Մատչելիության հղումներ

Մեղադրանք է առաջադրվել Վահրամ Ավագյանի ևս երկու ծառայակիցների


Օրերս Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում մահացած ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքով Քննչական կոմիտեն նրա ևս երկու ծառայակիցներին այսօր մեղադրանք առաջադրեց՝ ստորադասության բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան:

Ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ երեկոյան կալանավորվել էր զինվորի մյուս ծառայակիցը՝ Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը: Նրան ևս նույն մեղադրանք է առաջադրվել։

Դավիթ Մովսիսյանի հայրը՝ Առաքել Մովսիսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ ինքը «չի խառնվում, թող քննությունը բացահայտի», և խորհուրդ տվեց կապվել փաստաբանի հետ։

Նրա որդու պաշտպան Գոռ Գևորգյանը փոխանցեց, որ զինվորը մեղադրանքը չի ընդունում, կալանավորումը ապօրինի է համարում։ Նա հայտարարություն է արել. - «Հայտարարություն է արել, որ մեղադրանքի էությունը անորոշ է, անգամ մեղադրանքը կարդալուց չես հասկանում, թե կոնկրետ ինչում է մեղադրվում։ Իսկ ինչ վերաբերում է հոդվածին՝ Քրեական օրենսգրքի այն հոդվածին, որով մեղադրանք է առաջադրվել, այդ հոդվածի հետ որևէ կապ չունի։ Չի կատարել որևէ արարք, որում կարտահայտվեր այդ հոդվածի հանցակազմով սահմանված արարքը։ Չի ընդունում մեղադրանքը, գտնում է, որ անհիմն է։ Անհիմն էր նաև կալանավորման միջնորդությունը, անհիմն էր նաև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը։ Այդ անհիմն լինելու հանգամանքը որոշակիորեն ֆիքսեց նաև դատարանը, քանի որ մինչ այդ իմ կողմից ձերբակալման արձանագրության բողոքարկումը բավարարվեց դատարանի կողմից, և ձերբակալումը դիտվեց ոչ օրինաչափ»։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, շարքային Ավագյանը իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոցներ էր արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած վնասվածքներից մահացել: Զինվորի հարազատները, որոնք չեն հավատում նրա ինքնասպանության վարկածին, կիրակի օրը ցանկանում էին նրա դին Արմավիրի Հայթաղ գյուղից մայրաքաղաք բերել՝ պնդելով, որ տղային սպանել են:

Նրանց հետ հանդիպել էր Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հայտարարելով, որ հետևելու է այս գործին՝ վստահեցնելով, որ մահվան հանգամանքները պարզվելու են։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը վերհիշեց, որ նման իրավիճակ ստեղծվել էր տարիներ առաջ, երբ մահացել էր 19-ամյա զինծառայող Լյուքս Ստեփանյանը։ Նրա հայրը, ի նշան բողոքի, որոշել էր որդու դին բերել Երևան՝ կառավարության շենքի մոտ։ Սակայն այն ժամանակ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ճանապարհի կեսին հանդիպեց նրան և խոստացավ հետամուտ լինել, որ բոլոր մեղավորները պատժվեն։

Իրավապաշտպանի համոզմամբ, նման ծայրահեղ քայլին գնալը վկայում է, որ և՛ իրավապահ համակարգի, և՛ բանակի նկատմամբ վստահությունը դեռ չի բարձրացել. - «Վշտի մեջ թաղման թափորը շարժվել է Երևան, որպեսզի հավելյալ ուշադրություն գրավի։ Մարդիկ ստիպված են չունենալով վստահություն այդ մարմինների, իրավապահ համակարգի նկատմամբ՝ ստիպված են հավելյալ, շատ հաճախ ծայրահեղ միջոցների դիմել, որպեսզի ուշադրություն հրավիրեն դեպքի նկատմամբ և որոշակի միջոցներ գործադրելով իրավապահ համակարգից ինչ-որ ուժով պոկել այդ խոստումը, որ կբացահայտվի այդ դեպքը»։

Զինվորի ծառայակիցների ձերբակալության մասին հայտնի դարձավ հարազատների ակցիայի օրը, նույն օրն էլ Պաշտպանության նախարարը հայտնեց, որ ձերբակալվածներից մեկը նախկին պատգամավոր Մովսիսյանի որդին է։

Իրավապաշտպանը նկատում է․ - «Այստեղ ևս ես մարդու իրավունքների լրջագույն խնդիր եմ տեսնում, որովհետև հանգստացնել հանրությանը և շեղել հանրությանը համակարգային խնդիրներից նման մեթոդներով, ես համարում եմ ոչ իրավաչափ։ Որևէ բան չի ապացուցում, որ անձը մեղավոր է՝ այս պահին։ Հասկանալի է, որ պետք է նախաքննություն գնա և այլն, և այլն, բայց նման զգայուն պարագայում, երբ հանրային ցասումը բարձրացել է բավականին լուրջ աստիճանի, հրապարակ նետել նմանատիպ անձի որդու հետ կապված մանրամասներ, դա նշանակում է հանրության ուշադրությունը շեղել տվյալ անձի վրա և ոչ համակարգային խնդրի վրա, որը պարբերաբար կրկնվում է»։

XS
SM
MD
LG