Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 235-ի. սահմանափակումներն առնվազն մեկ շաբաթով խստացվում են


Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը երկուշաբթի օրն ավելացել է ևս 41-ով, ինչով ընդհանուր թիվը հասավ 231-ի: Այս մասին կեսգիշերից քիչ անց ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ առաջիկա մեկ շաբաթում կխստացվեն կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները:

«Այսօր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ աշխարհում պանդեմիան կորոնավիրուսի նոր թափ է հավաքում, և, ցավոք, մենք դրա որոշ արդյունքներ տեսնում ենք նաև Հայաստանի Հանրապետությունում», - ասաց վարչապետը:

«Այսօրվա ընթացքում, կարող եմ ասել, որ մենք նույնպես անհանգստացնող որոշակի ցուցանիշներ ենք ստացել՝ այսօր 41 նոր դեպք ունենք հաստատված, ընդ որում՝ այս դեպքերի ծավալը և աշխարհագրությունը որոշակի անհանգստություններ է առաջացնում. Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում է հայտնաբերվել վարակի դեպք, Երևանի արտադրական ձեռնակություններից մեկում է հայտնաբերվել վարակի դեպք Էրեբունի համայնքի: Եվ մենք այս պայմաններում պիտի մի պահ, մի շաբաթով, նախնական տվյալներով, ավելի ընդարձակ սահմանափակող միջոցներ ձեռնարկենք, որպեսզի կարողանանք վիրուսի հետագա տարածումը կանխարգելել, - հայտարարեց Փաշինյանը:

Ընդհանուր առմամբ, ըստ վարչապետի, «կորոնավիրուսի պոզիտիվ ախտորոշմամբ 235 անձանցից 26-ը ունեն թոքաբորբ այս պահին, բայց նրանց վիճակը, էսպես ասած, վերահսկելի է»: «Կարող ենք արձանագրել, որ, ինչպես և նախկինում, մեծ մասը մեր ախտորոշվածների ջերմություն չունի, 37-38 աստիճան ջերմություն ունեն 37 հոգի, 38-39 աստիճան՝ 6 հոգի, 39-ից բարձր ջերմություն ունի այս պահի դրությամբ մեկ հոգի», - փոխանցեց Փաշինյանը:

Այս պայմաններում, վարչապետի խոսքով, «անհրաժեշտ է ավելի խիստ սահմանափակումներ մտցնել և ավելի խիստ ձևով մոտենալ արգելքներին»: «Մասնավորապես, վաղվանից կարգելվեն բոլոր տեսակի ռեստորանների և սրճարանների գործունեությունը, իհարկե՝ բացառություն կանենք առաքման ծառայությունների համար, պետք է արձանագրել, որ շինարարական աշխատանքները որոշակի կդադարեն, կդադարեն նաև տեքստիլ արտադրական ձեռնարկությունները, թեթև արդյունաբերության մի շարք ճյուղերի գործունեությունը կդադարի», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, կշարունակվի սննդի արտադրությունը, խանութները, մթերային խանութները կաշխատեն սովորական ռեժիմով, և դուք բոլորդ, սիրելի հայրենակիցներ, հնարավորություն կունենաք իրականացնել գնումներ սովորական ռեժիմով», - նշեց կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ առավոտյան պարետատունը կհրապարակի թույլատրվող գործունեության ամբողջական ցանկը, որից դուրս գործունեության մյուս տեսակները մեկ շաբաթով կարգելվեն, «մինչև մենք հասկանանք վիրուսի և համաճարակի հետագա վարքագիծը և միջոցներ ձեռնարկենք դրանց նկատմամբ վերահսկողությունը պահպանելու առումով»:

«Վաղը լավ լուրերի նույնպես սպասում ենք, մասնավորապես՝ մեր մեկուսացված քաղաքացիներից ավելի քան 70-ի մեկուսացման 14 օրը լրացել է, և մենք պետք է նրանց նորից թեստավորենք, և նախադրյալներ կան մտածելու, որ նրանց մեծ մասը բացասական կթեստավորվի և դրանից հետո նրանք կվերադառնան իրենց տները, իրենց առօրյա կյանքին», - հայտարարեց վարչապետը:

Փաշինյանը պարզաբանեց. - «Մեր այս ձեռնարկած միջոցները նպատակ ունեն, նախ, առավել ճշգրիտ հսկողություն սահմանել մեկուսացված և ինքնամեկուսացված անձանց վրա, որովհետև երբ որ վարակի դեպքերը շատանում են, մեզ հիմա հարկավոր են նոր ռեսուրսներ՝ նրանց հետ շփված անձանց շրջանակը պարզելու համար, այդ պարզված անձանց շրջանակը մեկուսացնելու համար, և այս ընթացքում ենք ուզում ենք հնարավորինս սահմանափակել քաղաքացիների տեղաշարժերը, որպեսզի վարակի նոր դեպքերի արձանագրումը հնարավորինս սահմանափակենք»:

Կորոնավիրուսի վարակի հետ կապված՝ մարտի 16-ից Հայաստանում մեկ ամսով հայտարարվել է արտակարգ դրություն:

Հիշեցնենք՝ մինչ այս պահը բուժվածների թիվը երկրում երկուսն է:

XS
SM
MD
LG