«Տանը մնա» կարգախոսին ոչ բոլորն են հետևում։ Եթե շատերը տնից դուրս են գալիս առօրյա գնումների համար, մայրաքաղաքի Մալաթիա Սեբաստիա համայնքի բակերից մեկում տարեցները առանց վարակից վախենալու միմյանց հետ էին շփվում զրուցարանում։
«Թողում են, որ տանը մնանք: Տնից վռնդել են», - «Ազատության» հետ զրույցում ասում են նրանք ու հավելում. - «Տանեցիք ասում են` գնացեք դուրս, որ հանկարծ չհիվանդանանք: Ո՞նց կարանք դրսում հիվանդանանք, սաղ էլ կերած-խմած տղերք ենք, տանը սկվազնյակա, բան»:
Պաշտպանիչ միջոցն էլ օղին է, ինչից հետո, համոզված են, որևէ վիրուս իրենց չի դիպչի. - «Արաղով լվացվում ենք, արաղով ներսն ենք լվանում, դրա համար էլ չենք հիվանդանում: Ես անշառ մարդ եմ, ինձի չի կպնի»:
Տարեցներից մեկն էլ, հետևելով կառավարության պահանջներից միայն մեկին, անձնագրով էր բակ իջել. - «Տեղաշարժման թերթիկի կարիք չկա: Ամեն օր, այո, իջնում ենք դուրս, մի ժամով օդափոխվում ենք, բարձրանում ենք վերև` տուն: Անձնագիրը գրպանումս է, էս էլ մեր հայաթն է, էն թուղթը, հենա մեր տունը` 2 մետրի վրա, թուղթը լրացնեմ, գամ, էստեղ նստեմ, ի՞նչ անեմ: Մեր ազգը չի վարակվի, ցավդ տանեմ»:
Անգամ 3 մահվան դեպքերը այս տարեցներին տանը չեն պահում, վիրուսի ցուցանիշով առաջին շարքերում գտնվող երկրներից եկող վատ լուրերը իրենց համար չեն. - «75 տարեկանում մարդը մահացել է, ասում են` կորոնավիրուսից է: Տո 55-ն էլ ա, 50-ն անցավ, իրավունք ունի մահանալու: Ես 56 տարեկան տղա եմ, հիմա էլ մահանամ, ոչինչ... Չեմ վարակի ուրիշին, էս ազգին վարակ չի կպչի»:
Մալաթիայի գյուղատնտեսական շուկայում ևս հանդիպեցինք համարձակների, որ սոցիալական հեռավորությունը չպահպանած՝ առևտուր էին անում։ Կորոնավիրուսից չեն վախենում նաև որոշ առևտրականներ՝ դիմակն ու ձեռնոցները մի կողմ դրած՝ սպասարկում էին գնորդներին։
«Ձեռներիս էր, նոր հանեցի: Վախենում ենք, բա ի՞նչ ենք անում, ձեռնոց էլ, ամեն ինչ էլ ունեմ, բայց որ գործ եմ անում, սերմեր եմ լցնում, դրա համար չեմ կարում ձեռնոցով աշխատեմ», - ասում է առևտրական կանանցից մեկը:
Անվախներին անգամ չեն զգոնացնում հարևան վաճառողների պաշտպանական միջոցառումները. - «Աշխարհի առողջն ենք, չմտածես»:
Դիտարկմանը, որ միգուցե դիմացինն է թույլ իմունիտետով, կինն արձագանքում է. - «Ջանդ սաղ ըլնի, գնա, տենց բաներ չկան»:
«Ամեն փող վերցնելուց հետո, որ փողը վերցնում ենք, հետո լվանում ենք անպայման, կոպեկները ախտահանում ենք, լվանում ենք», - ասում են նրանք:
Այս կանանց հարևանությամբ Գավառի կարտոֆիլ է վաճառում Քաջիկ Պետրոսյանը։ Եկել, մնացել է Երևանում. - «Էս բանը որ եղել է, կորոնտինի մեջ եմ, էստեղ եմ էլի: Աղջկաս տունն եմ ապրում»:
Բուժքույր կին ունեցող Քաջիկը հետևում է վիրուսից պաշտպանվելու կանոններին։ Հպարտությամբ է ցույց տալիս այս օրերին Գավառի հիվանդանոցում աշխատող կնոջ լուսանկարը։
Մալաթիայի շուկայից հեռու՝ Գարեգին Նժդեհի հրապարակում, ակտիվ անցուդարձ է։ Փողոցում եփած սուրճը վաճառող 70-ամյա Շողիկը դժգոհում է հաճախորդների պակասից. - «Չեմ կարում ձեռնոցով, ես ամբողջ ձմեռը ձեռնոցով չեմ կարում աշխատեմ: Ամեն օր դուրս եմ գալիս, երեկ ամբողջ օրը 500 դրամի սուրճ չեմ կարողացել վաճառել, որ մի հատ հաց առնեմ, տուն տանեմ: Օրական (նախկինում- հեղ.) աշխատել եմ 3000, 4000, 5000»:
Ասում է` դրսում եփած սուրճ խմելուց իր հաճախորդները չեն զգուշանում հիմա ևս. - «Ես փակում եմ, իմ մշտական խմողները գիտեն, ճանաչում են, ես 30 տարի դրսում եմ եղել, իրենց համար սուրճ եմ վաճառել»:
Մինչ ոմանք թերահավատորեն են վերաբերվում ողջ աշխարհի առօրյան կաթվածահար արած և այսօրվա դրությամբ 35 հազար մարդու կյանք խլած կորոնավիրուսին, Շենգավիթի «Լիլիթ» համատիրությունը մարտի 1-ից ախտահանում է շենքերի մուտքերը. - «Երեքօրյա տարբերությամբ ախտահանում ենք բոլորի մոտ և երեքհարկանիների մոտ, այսինքն` ես 2 հատ ունեմ բարձրահարկ շենք, մնացածը` 3, 4 և 5 հարկանիներ, բաժանված է գրաֆիկի, երեքօրյա ընդմիջումներով ես կատարում եմ ախտահանման աշխատանքները: Իհարկե, վարչական շրջանը մեզ օգնում է նյութերով, և մենք կատարում ենք մեր աշխատանքները»:
Պաշտպանական միջոցներով, լրացված թղթերով կամ էլ առանց այս միջոցների մարդիկ դուրս են գալիս տներից՝ գնումների՝ երբեմն չպահպանելով սոցիալական հեռավորությունը։
«Դե ես ուղղակի երեկոյան տնից դուրս չէի եկել, մինչև էտ որ դուրս եմ եկել, չէի գրել, կողքի փողոցում եմ ապրում, պիտի դեղատուն մտնեի ուղղակի», - ասում է անցորդներից մեկը:
Մյուսն էլ ասում է` դիմակ կրում է, թեկուզ լսել է, որ այդքան էլ արդյունավետ չէ. - «Ակնոցն էլ դրել եմ, որովհետև ասում ա` աչքերի միջոցով էլ ա անցնում: Սա աշխատանքի ակնոց է, օպտիկական չի... Ուղղակի անհրաժեշտության կար գնումների»:
Կանգառներում ևս քիչ չեն առանց դիմակի և ձեռնոցների տրանսպորտից օգտվողները։ Դիմակը կա՛մ հարմար չէ, կա՛մ էլ չի պաշտպանում վիրուսից, համոզված են. - «Ես չեմ կարծում, որ դիմակ պետք է հագնել: Ես հագել եմ դիմակ, բայց շնչառությունս լավ չի լինում, երկրորդ` որ միկրոբը նստի դիմակի վրա, նորից այդ դիմակը պիտի հագնեմ, նորից կարող ա վարակվեմ: Ես չեմ վախենում, если честно, это зависит от организма»:
Ոստիկանության տվյալներով` մարտի 24-ից մինչև մարտի 29-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 2794 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Ընդհանուր առմամբ՝ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց սկսած մինչև մարտի 29-ի ժամը 21-ը հայտնաբերվել է 2213 տրանսպորտային միջոց, որում երկուսից ավելի մարդ է եղել։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 53 վարորդի նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։