունը տվյալ տվյալների»:

Ընդդիմադիրների քննադատությանն արժանացած Կառավարության այս առաջարկի վերաբերյալ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց՝ իրենց մշակած նախագիծը չի ենթադրում որևէ խոսակցության ձայնագրում կամ որևէ այլ բովանդակության բացահայտում:

Նախագիծը երեկ Ազգային ժողովում ընդունվեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության 57 պատգամավորների «կողմ» ձայներով: Ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստան»-ն ու «Լուսավոր Հայաստան»-ը դեմ քվեարկեցին:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ նախագիծը մինչև երկրորդ ընթերցում կլրամշակվի:

XS
SM
MD
LG