Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն է հայտնաբերվել՝ Իրանից ժամանած ՀՀ քաղաքացու մոտ

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն է գրանցվել՝ փետրվարի 28-ին Իրանից ժամանած քաղաքացու մոտ։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սիրելի հայրենակիցներ, մոտ երկու ժամ առաջ կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք՝ ցավոք։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։ Նա ինքն է դիմել բժշկի և նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։ Նախնական թեսթը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երևանի ժամանակով գիշերը ժամը երեքին», - փոխանցում է Փաշինյանը՝ շարունակելով. - «Հատկանշական է, որ պացիենտի կնոջ թեսթի պատասխանը բացասական է։ Այսինքն՝ նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել»։

Այժմ, ըստ վարչապետի, Կառավարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած կանոններով անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի. -

«Պացիենտի հետ ռիսկային շփում ունեցած մարդիկ կմեկուսացվեն։ Նշեմ նաև, որ Թեհրանից ժամանած օդանավի մեջ, ինչպես և նախատեսել էինք, եղել են ՀՀ քաղաքացիներ և չվերթով ապահովվել է հայրենիք վերադառնալու նրանց անքակտելի իրավունքը։ Թեհրանում և օդանավի մեջ բոլորը ուղևորները եղել են դիմակներով, օդանավից և օդանավակայանում ուղեկցվել են հատուկ կարգով, ոչ անհրաժեշտ շփումներ չունենալու համար։

Հայտնի է սահմանապահ ծառայության այն աշխատակիցը, որը ձևակերպել է պացիենտի և նրա կնոջ մուտքը ՀՀ։ Ի դեպ, սահմանապահները նույնպես եղել են դիմակներով և բժշկական ձեռնոցներով։

Այն տաքսիները, որոնցով պացիենտը օդանավակայանից տուն և տնից հիվանդանոց են եկել՝ կհայտնաբերվեն և նրանց վարորդները նույնպես կմեկուսացվեն։ Մեկուսացված քաղաքացիների համար ապահովվելու ենք բարձր մակարդակի հյուրանոցային, սակայն առանձնացված պայմաններ։ Ընդհանուր առմամբ այսօր կմեկուսացվի մոտ 30 քաղաքացի»։

Փաշինյանը հայտնում է, որ լույսը բացվելուն պես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում կքննարկեն Մարտի 1-ի երթը չեղարկելու հարցը. - «Իմ առաջարկը լինելու է երթը չեղարկել»։

«Բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկվում են՝ վիրուսի տարածում թույլ չտալու համար։ Ժամը 12.00-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասուլիս կհրավիրի և կհայտնի այդ պահին հայտնի տեղեկատվությունը», - փոխանցում է վարչապետը՝ կոչ անելով «պահպանել հանգստություն, վստահել միայն կառավարության և պաշտոնական մարմինների կողմից տարածվող լուրերին, ինչպես նաև կիրառել վարակի տարածումը կանխարգելող՝ Առողջապահության նախարարության կողմից խորհուրդ տրվող միջոցները»։


Այս գրառումը կատարելուց մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը կրկին Ֆեյսբուքում գրել է. - «Հատկանշական է, որ կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացու կնոջ մոտ այս պահին վարակ չի հայտնաբերվել։ Իհարկե, այստեղ կարող է դեր ունենալ ինկուբացիոն շրջանը, այսինքն՝ տեսականորեն հնարավոր է, որ վիրուսը դեռևս չի դրսևորել իրեն։ Բայց կա նաև հավանականություն, որ վիրուսակիր անձի հետ շփում ունեցող մարդիկ չվարակվեն, որովհետև վարակի տարածման համար բավարար չէ, որ մարդու օրգանիզմում վիրուսը ներկա լինի։ Վարակը փոխանցվում է այն ժամանակ, երբ վիրուսը մարդու օրգանիզմում մեծ քանակով վերարտադրվում է, շատանում, ապա և փոխանցվում փռշտոցի, կամ հազի կամ օդակաթիլային այլ եղանակով»։

«Ըստ մասնագետների, ահա, քանի դեռ վարակը մարդու մոտ չի արտահայտվել՝ տենդի, հազի, փռշտոցի միջոցով, հավանականությունը, որ նա վարակած կլինի այլ մարդկանց, շատ փոքր է», - շեշտում է վարչապետը՝ շարունակելով. - «Նկատի ունեմ՝ գրագետ միջոցառումների ձեռնարկման միջոցով վարակի տարածման կանխարգելումը իրատեսական խնդիր է»։

Փաշինյանը կրկին կոչ է անում պահպանել սառնասրտություն, հանդարտություն, վստահել միայն կառավարության և պաշտոնական մարմինների կողմից տարածվող լուրերին և պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող՝ Առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։