Թեհրան-Երևան հատուկ չվերթով ժամեր առաջ Հայաստան հասան Իրանի հետ օդային սահմանը մասամբ փակելուց հետո այնտեղ մնացած հայաստանցիները։ 52 ուղևորները ժամանման սրահ մտան՝ բոլորը բժշկական դիմակներով ու «Զվարթնոց»-ի բժշկասանիտարական հսկիչ կետի համաճարակաբանի՝ ուղևորներին ու նրանց դիմավորողներին ուղղված հրահանգների ներքո։
Քամելիա Կարապետյանը ծնողներին էր սպասում, նրանք Թեհրանում ընդհատել էին գործերը այնտեղ բռնկված կորոնավիրուսի պատճառով ու վերադառնում էին հետ։
«Ընդեղ գործ են ունեցել, որ սենց բան է եղել, շուտ վերադառնում են։ Լավ են, իրանք տնից դուրս չեն եկել», - ասաց Քամելիա Կարապետյանը։
Մասիս Կարապետյանը կնոջն էր սպասում, ասաց՝ հեռախոսով ճշտել է՝ չի ջերմում, առողջ է, մտադիր չէ 14 օր կարանտինային հեռավորություն պահպանել կնոջից։
Թեհրանից ժամանածները մի քիչ շվարած էին իրենց հետ ձեռնարկված հակահամաճարակային գործողություններով, ասացին՝ օդանավում ջերմող կամ փռշտացող չի եղել։
«Սև բիբարը մտավ քիթս, փռշտացի», - այս ուղևորն էլ կատակում էր՝ սև բիբարի պատճառով փռշտաց, փոշմանեց՝ այնքան ստուգեցին։ Թեհրանից ժամանածները բոլորը կգտնվեն տնային հսկողության տակ, նրանց տվյալները գրանցվել են անհատական քարտերում։
«Ես մենակ գիտեմ, որ ինքնաթիռում գերազանց սպասարկում էր», - ասաց ուղևորներից մեկը։
Երևան-Թեհրան կանոնավոր թռիչքները չեղարկվել են երեկվանից, երբ ուժի մեջ է մտել օդային հաղորդակցության սահմանափակման վերաբերյալ կառավարության որոշումը։ Այսօր առավոտյան հատուկ չվերթով Հայաստանից մեկնել են իրանցիներ ու վերադարձել Հայաստանի քաղաքացիներ։ Օդանավում նաև հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի մասնագետն է եղել՝ առողջապահության նախարարի հանձնարարությամբ։
Թեհրանից ժամանածները զարմացած, բայց դժգոհ չէին այս ուշադրությունից. «Խուճապն այստեղ ավելի շատ է»։
Հաջորդ հատուկ չվերթը ուրբաթ օրն է։ Երեկվանից մասամբ փակ է նաև Իրանի հետ ցամաքային սահմանը` Մեղրիի անցակետը։
Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի տվյալով՝ սահմանին շարժը կտրուկ նվազել է՝ երեկ կեսօրից մինչև այժմ սահմանը հատել է բեռնափոխադրող մեքենաների 155 վարորդ և ընդամենը 11 ուղևոր։ Բոլորը զննվել են՝ կորոնավիրուսի վարակի կասկածով քաղաքացիներ չեն եղել։
Կառավարության որոշմամբ՝ Իրանի հետ օդային ու ցամաքային սահմանի մասամբ փակումը երկշաբաթյա ժամկետով է։
Ի դեպ, հարևան Իրանում կորոնավիրուսի դեպքերի հետ կապված Հայաստանի Զինված ուժերի բոլոր զորամասերում արգելվել են զինծառայողների ծնողների հարազատների այցերը, պարտադիր ժամկետային զինծառայողներն էլ որոշ ժամանակով կզրկվեն արձակուրդներից։
Պաշտպանական գերատեսչությունից տեղեկացնում են՝ կանխարգելիչ միջոցառումներով նպատակ ունեն կանխել կորոնավիրուսի ներթափանցումը զորամասեր։