Մի քանի ժամից ԱՄՆ-ում կմեկնարկի «սուպերերեքշաբթին»

Մի քանի ժամից, երբ Երևանում ուշ երեկո կլինի, ամերիկյան 14 նահանգներում, անդրծովյան տարածք Սամոայում և արտերկրում բնակվող միլիոնավոր դեմոկրատ ընտրողները կգնան տեղամասեր` քվեարկելով նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու առաջադրվելու համար պայքարող հինգ թեկնածուներից մեկի օգտին:

Դեռ 80-ականներին առաջին գարնանային ներկուսակցական այս ընտրությունները` փրայմերիները, իրենց կարևորության և ծավալի պատճառով «սուպերերեքշաբթի» անվանումն էին ստացել, ինչը պատահական չէ: Այսօր դռներն են բացում միանգամից մի քանի խոշորագույն նահանգների, մասնավորաբար Կալիֆորնիայի, Տեխասի, Մասաչուսեթսի և Մինեսոտայի տեղամասերը:

Վերջին հարցումների համաձայն՝ գրեթե բոլոր նահանգներում հիմնական պայքարը ծավալվելու է նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և ընտրարշավի առաջատարի` Վերմոնտից ընտրված սենատոր Բերնի Սանդերսի միջև: Քվեարկությունից ժամեր առաջ հրապարակված հարցումների համաձայն՝ նահանգների մեծ մասում առաջատարը հենց Սանդերսն է:

NBC հեռուստաընկերության պատվերով անցկացված հետազոտության արդյունքների համաձայն՝ Բերնի Սանդերսի օգտին պատրաստ է քվեարկել Տեխասում բնակվող դեմոկրատների 34, իսկ Բայդենի օգտին` 19 տոկոսը: USA Today թերթի տվյալներով՝ Կալիֆորնիայում դեմոկրատ ընտրողների 35 տոկոսը պատրաստվում է քվեարկել Բերնի Սանդերսի, 14 տոկոսը` Ջոզեֆ Բայդենի օգտին:

Այս հարցումները, սակայն, կարող են և չարտահայտել ընտրողների նախապատվությունների իրական պատկերը, քանի որ դրանք անց են կացվել մինչև երկուշաբթի օրը արձանագրված զարգացումները, երբ դեմոկրատ միանգամից երկու թեկնածուներ` Փիթ Բութիջիչը և Էմի Քլոբուշարն ինքնաբացարկ հայտարարեցին` իրենց աջակցությունը հայտնելով Ջոզեֆ Բայդենին:

«Ես այսօր ավարտում եմ իմ քարոզարշավը և իմ աջակցությունն եմ հայտնում Ջո Բայդենին», - Տեխասում կայացած բազմամարդ հանրահավաքի ժամանակ հայտարարում էր Մինեսոտայից ընտրված սենատոր Քլոբուշարը:

Ինքնաբացարկ հայտարարած մյուս դեմոկրատ գործիչը` Այովայի ներկուսակցական ընտրությունների հաղթող, 38-ամյա Փիթ Բութիջիչը, Բայդենին աջակցելու մասին որոշումը հրապարակելու համար ևս ժամանել էր Տեխաս:

«Ես այնպիսի առաջնորդ եմ ուզում, այնպիսի նախագահ, որ կկարողանա ի ցույց դնել այն լավագույնը, որ բնորոշ է մեզ: Այդ իսկ պատճառով ես կոչ եմ անում իմ աջակիցներին` միացեք ինձ, քանի որ ես այդ առաջնորդին գտել եմ` ի դեմս փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի, որը շուտով նախագահ է լինելու», - հայտարարում էր Փիթ Բութիջիչը:

Բայդենի շտաբում լուրջ հույսեր են կապում հատկապես Բութիջիչի երիտասարդ և կիրթ ընտրազանգվածի հետ` ակնկալելով, որ նախկին փոխնախագահն ու երիտասարդ դեմոկրատ գործիչը կկարողանան արդյունավետ համագործակցություն ծավալել:

«Չեմ կարծում, որ ես երբևէ արել եմ սա, բայց ես պետք է խոստովանեմ, որ Փիթն ինձ շատ է հիշեցնում իմ հանգուցյալ որդուն` Բոին: Շատերին դա գուցե ոչինչ չասի, սակայն ինձ համար դա մարդուն տրվող ամենաբարձր գնահատականն է: Փիթը, ինչպես և իմ որդին շատ հստակ և անկոտրում կեցվածք ունի», - հայտարարում էր Բայդենը` Բութիջիչին համեմատելով իր որդու հետ, որ քաղցկեղից մահացել էր 2015 թվականին` 46 տարեկան հասակում:

Բայդենի գլխավոր մրցակիցը` Բերնի Սանդերսը, սակայն, հույս ունի, որ Քլոբուշարի և Բութիջիչի ընտրողների գոնե մի մասը չի հետևի արդեն նախկին թեկնածուների կոչերին:

«Ես ցանկանում եմ դուռ բացել Էմիի և Փիթի աջակիցների համար: Չնայած մեր քաղաքական տարակարծություններին՝ ես դիմում են նրանց միլիոնավոր աջակիցներին` դուռը բաց է, միացեք մեզ», - Մինեսոտայում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարում էր Բերնի Սանդերսը:

Այսօրվա քվեարկության գլխավոր ինտրիգի հեղինակը, սակայն, Նյու-Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգն է: Նրա անունը քվեաթերթիկներում այսօր զետեղվել է առաջին անգամ, և «սուպերերեքշաբթին» պետք է տա կարևորագույն մի հարցի պատասխան՝ արդյո՞ք մինչ օրս Բլումբերգի կողմից ծախսված կես միլիարդ դոլարը հնարավորություն կտա առաջատար դիրք գրավել ընտրարշավում: Առայժմ, սակայն, նրա ցուցանիշներն այդքան էլ տպավորիչ չեն: Վերջին օրերին անցկացված սոցհարցումների համաձայն՝ Կալիֆորնիայում Բլումբերգի վարկանիշը տատանվում է 13 տոկոսի շրջակայքում, Տեխասում և Հյուսիսային Կարոլինայում նրա օգտին պատրաստ է քվեարկել դեմոկրատ ընտրողների 15-ական տոկոսը: