Մատչելիության հղումներ

ԱԺ-ն չընդունեց քաղաքացիների տեղաշարժը, հեռախոսազանգերի շրջանակը հասանելի դարձնելու նախագիծը


Կորոնավիրուսով վարակվածների շրջանակը պարզելու համար կառավարության առաջարկած խնդրահարույց նախագիծը, որով հասանելի էին դառնալու քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը, չընդունվեց։

65 կողմ ձայնը բավարար չէր, ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը՝ բոյկոտեց։

Խորհրդարանում փաստաթուղթն այսօր քննարկվում էր երկրորդ ընթերցմամբ։

Նախքան քվեարկությունը նախագծին ընդդիմացող «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ արեց «Բարգավաճ Հայաստան»-ին չմասնակցել քվեարկությանը՝ այն տապալելու համար։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն արդեն քվեարկությունից հետո բավական կոշտ գնահատական տվեց ընդդիմության, իր ձևակերպմամբ, կրավորական կեցվածքին:

«Ուզում եմ հիշեցնել, որ այստեղ հնչեցին մեր ընդդիմադիր գործընկերների կողմից այնպիսի հայտարարություններ, որոնք ասում էին, որ չեն հասցնում ոստիկանները, չեն հասցնում բուժաշխատողները, և մեր կողմից հնչեց առաջարկ՝ կանգնեցնելու, դանդաղեցնելու այդ գործընթացը, որպեսզի մեր բուժհամակարգը չպարալիզացվի: Ըստ էության, այսօր ընդդիմությունը իր նման կրավորական կեցվածքով նպաստում է նրան, որպեսզի բուժհամակարգը պարալիզացվի», - նշեց Մակունցը:

Կրքեր բորբոքած այս նախագծին օրենք դառնալու համար չհերիքեց ընդամենը երկու ձայն։ Խմբակցության ղեկավար Մակունցն արդեն լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրենց պատգամավորների մի մասն Արցախում է, մյուսը՝ ինքնամեկուսացման մեջ, չբացառեց՝ ակնկալում էին՝ այդ երկու ձայնը ստանալ ընդդիմությունից։

«Եղել են տարբեր իրավիճակներ, երբ մենք այնուամենայնիվ կարողացել ենք համոզել ընդդիմությանը կամ գոնե ընդդիմության առանձին պատգամավորների, ինչպես եղավ, օրինակ, Արման Բաբաջանյանի դեպքում: Ամեն դեպքում, խոսքը պարզապես իրավական նորմերի մասին չէ, կա նաև մարդկային և հումանիտար բաղադրիչ: Անձամբ ես մտածում եմ, որ այս դեպքերում շատ հարցեր երկրորդ պլան են մղվում», - ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը համադարձում է Մակունցին՝ օրինագիծը տապալողն իրենք չէին և պետք չէ թողնել դա ընդդիմության խղճին։

«Մենք ի՞նչ կապ ունենք, մեր հույսո՞վ են իրենք նախագիծ բերում, որ անցկացնենք, իշխանությունն ընդդիմության հույսով է նախագիծ բերում: Մենք ի սկզբանե ասել ենք, որ դեմ ենք, ավելին, իշխանության շատ պատգամավորներ երեկ իրենք արտահայտեցին իրենց բացասական դիրքորոշումն այս նախագծի վերաբերյալ: Այսօր մենք չմասնակցեցինք ընտրությանը, իշխանության եղած պատգամավորները կողմ քվեարկեցին, ընդամենը սա է իրավիճակը, այստեղ որևէ այլ բան պետք չէ երևակայել: Կարելի է ընդամենը սեփական խմբակցության պատգամավորներին հրավիրել աշխատանքի», - ասաց Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ՝ 88 ձայնով ընդունել էր Արդարադատության նախարարության հեղինակած աղմկահարույց նախագիծը։

Այսօր առավոտից մեկնարկած քննարկումներն արդեն լրամշակված փաստաթղթի շուրջ նորից թեժ էին։ Թեպետ նախագծի հեղինակները պնդում են, որ արտակարգ դրության ավարտից հետո հավաքագրված անգամ ապանձնային տվյալները ոչնչացվելու են, սա միջոց է կյանքեր փրկելու համար, միևնույն է ընդդիմադիրները հակադարձում են՝ սա խնդրին համաչափ լուծում չէ:

Նախագծի վերաբերյալ վերապահում ունեն նաև իշխանական պատգամավորները. թե՛ երեկ, թե՛ այսօր նրանից մի քանիսը չմասնակցեց քվեարկությանը։

Այսօր նրանք երեքն էին՝ Աննա Կարապետյանը, Արտաշես Պետրսյանը և Վահե Հովհաննիսյանը: «Ազատության» հետ զրույցում Վահե Հովհաննիսյանն ասաց, որ նիստի ընթացքում ինքնազգացողությունը վատթարացել է, այժմ ինքնամեկուսացել է: Պետրոսյանի խոսքով էլ՝ անձնական նպատակներով դուրս էր եկել և չի հարցրել վերադառնալ քվեարկության: Աննա Կարապետյանի հետ կապ հաստատել չհաջողվեց:

Այսօր ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ հեռարձակմամբ ափսոսանք հայտնեց նախագծի տապալման համար: Վարչապետի խոսքով՝ սահմանափակումների մասին նախագիծը քաղաքական ենթատեքստ չունի, հիմա կառավարությունն այլ եղանակ է փնտրում այն նորից խորհրդարան բերելու համար:

Ի դեպ, րոպեներ անց հայտնի դարձավ, որ խորհրդարանում կրկին արտահերթ նիստ է հրավիրվում՝ քաղաքացիների տեղաշարժը, հեռախոսազանգերի շրջանակը հասանելի դարձնելու նախագիծը քննարկելու համար։

XS
SM
MD
LG