ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում դեմոկրատների թեկնածու դառնալու ներկուսակցական պայքարում Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը առաջին անգամ հանդես եկավ հրապարակայնորեն՝ մասնակցեց դեմոկրատ թեկնածուների հեռուստատեսային բանավեճին:
Վեց թեկնածուների դեբատները երեկ երեկոյան անցկացվեցին Լաս Վեգասում: Մասնակցել են Մայքլ Բլումբերգը, Բերնի Սանդերսը, նա ներկայիս դրությամբ դեմոկրատ թեկնածուների մեջ առաջատարն է համարվում, նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, Էլիզաբեթ Ուորենը, Փիթ Բութիջիչը և Էմի Քլոբուշարը:
Սա դեմոկրատ թեկնածուների միջև թվով 3-րդ դեբատն էր:
Բուռն բանավեճում առաջին անգամ հրապարակայնորեն հանդես եկող Բլումբերգը գրոհի է ենթարկվել մյուս մասնակիցների մեծ մասի կողմից: Նրան հիշեցրել են ամեն ինչ՝ կանանց հասցեին նրա նախկին արտահայտությունները, Նյու Յորքի քաղաքապետ եղած ժամանակ հանցավորության դեմ պայքարում ոստիկանության կիրառած, իրենց պնդմամբ, ռասայական խտրական մեթոդները։ 78-ամյա Մայքլ Բլումբերգին հարցրել են նաև առողջական վիճակի մասին ու մեղադրել, որ նա իր փողերով փորձում է գնել դեմոկրատների առաջին տեղը՝ գալիք նոյեմբերի նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի դեմ պայքարելու համար:
Մայքլ Բլումբերգն ասել է, որ երբ ստանձնել էր Նյու Յոքրի քաղաքապետի պաշտոնը, Նյու Յորքում տարեկան 650 մարդ էր սպանվում և համարել, որ իր առաջին պատասխանատվությունը մարդկանց ապրելու իրավունքը ապահովելն էր:
Նյու Յորքի նախկին քաղաքապետը նշել է, որ սպանությունների թիվը 50 տոկոսով կրճատվել էր: Ամեն դեպքում ոստիկանության կիրառած «Կանգնեցրու և խուզարկիր» կոչված գործողությունները համարել է, որ չափից դուրս շատ են կատարվել։ Խիստ մեթոդների համար Բլումբերգը ներողություն է խնդրել՝ ասելով, որ հետո այդ գործողությունները 95 տոկոսով կրճատվել էին:
Նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը պնդել է, որ Նյու Յորքում իրավիճակը կտուկ փոխվել էր, երբ նախագահ Բարաք Օբաման մարդիկ էր ուղարկել՝ տեղում իրավիճակն ուսումնասիրելու։
«Դա նողկալի քաղաքականություն էր, դա, ըստ էության, մարդկանց բոլոր իրավունքների խախտում էր», - ասել է Բայդենը՝ հայտարարելով, թե 5 միլիոն աֆրոամերիկացիների դեմ էին տվել պատին։
Էլիզաբեթ Ուորենը պնդել է, որ հենց սկզբից Նյու Յորքի ոստիկանության գործողություններում թիրախավորվել էին մաշկի ուրիշ գույն ունեցող մարդիկ: Բերնի Սանդերսը նույնպես խստորեն քննադատել է կիրառված, նրա խոսքերով, վրդովեցուցիչ մեթոդները։
Լրագրողների հետ զրույցում Ուորենն ասել է. «Կարծում եմ՝ յուրաքանչյուրի համար կարևոր է պարզ տեսնել՝ ով է այդ մարդը: Այս մարդն ակնհայտորեն հետապնդել, խտրականություն է ցուցաբերել կանանց հանդեպ, հետո թաքցրել դրանք՝ չբացահայտելու պայմանավորվածություններով: Այս մարդը ռասիստական քաղաքականություն է պաշտպանել, ինչպես կարմիր գծեր քաշելն ու կանգնեցնելը, խուզարկելը: Ժամանակն է ասելու՝ եթե Մայքլ Բլումբերգը ցանկանում է օգնել մեզ հաղթելու մրցավազքը, ապա թող ներդնի իր գումարները, բայց ինքը հեռանա բեմից»։
Մայքլ Բլումբերը դեբատներում հայտարարել է, որ նախագահական ընտրություններում դեմոկրատներից հենց ինքը կարող է հաղթել Թրամփին: Մինչ հիմա նա չի մասնակցել ներկուսակցական ընտրություններին, հանրահավաքներ չի անցկացնում, ընտրողներին չի հանդիպում, բայց արդեն մոտավորապես 400 միլիոն դոլար է ծախսել հեռուստատեսային և առցանց գովազդի վրա։
Ակնկալվում է, որ նա պայքարի մեջ կմտնի մարտի 3-ին, «Մեծ երեքշաբթի» կոչվող օրը, երբ ներկուսակցական ընտրություններ են անցկացվում 10-ից ավելի նահանգներում: