Հայաստանը երկու շաբաթով և մասամբ փակում է ցամաքային և օդային սահմաններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Այսօր կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ Իրանի հետ բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակման, բայց հատուկ ռեժիմով:
«Իհարկե, կլինեն բացառություններ. բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների, պարզապես բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ կիրականացվի հատուկ հսկողություն, և բեռների տեղափոխման հատուկ կարգ կգործի, որևէ սահմանափակում չի կիրառվի քաղաքացիների վերադարձի վրա: Խոսքը վերաբերում է Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին և Իրանում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այսինքն՝ նրանք կարող են ազատ վերադառնալ իրենց հայրենիք», - ասաց նա:
Հայաստանյան իշխանությունների ձեռնարկած հրատապ այս միջոցառումներն Իրան կորոնավիրուսի ներթափանցման հետևանք են: Մեր հարևանն այս վարակից մահվան ցուցանիշով երկրորդ տեղում է Չինաստանից հետո։ Երեկ այդ երկրում կորոնավիրուսից մահվան ութերորդ դեպքն է գրանցվել: Իրանի հետ օդային, ցամաքային հաղորդակցության սահմանափակումը երկու շաբաթով է, հետո ինչ կլինի, կորոշեն Իրանի գործընկերների հետ: Մարտի կեսից Նովրուզի տոնն ավանդաբար բազմաթիվ իրանցիների է Հայաստան բերում:
Վերջին օրերին՝ մինչև սահմանափակումը, Թեհրան-Երևան երկու թռիչք է եղել։ Առողջապահական տեսչական մարմնի հակահամաճարակային հսկողության վարչության պետն ասում է՝ ստուգվել են բոլոր ուղևորները:
«Առաջին օդանավի մեջ 74 և երկրորդ օդանավում 79 ուղևոր, որոնց նկատմամբ հասցեական քարտեր են լրացվել, նրանց մեջ կասկածելի դեպքեր չեն եղել», - ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հակահամաճարակային հսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը:
Մեղրիի անցակետում մեկ հոգի է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածով, սակայն կասկածները հերքվել են։ Հակահամաճարակային հսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը շեշտում է՝ երկրի բոլոր 7 սահմանային կետերը հսկողության տակ են, կոնկրետ Մեղրիի անցակետում անձնակազմը համալրվել է, կան անհրաժեշտ պարագաներ ու նաև մեկուսարաններ, եթե հանկարծ Իրանից վարակով մարդ մտնի:
«Եթե մենք դեպք ունենանք, ես վստահեցնում եմ՝ մենք ենք շահագրգիռը՝ առաջինը մեր բնակչությանն իրազեկելու», - նշեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը:
Վերջինս հայաստանցիներին հորդորում է խուճապի չմատնվել, չհավատալ չճշտված լուրերին, վստահեցնում է՝ մեր երկիրն ամեն ինչ անում է կորոնավիրուսի վարակը կանխարգելելու համար։ Այսօրվանից հսկողություն կսահմանվի նաև Իտալիայից եկողների նկատմամբ։ Այդ երկիրը դարձել է Եվրոպայում վիրուսի էպիկենտրոնը:
«Ներդնում ենք այսօրվանից հասցեական քայլերը նույն Իտալիայից եկող անձանց նկատմամբ, և լիարժեք հսկողություն է իրականացվելու, ինչպես որ իրականացրինք Չինաստանից եկող անձանց նկատմամբ», - փոխանցեց Վանյանը:
Ինչպե՞ս է երկիրը պատրաստ վիրուսի դիմակայմանը, եթե դեղատներում սովորական պաշտպանիչ դիմակներ չկան։ «Ազատությունը» շրջեց մի շարք դեղատներով և միայն մեկում գտավ տեղական արտադրության ու, ըստ վաճառողի, անորակ դիմակներ. - «Այսօր մենք 200 հատ ստացանք և չունենք, այս մի քանի հատն է մնացել: 200 դրամ արժե, նախկինում 50 դրամ էր, 25, 40»:
Հիվանդությունների վերահսկման կանխարգելման կենտրոնի տնօրենն ասաց՝ խնդիրը կա, քննարկվում է. - «Այս խնդիրը քննարկվում է հիմա համապատասխան ստորաբաժանումների կողմից: Նախարարությունը համենայն դեպս որոշակի քանակի դիմակներ ունի»:
Արտավազդ Վանյանը հուսադրեց՝ նախարարությունն ունի 160 հազար դիմակ, վստահեցրեց՝ բուժհաստատություններում էլ դրա պակաս չկա։ Նորքի ինֆեկցիոնն է, այսպես ասած, վիրուսի ախտորոշման, բուժման գլխամասային հիվանդանոցը: Որքանո՞վ է այն պատրաստ վարակի հնարավոր ներթափանցմանը, հիվանդներ ընդունելուն, արդյո՞ք կան մեկուսացված տարածքներ։ Այս ամենը ճշտել հնարավոր չէ։ Առողջապահական գերատեսչությունը նպատակահարմար չի համարում լրագրողի մուտքն այդտեղ. - «Նույն վիրուսն է, որը փոխանցվում է նույն ձևաչափով, ինչ-որ գրիպը, և ասեմ՝ հնարավոր է՝ ավելի կոնտագիոզ է գրիպը, քան կորոնավիրուսը»:
Արտավազդ Վանյանը հորդորում է կորոնավիրուսից պաշտպանվել ճիշտ այնպես, ինչպես որևէ այլ շնչառական վարակից՝ ձեռքերը հաճախ լվանալ, հազի ու փռշտալու հիգիենան պահպանել, հեռու մնալ շնչառական վարակով մարդկանցից։ Ի դեպ, կոնկրետ կորոնավիրուսի զոհերն ավելի շատ տղամարդիկ են, ինչու, աշխարհի համաճարակաբաններն այս հարցի պատասխանը դեռ փնտրում են: