Իտալիան, Իսպանիան, Իրանը ծանրագույն կացության մեջ են

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն, Հռոմ, արխիվ

Մարտի 22-ին աշխարհում նոր կորոնավիրուսի գրանցված դեպքերի թիվը հասել է 331 հազար 578-ի, մահացել է 14 հազար 437 մարդ, ապաքինվել է 96 հազար 958 հիվանդ:

Այս տվյալները վերջին անգամ թարմացրել ենք Երևանի ժամանակով ժամը 22-ին:

Ջոն Հոփքինսի համալսարանի մասնագետները նշում են, որ երեք օրում է գրանցված 200 հազար դեպքերի թիվը հասել 300 հազարի:

Նոր կորոնավիրուսի հարուցած COVID-19 շնչառական հիվանդությունը տարածվել է ավելի քան 160 երկրներում: Չինաստանից զատ, ավելի քան տասը հազար դեպք է արձանագրվել Իտալիայում, Իսպանիայում, Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Իրանում և Ֆրանսիայում:

Համավարակի ծագման էպիկենտրոն համարվող Չինաստանում կիրակի օրվա դրությամբ գրանցվել է հիվանդության 46 դեպք, ընդ որում 45-ը` արտասահմանից երկիր վերադարձածների մոտ:

«Հուբեի նահանգում չունենք վարակի և ոչ մի նոր դեպք, նահանգի հիվանդանոցից դուրս է գրվել 490 ապաքինված պացիենտ, այդ հիվանդներից 463-ը` Ուհան քաղաքից: Մահացել է 5 մարդ, նրանցից 4-ը` Ուհանում: Այս պահի դրությամբ Հուբեի նահանգում կա 5224 հիվանդ, նրանցից 5143-ն Ուհանից են, 1812 հիվանդ կրիտիկական վիճակում է, մեծ մասն ուհանցիներ են»,- ասել է Չինաստանի առողջապահության պետական հանձնաժողովի խոսնակ Մի Ֆենգը:

Մինչդեռ, Եվրոպայում ու հատկապես Իտալիայում իրավիճակը ծայրաստիճան ծանր է և լարված:

Վարչապետ Ջուզեպպե Կոնտեի կառավարությունը որոշել է էլ ավելի խստացնել կարանտինի ռեժիմը: Վարչապետը հայտարարել է, որ այսօրվանից մինչև առնվազն ապրիլի 3-ն Իտալիայում փակվում են բոլոր հիմնարկներն ու ձեռնարկությունները: Բացառություն է արվում միայն երկրի կենսունակության համար անհրաժեշտ ծառայությունների համար՝ պետական կառույցներ, բանակ, ոստիկանություն, իրավապահներ, առողջապահություն, բանկեր, փոստատներ, ջրի, էկելտրականության, գազի մատակարարում, պարեն արտադրող, առաքող և վաճառող հիմնարկներ:

«Դուք բոլորդ պետք է միանաք մեր առջև ծառացած խնդիրը լուծողների շարքին: Մենք հայտնվել ենք հետպատերազմական դարաշրջանից ի վեր ամենածանր ճգնաժամում, մենք դարձել ենք խորապես բոլորիս ցավ պատճառող իրադարձությունների ականատես, սա առհավետ կմնա մեր հիշողության մեջ, նույնիսկ երբ այս ճգնաժամը կանցնի, հուսանք, որ այն ոչ թե ուշ, այլ շուտ կանցնի»,- դիմելով հայրենակիցներին` ասել է վարչապետ Կոնտեն:

Իտալիայում հիվանդների թիվը ավելի քան 59 հազար է, մահացել է առնվազն 5476 մարդ: Իտալիան Ռուսաստանից օգնություն է ստանալու, վարչապետ Ջուզեպպե Կոնտեն և նախագահ Վլադիմիր Պուտինն այդ մասին պայմանավորվել են հեռախոսով: Ռուսները բժշկական սարքավորումներ, զինվորական բժիշկներ և շարժական լաբորատորիաներ են ուղարկում Իտալիա:

Եվրոպայում Իտալիային հաջորդում է Իսպանիան, որտեղ կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 28 հազար 600 մարդ, մահացել է 1756 մարդ: Իսպանիայի կառավարությունը նախազգուշացրել է այն մասին, որ առաջիկա օրերին հնարավոր է վարակվածության և մահացության կտրուկ աճ:

Հիվանդների թվով 4-րդ տեղում Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակվել է ավելի քան 32 հազար մարդ, մահացել է շուրջ 390 մարդ:

Ամերիկային հաջորդում է Գերմանիան՝ առնվազն 24 հազար 700 մարդ, բայց մահերի թվով գերմանացիների թվերը բարձր չեն՝ վարակը 92 կյանք է խլել:

Շատ բարդ կացություն է Իրանում՝ ավելի քան 21 հազար 600 հիվանդ և 1685 մահ: Ֆրանսիայում մոտ 14 հազար 500 հիվանդ է, ավելի քան 562 մահ:

Գիտնականները շարունակում են աշխատել վակցինա ստեղծելու վրա: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Մայք Ռայանի փոխանցմամբ` պետք է իրատես լինել և գիտակցել, որ պատվաստանյութի ստեղծումը պահանջում է երկար ժամանակ: Անհրաժեշտ են փորձարկումներ, հարկ է համոզվել, որ նոր նյութը ոչ միայն արդյունավետ է, այլև անվնաս, և միայն դրանից հետո կարելի է սկսել դրանց զանգվածային արտադրությունը:

«Մենք խոսում ենք առնվազն մեկ տարվա մասին, բայց դա բնավ չի նշանակում, թե այս ընթացում մենք անպաշտպան կմնանք, մենք հենց հիմա էլ ի զորու ենք շատ բան անել վարակի տարածումը կասեցնելու և մեծ թվով կյանքեր փրկելու համար»,- ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Մայք Ռայանը: