Մատչելիության հղումներ

Ուժի մեջ է մտել Իրանի հետ օդային ու ցամաքային սահմանը մասամբ փակելու որոշումը


«Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի համաճարակաբան Հայկ Կարապետյանը, արխիվ
«Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի համաճարակաբան Հայկ Կարապետյանը, արխիվ

Թեհրան - Երևան այսօրվա չվերթը չեղյալ է հայտարարվել, Մեղրիի անցակետն էլ փակվել է կեսօրից։ Այսօրվանից ուժի մեջ է մտել Իրանի հետ օդային ու ցամաքային սահմանը մասամբ փակելու կառավարության որոշումը։

Իրանից ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ Հայաստան, և այստեղ գտնվող իրանցիները կարող են հետ՝ Իրան գնալ։ Այս նպատակով Armenia Airways ավիաընկերությունը երկու չվերթ կիրականացնի՝ փետրվարի 26-ին և 28-ին. երկու թռիչքներով իրանցիները կարող են հեռանալ, Հայաստանի քաղաքացիները՝ վերադառնալ։ Ի դեպ՝ սահմանը բաց է մնում նաև երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների ու նրանց ընտանիքների համար։

Առողջապահական տեսչական մարմնի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի համաճարակաբան Հայկ Կարապետյանը տեղեկացրեց՝ Թեհրանից Հայաստան վերադարձողների նկատմամբ հսկողություն կսահմանվի կարանտինային 14 օրերի ընթացքում։ Այս պահին «Զվարթնոց»-ի բժշկասանիտարական հսկիչ կետի ուշադրության ներքո են Իրանից, Իտալիայից, նաև տարանցիկ ուղիներով Չինաստանից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից ժամանածները։ Սրանք այն երկրներ են, որտեղ կորանվիրուսի վարակի ակտիվ օջախներ կան։ Օրվա ընթացքում այս վարակի կասկածով Հայաստան ժամանած որևէ ուղևոր չի հոսպիտալացվել։

«Բարեբախտաբար չենք ունեցել ոչ մի կասկածելի դեպք», - ասաց Կարապետյանը։

Մեղրիի անցակետում լռություն է կեսօրից, սահմանը հատող զբոսաշրջիկներ չկան, առևտրականներ օրվա առաջին կեսին են նկատվել։ Կառավարության որոշմամբ՝ Իրանից թույլատրվում է միայն բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների մուտքը Հայաստան, ընդ որում՝ մեքենայի մեջ կարող է լինել միայն երկու հոգի՝ վարորդն ու նրան փոխարինող վարորդը։ Բեռնափոխադրողների հետ Հայաստան կորոնավիրուս բերելու ռիսկերը վերահսկելի է համարում հիվանդությունների վերահսկման կանխարգելման կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը։

«Բեռնափոխադրող վարորդները հիմնականում 1-2 օրվա ընթացքում բեռները բերում են, և այդ գործընթացը լիարժեք մենք կարող ենք կառավարել, ոչ մի խնդիր չունենք», - նշեց Վանյանը։

Առողջապահական տեսչական մարմնից տեղեկացնում են՝ նախորդ օրերին մինչև սահմանի մասամբ փակումը, այս անցակետով մինչև 1100 քաղաքացի էր ելումուտ անում, այսօր մինչև այս պահը սահմանը հատել է 45 բեռնատար իրանցի վարորդներով և Հայաստանի 10 քաղաքացիներ, կորոնավիրուսի վարակի որևէ կասկածելի նշաններ սահմանը հատածները չեն ունեցել։ Տեսչական մարմնի հակահամաճարակային հսկողության վարչության պետ Աննա Հարությունյանն ասում է՝ համենայնդեպս սահմանային կետերին բուժհաստատություններ են կցվել։

«Մեղրիի սահմանային անցակետին կցված է Մեղրիի բժշկական կենտրոնը, իսկ «Զվարթնոց» օդանավակայանից Նորք ինֆեկցիոն հիվանդանոցը», - ասաց Հարությունյանը։

Աննա Հարությունյանը վստահեցնում է՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար հսկողության տակ են օդային ու ցամաքային բոլոր 7 սահմանային հսկիչ կետերը։ Վերջին մեկ ամսում կորոնավիրուսի կասկածով 40 հոգի է հոսպիտալացվել և նրանցից որևէ մեկի մոտ վարակը չի հաստատվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG