Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններն այսօր Պետաիրավական հարցերի հանձնաժողովի աշխատանքային քննարկմանը առաջարկներ են ներկայացրել երեկ առաջին ընթերցամբ ընդունված օրինագծի վերաբերյալ: Դրանք կքննարկվեն երկուշաբթի նախ Պետաիրավական հանձնաժողովի նիստում, ապա նույն օրը լրամշակված նախագիծը երկրորդ ընթերցում կանցնի նաև խորհրդարանի լիագումար նիստում:
Արտակարգ դրության պայմաններում մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջը խախտելու, նաև խուճապային տեղեկատվություն տարածելու դեպքում վարչական ու քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագծին ընդդիմադիր խմբակցությունները երեկ կողմ քվեարկեցին, սակայն նաև հայտարարեցին՝ մի քանի խնդրահարույց կետեր կան:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանն ասում է՝ օրինագիծը, որ երեկ երեկոյան դրվել է իրենց սեղանին, լի է անորոշություններով և կարող է տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տալ, իրենց առաջարկությունները միտված են այդ անորոշությունը վերացնելուն:
«Դրանք միտված են իրավական որոշակիությանը, այսինքն՝ երբ որ գրված է «զանգվածային հիվանդացում», օրինակ, ի՞նչ է նշանակում «զանգվածային», քա՞նի հոգու պիտի հիվանդացնի, որ համարվի զանգվածային, կամ՝ հինգ տարի սանկցիան, կամ՝ սանկցիաների այլընտրանք չթողնելը, կամ՝ մամուլի սահմանափակումների հետ կապված, այսինքն՝ էս բոլոր ուղղություններով առաջարկներ ունենք», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը՝ շարունակելով. - «Հում նախագիծ է բերվել խորհրդարան, որը զեկուցում է փոխնախարար՝ գիշերվա կեսին, և, կարծում եմ, պետք է նախարարը ներկայանար: Ամեն դեպքում, բարձրաձայնել ենք, և իրենք էլ, գիտակցելով, տեսնելով, որ հում նախագիծ է, շատ կառուցողական էին: Հիմա տեսնենք ինչ կլինի»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկների վրա աշխատել է երեկ մինչև ուշ գիշեր, ձևակերպել են 4-5 առաջարկներ, որոնց հիմնական իմաստը դարձյալ օրինագծի որոշակիությունն ապահովելն է։ Խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասում է՝ օրինագծում փոփոխություններ անելու հետ նաև առաջարկել են նախագծի տարբեր հատվածներ ավելի պարզաբանված շարադրել:
«Յուրաքանչյուր քայլ, որը կապահովի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը, յուրաքանչյուր խստացում՝ արդարացված է: Բայց խստացումը պետք է լինի անպայման տրամաբանական, և խստացումը պետք է լինի հստակ: Երեկվա ներկայացված նախագծի մեջ, ըստ մեր տեսլականի, գոյություն ուներ շատ կարևոր մի խնդիր, որը կանվանենք ոչ հստակ և, ինչու ոչ, լղոզված ձևակերպումներ», - «Ազատության» հետ զրույցում նշեց Աբովյանը:
Ըստ ընդդիմադիրների՝ չափազանց խիստ է նաև Քրեական օրենսգրքի լրացումը, որով 300-500 հազար դրամ տուգանքի ու եռամսյա կալանքի կողքին առաջարկվում է նաև մինչև 5 տարվա ազատազրկում սահմանել մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտողների համար, եթե դա անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում:
Էդմոն Մարուքյանն ասում է՝ 5 տարվա պատժաչափը պետք է իջեցնել ու պարզաբանել՝ ինչ է ենթադրում ինքնամեկուսացումը, կամ քանի հոգուն վարակելն է համարվում զանգվածային հիվանդացում։ Կարևոր է նաև ինքնամեկուսացման ցուցումը գրավոր ներկայացնելը:
«Առնվազն մինչև 3 տարի, նաև այլընտրանքներ պիտի լինեն՝ տուգանք, կալանք, մինչև ազատազրկումը, էլի, պետք է այլընտրանքները ավելի շատ լինեն», - նշեց ընդդիմադիր գործիչը: - «Հետո էնտեղ անզգուշությամբ վարակելու մասին է խոսքը գնում, վարակել էլ չի գրված՝ հիվանդացնել, մինչդեռ կարող է դիտավորությամբ էլ դա տեղի ունենալ: Հետո մարդուն, օրինակ, ասում են՝ «դու տանը մնա», հա՞, եթե մարդը միայնակ մարդ է, ինքնամեկուսացման ցուցում է ստացել, ո՞վ է էդ մարդուն հաց ու ջուր հասցնելու»:
