Զինված ուժերում հանցագործությունների թիվը 2019-ին նվազել է 18,5 տոկոսով. զինդատախազ

Հայկական բանակի ստորաբաժանում, արխիվ

2019 թվականին նախորդ տարվա համեմատ Զինված ուժերում հանցագործությունների թիվը նվազել է 18,5 տոկոսով, իսկ դրանց բացահայտման ցուցանիշները բարձր են՝ 97 տոկոս։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի անցկացրած խորհրդակցության ժամանակ նման տվյալներ է ներկայացրել զինվորական դատախազ Վահե Հարությունյանը։

Չնայած անցած տարվա դեպքերի նվազման միտումին՝ 2020-ի առաջին ամիսներին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերում խաղաղ պայմաններում արդեն ութ զինծառայող է մահացել, նրանցից երկուսը, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան է եղել։

Տարիներ շարունակ Զինված ուժերի խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին զարմացրել է, որ Գլխավոր դատախազությունն այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել այն պարագայում, երբ մի քանի օրում հինգ զինծառայող է մահացել։

«Նրանք ներկայացրել են, որ և՛ Պաշտպանության նախարարությունը, և՛ Գլխավոր դատախազությունը ուղղակի իդեալական աշխատանք են կատարում, նվազել են հանցագործությունները, բացահայտվել են, ու հատկապես բացահայտումների վրա են շեշտադրում արել։ Ուրեմն, սա ցույց է տալիս վարչապետի այն խոսքերը, հաստատում են վարչապետի այն խոսքերը, որ ներսից դիմադրություն կա», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց իրավապաշտպանը։

Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է. - «Վերլուծությունը ցույց է տվել, որ հատկապես բռնություններով պայմանավորված դեպքերը, այն է՝ զինծառայողների կողմից կանոնագրքով նախատեսված փոխհարաբերությունների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք դրսևորելը, իրենց թվացյալ առավելությունը ցույց տալու, կամ այդպիսի առավելությունն ընդգծելու, ծառայության ընթացքում իրենց համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև զինվորական կարգապահությանը չհարմարվելու և փողոցային բարքերով առաջնորդվելու հետևանք են»:

«Չի կարող բանակում մահվան ելքով դեպք տեղի ունենա, և դա որոշակի թերացումների արդյունք չլինի՝ սա ես ձևակերպում եմ որպես տեսականորեն բացարձակ ճշմարտություն։ Այլ հարց է, թե էդ թերացումը ինչ աստիճանի է՝ դա կարգապահակա՞ն խախտման աստիճանի է, դա հանցագործությա՞ն աստիճանի է, թե՞ ուղղակի անփույթ վերաբերմունքի արդյունք է», - խորհրդակցության ժամանակ ասել է գլխավոր դատախազը։

Արթուր Դավթյանը շեշտել է՝ չնայած հանցագործությունների թվի նվազման դրական միտումներին, այս տարվա առաջնահերթություններից են դառնում այսպիսի հանցագործությունների կանխարգելման, դրանց նպաստող պայմանների ու պատճառների վերացման ուղղությամբ առավել քան ակտիվ աշխատանքները։ «Մենք ո՛չ աշխատանքային ժամ պետք է նայենք, ո՛չ մեր լիազորությունների շատ ֆորմալ հատված պետք է նայենք, գիշերով, ցերեկով պետք է մտնեք զորամասեր, պետք է մտնեք զորանոցներ։ 2020 թվականի համար ձևավորվելիք առաջնահերթություն՝ բանակում այս փողոցային, երբեմն էդ քրեական ենթամշակույթին բնորոշ բարքերի դեմ հետևողական ու անզիջում պայքար իրականացնելն է։ Ընդ որում՝ էս երևույթի դեմ պայքար այլևս պետք է իրականացնել հնարավոր ու անհնար բոլոր գործիքներով։ Եվ ցավալի է, որ էս, հանրային կյանքում, քաղաքացիական կյանքում մենք գնում ենք այս ճանապարհով էդ երևույթի դեմ պայքարելու՝ անկեղծորեն գիտակցելով, որ էդ երևույթը մենք ունենք դեռևս բանակում», - նշել է գլխավոր դատախազը։

Խորհրդակցության ընթացքում Դավթյանն ընդգծել է՝ ցանկացած առանձնապես ծանր հանցագործության դեպքով քննության առարկա են դառնալու նաև դրա կանխման, բացահայտման պարտավորություններ ունեցող պաշտոնատար անձանց գործողությունները, և խիստ վերահսկողություն է իրականացվելու տրված վերոնշյալ հանձնարարականների կատարման նկատմամբ:

Ըստ վերլուծությունների՝ արձանագրվում են դեպքեր, երբ հանցագործությունները հետևանք են սպայական անձնակազմի կողմից կատարված հանցագործությունների ու այլ իրավախախտումների, ինչպիսին են զինծառայողների նկատմամբ համածառայակիցների, կրտսեր և ավագ սպայական կազմի ներկայացուցիչների կողմից դրսևորվող ոչ կանոնագրքային վարքագծի տարաբնույթ դրսևորումները:

Գլխավոր դատախազը հանձնարարել է դատախազների կողմից պարտադիր կազմակերպել այն անձանց ընդունելությունը, որոնք քննության ընթացքում չեն հաստատում իրենց նախապես հայտնած տեղեկությունները։

«Դա սպառնալիք եմ ես գնահատում։ Դուք գիտեք, որ զինվորական հանցագործություններով տանում են Ռազմական ոստիկանությունը, Ռազմական ոստիկանությունը մշակում է այդ զինվորներին, ցանկալի ցուցմունքներ են գրում, ինչպես և պահանջվում է նրանցից։ Նախաքննության տրված ցուցմունքները, որոնք գրվում են բոլորը նույն ցուցմունքը, ինչ որ իրենցից պահանջվել է, երբ որ դատարանում փոխում են ցուցմունքները, ա՛յ սրա մասին է խոսում, ամենայն հավանականությամբ, որ պետք է ընդունելության գան և բացատրեն, թե ինչու են փոխել։ Բացատրում են նրանք դատարանում՝ որովհետև բռնություն է կիրառվել իրենց նկատմամբ, որովհետև փակել են օրերով նրանց այնտեղ», - շեշտեց Ժաննա Ալեքսանյանը։

Իրավապաշտպանը հիշեցնում է զինծառայողների մահվան դեպքերով հարուցված քրեական գործերի մասին, որոնք ինքնասպանություն են որակվել, սակայն իրենք պարզել են, որ դրանք սպանություններ են։ «Անհերքելի փաստեր և ապացույցներ ունենք, որ դրանք ինքնասպանություններ չեն։ Բայց ոչինչ չի փոխվում, և ոչ մի տեղաշարժ։ Էնպես որ, այդ հայտարարությունը հերթական մի հայտարարություն է, որին որևէ մեկը չի հավատալու», - հայտարարեց Ժաննա Ալեքսանյանը։