Մատչելիության հղումներ

Մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի զորամասի սպաները տույժերի են ենթարկվել, երկուսը զորացրվել են


Արցախի Պաշտպանության բանակի զորամասում հունվարի 30-ին զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու համար բանակի հրամանատարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից անցկացվել է ծառայողական քննություն:

Քննության արդյունքներով որոշում է կայացվել մի շարք ավագ սպաների, այդ թվում՝ զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալին և դիվիզիոնի հրամանատարին զորացրել Զինված ուժերի շարքերից:

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ նույն գործի շրջանակում խիստ կարգապահական տույժերի են ենթարկվել զորամասի հրամանատարն ու նրա տեղակալները, իսկ որոշ պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել է պաշտոնի իջեցում:

«Հետաքննությունը շարունակվում է, և տույժի ենթարկված տվյալ պաշտոնատար անձինք այդքանով հանդերձ չեն ազատվում հետագա հնարավոր քրեական պատասխանատվությունից», - ասված է հաղորդագրությունում։

Այսօր ավելի ուշ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Վահրամ Ավագյանի հարազատներին ընդունել է նախարար Դավիթ Տոնոյանը։

«Պաշտպանության նախարարը մահացածի հարազատներին ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել և վերահաստատել, որ իր իրավասությունների շրջանակներում հետևողական է լինելու դեպքի բոլոր մանրամասների բացահայտման հարցում։ Դավիթ Տոնոյանը Վահրամ Ավագյանի հարազատներին տեղեկացրել է Պաշտպանության բանակում ձեռնարկված կարգապահական միջոցների, այդ թվում՝ մի շարք պաշտոնատար անձանց զբաղեցրած պաշտոններից ազատումների մասին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ ՊՆ-ն իր լիազորությունների շրջանակներում աջակցելու է նախաքննության օբյեկտիվ իրականացման գործընթացին», - ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ զինվորի մահվան կապակցությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նրա երեք ծառայակիցներին, այդ թվում՝ Հայաստանի Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդուն՝ Դավիթ Մովսիսյանին։ Վերջինս կալանավորված է, մյուս երկու մեղադրյալների՝ Խաչիկ Գասպարյանի և Սպարտակ Ավետիսյանի համար ևս կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնոդրություն է ներկայացվել։

XS
SM
MD
LG