Մատչելիության հղումներ

Երեք պայմանագրային զինծառայողների մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ձյան սողանքի հետևանքով երեք պայմանագրային զինծառայողների մահվան և մեկի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ Քննչական կոմիտեում արդեն քրեական գործ է հարուցվել՝ ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքի հատկանիշով, եթե այն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

«Այն հանգամանքը, որ այս տարի արդեն յոթ զոհ ունենք բանակում և դա խաղաղ պայմաններում սպանված, կամ ինքնասպանության, կամ պատահարի որևէ, կամ առողջական խնդիրների պատճառով զոհված անձինք են, դա նշանակում է, որ բանակը համակարգային խնդիր ունի», - ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

Պաշտպանության նախարարությունից ու Քննչական կոմիտեից դեռ մանրամասներ չեն ներկայացնում։ Հայտնի է՝ դեպքը տեղի է ունեցել Սյունիքի մարզում՝ մարտական հենակետերի հերթափոխի ժամանակ։ Պաշտպանության նախարարությունից «Ազատությանը» տեղեկացրին միայն՝ 4-րդ զինծառայողը, որ նույն օրը վնասվածքներ էր ստացել ու փրկվել, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից ու տանն է։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը տարօրինակ է համարում՝ արդյո՞ք ղեկավար կազմը հաշվի չի առել հնարավոր վտանգը։

«Արդյո՞ք չպետք է ուսումնասիրվեր կամ նախնական ինչ-որ տվյալներ հաղորդվեր այդ տարածքում հնարավոր ձյան սողանքի հետ կապված», - նշեց Սաքունցը։

2010 թվականից մինչև այս տարվա հունվարը Հայաստանի ու Արցախի զինված ուժերում զոհվել է 643 հոգի, սակայն հակառակորդի կրակոցից, ներառյալ 2016 թվականի ապրիլյան պատերազմը՝ 249-ը, մնացած 394-ը զոհվել են խաղաղ պայմաններում՝ ինքնասպանություններ, դժբախտ պատահարներ, հիվանդության հետևանքներ և այլն. սա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վիճակագրությունն է։ Ստացվում է՝ նախորդ տասը տարվա ընթացքում հայկական զինված ուժերում հակառակորդի կրակոցից զոհերի թիվը զգալի նվազ է։

«Դա արդեն իսկ ազդակ է, որ կառույցը չի կարողանում վերափոխվել, չի կարողանում հաղթահարել մարդու իրավունքների հաղթահարելի այն խոչընդոտներն ու խնդիրները, որոնք առկա են այդ կառույցում», - ասաց Զարուհի Հովհաննիսյանը։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նախորդ ամսին արձանագրված 4 դեպքերից երկուսը ինքնասպանության, մեկը դժբախտ պատահարի և մեկն էլ հիվանդության հետևանք էր։

XS
SM
MD
LG