«Բազմաթիվ անորոշություններ կան: Ինչ է նշանակում ինքնամեկուսացում՝ դա պիտի հստակ սահմանված լինի՝ այլ իրավակարգավորումներով գոնե, այլ նորմերով, որը չկա: Ասում է՝ ցուցում կտա պարետը, դե պարետը որ ցուցումը կտա՝ կիմանանք: Գիտե՞ք, չի կարելի ամբողջությամբ հանձնել մի մարմնի, ասել՝ ինքը ոնց կմեկնաբանի, էդպես կլինի: Հիմա էս օրերին տեսանք, որ լավ չի մեկնաբանվում, և դա սխալ է», - ընդգծեց «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը:
Արման Աբովյանն, իր հերթին, ասաց. - «Այո, եթե մարդ միտումնավոր վարակում է, 5 տարի, չգիտեմ, կարելի է խստացնել, խստացնել, խստացնել: Բայց ոչ միտումնավոր վարակումը՝ այ դա՞ ինչ է նշանակում: Կամ՝ մեկուսացում, ինքնամեկուսացում: Մենք ունե՞նք եզրույթները՝ ո՞վ է ինքնամեկուսացման հրահանգում, ի՞նչ ձևով է ինքնամեկուսացումը կատարվում, նշանակո՞ւմ է արդյոք, որ ինքնամեկուսացված մարդը, օրինակ, իրավունք չունի դուրս գալ իր տնից, թե՞ ինքը իրավունք չունի գնա հանրային տարածք, թե՞... Որովհետև, տեսեք, այս «թե»-երը իրենք, ցավոք, թույլ են տալիս երկընթերցության, տարատեսակ խոսակցությունների ավելորդ այս պարագայում, իսկ հիմա այն դրությունն է, որ պետք չի դա անել»:
«Լուսավոր Հայաստան»-ի համար, սակայն, ամենասկզբունքային հարցը արտակարգ դրության ընթացքում մտցվող գրաքննությունն է։ Օրինագծով առաջարկվում է 50-ից մինչև 300 հազար դրամով տուգանել լրատվամիջոցներին, ինչպես նաև անհատներին, եթե նրանք խախտեն արտակարգ դրության ժամանակ սահմանված՝ տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները:
«Այսինքն, մեր քվեարկությունը մեծապես կախված կլինի մամուլի ազատության սահմանափակման խնդրից: Ամեն դեպքում, էդ առումով մենք շատ սկզբունքային ենք տրամադրված: Ավելին ասեմ՝ այս նախագիծը միայն կորոնավիրուսի համաճարակի վրա չի տարածվում, սա ընդհանրապես արտակարգ դրությանն է վերաբերում, վաղը, մյուս օրը ուրիշ հարցով էլ արտակարգ դրություն հրավիրվի՝ էս սանկցիաները կիրառվելու են՝ էդ 5 տարի ազատազրկումը, բան, էդ սանկցիաները կիրառվելու են: Այսինքն, պիտի մի քիչ ավելի մենք հեռատես լինենք, և սա այսօրվա, մի օրվա օրենք չի: Ասել, որ՝ «հա դե հետո կբերենք, կփոխենք, բան», գիտե՞ք, նման բաներ շատ ենք լսել, էլի, ու հիմա դրա ժամանակը չի», - հայտարարեց Էդմոն Մարուքյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը ևս գրաքննության մասին դրույթը դուր չի գալիս, սակայն Արման Աբովյանն ասում է՝ պետք է գտնել ոսկե միջինը ազատ խոսքի ու արտակարգ դրության միջև:
«Օրինակ, ասվում է՝ պատիժ է սահմանվում, եթե տարածվում է տեղեկություն, որը չի համապատասխանում իրողությանը կամ կարող է առաջացնել խուճապ և վերաբերում է կորոնավիրուսին: Հիմա, եթե մամուլի դեպքում, դե լավ, օքեյ, մամուլը կարելի է ինչ-որ տեղ, չեմ ուզում «վերահսկել» բառը օգտագործել, չեմ ուզում «գրաքննություն» բառը օգտագործել, կարելի է ինչ-որ մի տեղ մի հոսքի վրա, հա՞, դնել, ապա սոցցանցերը շատ դժվար է», - նշեց Աբովյանը՝ շեշտելով. - «Յուրաքանչյուր սահմանափակումը ինքը միշտ առաջացնում է դժգոհություն, սակայն, դժգոհության հետ մեկտեղ գոյություն ունի անվտանգության խնդիր: Հիմա այդ ոսկյա բալանսի խնդիրն է այսօր կանգնած»:
Ընդհանուր առմամբ, այդուհանդերձ, նման օրինագծի անհրաժեշտությունն ընդդիմադիրները տեսնում են, կարծում են՝ օրինագծով սահմանվող պատիժները կանխարգելիչ բնույթ կունենան: