Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում կայացան նախագահության դեմոկրատ թեկնածուների հերթական դեբատները


ԱՄՆ - Դեմոկրատ գործիչներ՝ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, սենատորներ Էլիզաբեթ Ուորենը, Բերնի Սանդերսը և ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը բանավեճի ժամանակ, Լաս Վեգաս, 19-ը փետրվարի, 2020թ.
ԱՄՆ - Դեմոկրատ գործիչներ՝ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, սենատորներ Էլիզաբեթ Ուորենը, Բերնի Սանդերսը և ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը բանավեճի ժամանակ, Լաս Վեգաս, 19-ը փետրվարի, 2020թ.

«2020 թվականի դեմոկրատական ներկուսակցական ընտրարշավի վատթարագույն դեբատներ», - մի շարք ամերիկյան լրատվամիջոցներ այսպես են բնութագրում Հարավային Կարոլինայի Չարլսթոն քաղաքում անցած գիշեր կայացած նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածուների բանավեճը:

Ներկուսակցական ընտրությունները` փրայմերիները, Հարավային Կարոլինայում նշանակված են փետրվարի 29-ին, և, մի շարք վերլուծաբանների գնահատմամբ, դրանք կարող են ճակատագրական նշանակություն ունենալ դեմոկրատ թեկնածուների մի մասի՝ նախևառաջ ներկուսակցական ընտրությունների արդեն նախկին ֆավորիտի` նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի համար:

Հիշեցնենք՝ Բայդենը պարտություն կրեց Այովայում և Նյու Հեմփշիրում կայացած ընտրություններում, իսկ Նևադայում անցած շաբաթ կարողացավ միայն երկրորդ տեղը զբաղեցնել:

Բայդենը, սակայն, վստահ է` Հարավային Կարոլինայի ընտրությունները նախորդներից արմատապես տարբերվելու են:

«Հարավային Կարոլինայում ես հաղթելու եմ», - պնդել է Բայդենը` հաղորդավարուհու այն հիշեցմանն ի պատասխան, թե ժամանակին ինքը ասել էր, որ դեմոկրատական ներկուսակցական ընտրությունների ճակատագիրը հենց Հարավային Կարոլինայում է վճռվելու:

Բայդենի վստահության գլխավոր պատճառն այն է, որ Հարավային Կարոլինայի դեմոկրատ ընտրողների մեծ մասը աֆրոամերիկացիներ են: Բնակչության այս խմբի մոտ Բայդենը մեծ ժողովրդականություն է վայելում նախևառաջ այն պատճառով, որ ութ տարի որպես փոխնախագահ է պաշտոնավարել ԱՄՆ առաջին աֆրոամերիկացի նախագահի` Բարաք Օբամայի օրոք:

Վերջին սոցհարցումները, սակայն, վկայում են, որ աֆրոամերիկացիների Բայդենին ցուցաբերած աջակցությունը այլևս այդքան միանշանակ չէ, և դեմոկրատ ընտրողների մի մասը մտադիր է քվեարկել փրայմերիների առաջատարի` Վերմոնտից ընտրված սենատոր Բերնի Սանդերսի օգտին: Դա էր թերևս պատճառը, որ Հարավային Կարոլինայում կայացած դեբատների ամենահիշվող դրվագներից մեկը Բայդենի և Սանդերսի միջև պարբերաբար ծագող վեճերն էին:

Բայդենն, օրինակ, Սանդերսին մեղադրեց ավտորիտար վարչակազմերի` մասնավորապես կոմունիստական Կուբայի հանդեպ ջերմ զգացմունքներ տածելու մեջ: Բերնի Սանդերսը, սակայն, հակադարձում էր, թե իր բառերը մտածված կերպով նենգափոխվում են:

«Իհարկե Կուբայում բռնապետություն է: Պարզապես ես ժամանակին կրկնել եմ Բարաք Օբամայի՝ Կուբային վերաբերող խոսքերը, ասելով, որ այդ երկրին հաջողվել է առաջընթաց արձանագրել կրթական ոլորտում», - նշում էր Սանդերսը` բանավեճին ներկա հանդիսատեսների վրդովված բացականչությունների ներքո:

Անցած գիշեր կայացած դեբատները բավական հաջողված էին Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգի համար: Ի տարբերություն մեկ շաբաթ առաջ Լաս Վեգասում կայացած բանավեճի, նախօրեին Բլումբերգն ավելի քիչ էր պաշտպանվում և անհամեմատ ավելի վստահ էր իր պնդումներում:

Բլումբերգի թերևս ամենահիշվող հայտարարության թիրախը կրկին ընտրարշավի առաջատար Բերնի Սանդերսն էր, որն, ըստ Նյու Յորքի նախկին քաղաքապետի, Դոնալդ Թրամփին հաղթելու որևէ շանս չունի:

«Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ Միացյալ Նահանգների նախագահ պետք է վերընտրվի Դոնալդ Թրամփը: Այդ իսկ պատճառով ռուսները օգնում են Ձեզ, որպեսզի Դուք հաղթեք [ներկուսակցական ընտրություններում]», - հայտարարել է Բլումբերգը:

Բերնի Սանդերսը, սակայն, կտրականապես հերքում է շրջանառվող խոսակցությունները, թե ռուսական հատուկ ծառայությունները փորձում են միջամտել նախագահական ընտրարշավին` ցանկանալով ապահովել իր հաղթանակը: Սանդերսը դիմում էր ոչ թե իր մրցակիցներին, այլ ուղղակիորեն Ռուսաստանի նախագահին:

«Պարոն Պուտին, եթե ես ընտրվեմ Միացյալ Նահանգների նախագահ, ապա վստահեցնում եմ Ձեզ` Դուք երբեք այլևս որևէ ամերիկյան ընտրությունների չեք միջամտի», - նշել է Բերնի Սանդերսը։

Հարավային Կարոլինայում կայացած բանավեճը դեմոկրատների ներկուսակցական ընտրարշավի համար կարևորագույն նշանակություն ուներ, քանի որ վերջինն էր ոչ միայն այդ նահանգում կայանալիք քվեարկությունից, այլև այսպես կոչված «Սուպեր երեքշաբթիից» առաջ:

Վեց օրից` մարտի 3-ին, փրայմերիներ կկայանան ամերիկյան միանգամից 14 նահանգներում: Որպես կանոն՝ ներկուսակցական ընտրությունների հենց այդ փուլից հետո է, որ ուրվագծվում են առաջատարները և հնչում են ինքնաբացարկի մասին առաջին հայտարարությունները:

XS
SM
MD
LG