Այսօրվանից մեկ շաբաթով քաղաքացիները տնից պետք է դուրս գան միայն խիստ անհրաժեշտության դեպքում և այդ անհրաժեշտություն հիմնավորող ձևաթղթով:
Ըստ այսօրվանից գործող հատուկ ռեժիմի, տնից դուրս գալ կարող են այն մարդիկ, ովքեր աշխատանքի են պարետի ցուցումով չարգելված աշխատավայրերում: Կարելի է դուրս գալ, եթե բժշկի եք գնում, հրատապ գնումների կամ եթե ինչ-որ մեկը ձեր խնամքի կարիքն ունի:
Պարետը թույլ է տալիս նաև տնից ոչ հեռու սպորտով զբաղվել կամ հեծանիվ քշել, բայց օրվա մեջ միայն մեկ անգամ:
«Ազատության» փոքրիկ շրջայցից պարզ դարձավ, որ մայրաքաղաքի բնակիչների մի մասը ունեին նշված ձևաթղթերը, մյուս մասը դրանց մասին չէր լսել:
Մի տատիկ էլ պոլիկլինիկայի հիվանդության քարտով էր դուրս եկել փողոց ու վստահ էր, որ կանցնի․ - «Ստեղ կա մեջը»։
Հայաստանում այս պահին ինքնամեկուսացված են համարվում բոլոր քաղաքացիները՝ տնից դուրս գալու մի քանի բացառությունները չհաշված։ Կորոնավիրուսով վարակելու, ինչպես նաև մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում նախատեսված է վարչական կամ քրեական պատասխանատվության:
Օրվա առաջին կեսին առանց ձևաթղթի տնից դուրս եկած քաղաքացիների նկատմամբ իրավական որևէ գործընթաց չի իրականացվել: Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանի պարզաբանմամբ, մինչև ժամը 16-ը զբաղվելու են միայն բացատրական աշխատանքով. – «16:00-ից հետո ամբողջությամբ կկիրառենք օրենսդրությունը»:
Օրվա երկրորդ կեսից արդեն քաղաքացիների տնից (ինքնամեկուսացումից) դուրս գալու շարժառիթներով հետաքրքրվող ոստիկանների տեսանք։ Ով ձևաթուղթ չուներ, ստիպված բացում էր գնումների տոպրակը։
Հատուկ ռեժիմի շրջանակում անձնական օգտագործման մեքենաներում և տաքսիներում երկու հոգուց ավելի չպետք է լինի` ներառյալ վարորդը:
«92 հոգու մեքենաներից որպես երրորդ անձ մենք մեքենաներից դուրս ենք հրավիրել: Երկու ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի նկատմամբ ենք միջոց կիրառել», - տեղեկացրեց Մհրյանը:
Որոշ տաքսիստներ չգիտեն, որ մեկ ուղևորից ավելի չպետք է տեղափոխեն: Տեկեկանալուց հետո էլ համաձայն չէին․ - «Էդ ո՞վ ա ասել, որ մի հոգի պտի տեղափոխենք։ Ասենք դու քո ընտանիքի, քո էրեխեքի հետ նստել ես, չտեղափոխե՞մ»։
Քաղաքի բակերում լուռ է, աղմկող երեխաներ ու տարեցների խոսք ու զրույց չկա։