Կորոնավիրուսը փաստորեն տարածվում է ամբողջ աշխարհում։ Վարակը մոտենում է նաև Հայաստանին։ Այդ պատճառով Հայաստանի օդային և ցամաքային սահմանը Իրանի հետ գրեթե փակ է։ Վրաստանում ևս հայտնաբերվել է կորոնավիրուս, սակայն սահմանը փակելու անհրաժեշտություն Հայաստանի կառավարությունը դեռ չի տեսնում։
Ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում դիմակայել կորոնավիրուսին։ Թեման քննարկում են «Ազատության» «Ըստ էության» հաղորդաշարի հյուրերը՝ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիաննա Թորոսյանը, առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը, բժիշկ Հայկ Մանասյանը և Չինաստանից վերջերս վերադարձած Դավիթ Առաքելյանը։
Ստորև՝ հատված հաղորդումից.
«Ազատություն». – Տիկին Թորոսյան, Հայաստանն ինչպե՞ս է պատրաստվում կորոնավիրուսին։ Չենք կարող, չէ՞, ասել, որ չի գալու էդ վիրուսը Հայաստան։
Լիաննա Թորոսյան. – Ոչ, վիրուսին, ընդհանրապես միկրոօրգանիզմներին որևէ արտոնագիր պետք չէ այս կամ այն երկիր ներթափանցելու համար։ Մինչ օրս իրականացվել է 100 հետազոտություն՝ արդեն 100 հետազոտություն, ի դեպ, ասեմ, որ 100 հետազոտության մեջ նաև եղել են ոչ միայն, ասենք, հիվանդ, պացիենտը ունեցել է ջերմություն և ունեցել է ճանապարհորդային անամնեզ, այո, ճանապարհորդային անամնեզը լինելով, այդ թվում նաև չունենալով որևէ գանգատ, բայց դուք էլ նաև տեղեկացված եք, որ շատերը, էսպես, անհանգստացած, խուճապի մեջ՝ «մեզ հետազոտեք», և այլն, և այլն, այ էս ամբողջի համատեքստում, այս 100 հետազոտության պատկերով՝ մենք այսօրվա դրությամբ կորոնավիրուսի որևէ հաստատված դեպք չունենք։ Կարող ենք ժամը ֆիքսել, որպեսզի խոսենք այս պահի և այս ժամի դրությամբ։
«Ազատություն». - «Աստղիկ» բժշկական կենտրոնում հոսպիտալացված հիվանդին ստուգե՞լ են համապատասխան թեստով, կա՞ արդեն պատասխանը։
Թորոսյան. – Իհարկե, միանշանակ այո, և այնտեղ կորոնավիրուսը բացասական է։
«Ազատություն». – Պարոն Մանասյան, Դուք երկու օր է՝ Ձեր ֆեյսբուքյան էջով կոչ եք անում, որ խուճապ չտարածվի, Արտգործնախարարությունը կոչ է անում հինգ երկրներ չայցելել՝ սրանք այն երկրներն են, որտեղ կորոնավիրուսի մեծ թվեր կան արձանագրված։ Բա ի՞նչ անեն։
Հայկ Մանասյան. – Ինչո՞ւ խուճապ։ Կամ էդ առողջապահական մարմինների խուճապը որտեղի՞ց եկավ։ Տեսեք՝ ամեն նոր վիրուս, նոր, մարդկությանը հայտնի նոր հիվանդածին հարուցիչ առաջացնում է, էսպես, անակնկալ, ինչու՝ որովհետև նոր վիրուսը ավելի անկանխատեսելի և ավելի ագրեսիվ է, քան էդ նույն վիրուսը, եթե արդեն մեկ, երկու, երեք տարի հայտնի է մարդկանց շրջանում որպես վնասատու, որպես հարուցիչ։ Եվ սահմանափակում ենք մենք ոչ թե առհասարակ կորոնավիրուսը, այլ կորոնավիրուսի այն տարատեսակները, որոնք առաջացնում են ծանր հիվանդության ընթացք, առաջացնում են մահացություն, այսինքն՝ բոլոր էն դեպքերը, իսկ բազմաթիվ դեպքեր, հայտնաբերվածից միգուցե մի քանի անգամ շատ դեպքեր, կորոնավիրուսը տարածվում է առանց լուրջ կլինիկական նշաններ առաջ բերելու։
«Ազատություն». – Դավիթ, Դուք Ձեր կնոջ և մանկահասակ երեխայի հետ մոտ մեկ ամիս առաջ եք վերադարձել Չինաստանից։ Ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ էիք պատկերացնում, որ պիտի լինեն Հայաստանում, ու եկաք ու ի՞նչ տեսաք՝ գոհ եք, դժգոհ եք։
Դավիթ Առաքելյան. – Իջանք «Զվարթնոց»՝ ջերմաչափման սարքով չափում էին բոլորի ջերմությունը, լրացրեցինք հասցեական քարտերը, ես, իհարկե, ի սկզբանե նախատեսել էի, որ մենք պահելու ենք կարանտին, մի քանի օր անց, ինձ լավ չէի զգում, գնացի Նորքի ինֆեկցիոն։ Շատ լավ դիմավորեցին, բժիշկը ինձ դիմավորեց առանց դիմակ, «աաա՜», - ասեց, - «էտի մեր գենին չի կպնում»։
«Ազատություն». – Պարոն Վանեսյան, Դուք՝ որպես առողջապահության կազմակերպիչ, ի՞նչ եք կարծում, ընդհանրապես, պրոտոկոլով ինչպե՞ս է՝ հիմա ինչպե՞ս պիտի պատրաստվեն հիվանդանոցները, ի՞նչ պիտի լինի հիվանդանոցներում, ի՞նչ սարք պիտի ավելանա, որը հիմա չկա։
Նարեկ Վանեսյան. – Երբ արդեն կա դրա համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով, դա նշանակում է, որ դրանով սկսել են զբաղվելը։ Ճիշտ ճանապարհը հետևյալն է, որ, առաջինը՝ եթե մարզում տեղակայված բժշկական կազմակերպություն է, ապա ինքը որոշակի թվով հիվանդներ իզոլացնելու հնարավորություն պիտի ունենա՝ սկսած շենքային պայմաններից, համապատասխան նյութական բազայով, տեսեք, ֆիքսվեց, որ հստակ դեղորայք չկա բուժման համար, բայց որոշակի հակավիրուսային բուժման էնտեղ նաև ցուցում կա, որ չի կարելի հեղուկների օգտագործումը, ենթադրենք, կատարել ուդառնի դոզաներով՝ էսպիսի կոնկրետ ցուցումներ կան տրված, որ հիվանդանոցները պիտի անեն։ Հիմա, Երևանում ես գիտեմ հիվանդանոցներ, որոնք որոշակի նյութական առումով պատրաստվածություն ունեն և շարունակում են պատրաստվել։
«Ազատության» «Ըստ էության» հաղորդաշարի փետրվարի 27-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.