Մատչելիության հղումներ

Զինծառայողի մահվան գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանը կալանավորվել է


Քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ
Քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել 59-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Նշենք, որ Դավիթ Մովսիսյանը Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է:

Հիշեցնենք, Քննչական կոմիտեն դեպքի օրը հայտարարել էր՝ շարքային Ավագյանը իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Քրեական գործը հարուցվել էր ինքնասպանության հասցնելու հոդվածով: Ապա հայտարարություն տարածեց՝ Ավագյանի մահվան առթիվ հարուցված քրգործի շրջանակում ձերբակալվել են նրա երեք համածառայակիցները՝ Խաչիկ Գասպարյանը, Սպարտակ Ավետիսյանը և Դավիթ Մովսիսյանը զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու կասկածանքով՝ նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում։

XS
SM
MD
LG