Արտասահմանում գտնվող ամերիկացիները պետք է անհապաղ վերադառնան հայրենիք, հակառակ դեպքում նրանց վերադարձը կարող է հետաձգվել «անորոշ ժամկետով»:
Ամերիկյան պատմության մեջ աննախադեպ այս փաստաթղթով Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը երկրի քաղաքացիներին կոչ է անում կորոնավիրուսի համաճարակի պատճառով զերծ մնալ արտերկիր ուղևորություններից:
Արտասահմանում գտնվող ամերիկացիներին Պետդեպարտամենտը կոչ է անում հնարավորության դեպքում վերադառնալ Միացյալ Նահանգներ, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա «մնալ այնտեղ, որտեղ գտնվում եք այս պահին, և խուսափել պետական սահմանները հատելուց»:
ԱՄՆ Պետդեպարտամենտի փաստաթուղթը ճամփորդություններից խուսափելու «չորրորդ աստիճանի զգուշացում» է պարունակում, որը, որպես կանոն, կիրառվում է ամերիկացիների` դեպի պատերազմական գործողությունների շրջաններ ուղևորությունները կանխելու նպատակով:
Ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունը հիշեցնում է, որ «բազմաթիվ երկրներ համաճարակի բռնկման պատճառով տեղաշարժի սահմանափակումներ և պարտադիր կարանտին են մտցնում, փակում են սահմաններն ու արգելում օտարերկրացիների մուտքը»։
Միացյալ Նահանգներում նոր կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը 200-ի հասնելուց հետո նախօրեին Կալիֆորնիայի նահանգային իշխանություններն աննախադեպ հրահանգ են արձակել` 40 միլիոն բնակիչներին կարգադրելով մնալ տներում: Վարակվածների թիվը ԱՄՆ-ում հասել է 13 հազարի:
Վարակի տարածումը կանխելու նպատակով Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հորդորել է բնակիչներին տներից դուրս գալ բացառապես խիստ անհրաժեշտության դեպքում` մթերային խանութ կամ դեղատուն գնալու նպատակով:
Ամերիկայի ամենախոշոր նահանգներից Կալիֆորնիայի ղեկավարի խոսքերով, շուրջ քառասուն միլիոն բնակչության հիսունվեց տոկոսը կարող է վարակվել առաջիկա ութ շաբաթների ընթացքում, ինչը նշանակում է, որ կառավարությունը պետք է ապահովի քսան հազար հիվանդանոցային մահճակալ։
«Մենք վստահ ենք, որ Կալիֆորնիայի բնակիչները կհետևեն որոշմանը և կմնան տներում», - նախօրեին Սաքրամենտոյում հայտարարել է նահանգապետ Նյուսոմը:
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի տարածումը արդեն հանգեցրել է սոցիալական լարվածության և տնտեսական կորուստների, ինչը մեղմելու նպատակով Սպիտակ տունն ու օրենսդիր մարմինը մի շարք արտահերթ քայլեր են ձեռնարկում։ Մասնավորապես, հատկացվել է մոտ մեկ տրիլիոն դոլար, որն ուղղվելու է ամերիկյան բիզնեսին և բնակչությանը: Եվս ավելի քան հարյուր միլիարդ դոլար կուղղվի մարդկանց անվճար թեստավորելուն։ Վարակվածները ֆինանսական աջակցություն կստանան, բացի այդ, աշխատողներին կտրվեն լրացուցիչ գումարներ համավարակի տարածումից բխող ֆինանսական այլ կարիքները հոգալու համար:
Ամերիկյան կառավարությունը ևս ութ միլիարդ երեք հարյուր միլիոն դոլար էլ առանձնացրել է ԱՄՆ-ում վարակի տարածման դեմ պայքարի և պատվաստանյութի մշակման համար: Նահանգներում վերջին տվյալներով վարակվածների ամենամեծ թիվը Նյու Յորքում է՝ շուրջ երեք հազար մարդ: Նահանգի իշխանությունների մեծացրել են թեստավորման ծավալները՝ հասցնելով օրական տասնհինգ հազարի, և ակնկալում են, որ վարակվածների թիվը կշարունակի աճել:
Համաճարակի հետևանքները, որն աշխարհում արդեն տասը հազար մարդու կյանք է խլել, Սպիտակ տան ղեկավարը, ինչպես նաև մի շարք այլ առաջնորդներ, համեմատում են Երկրորդ համաշխարհային պատերազմի, 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի և 1918 թվականի «իսպանական գրիպի» համաճարակի հետ: