Բախումների նոր ալիք Իդլիբում. սիրիական զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող այդ միակ նահանգում թուրքական ստորաբաժանումներն ու սիրիական կառավարական բանակը փոխադարձ կրակահերթ են բացել, երկու կողմից էլ կան զոհեր: Այս մասին այսօր առավոտյան հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
«Այսօր սիրիական վարչակազմի կողմից իրականացված հրետանային հարվածների հետևանքով Իդլիբում 4 թուրք զինվորական է զոհվել: 9 զինծառայող վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Այս պահին Իդլիբում ռազմական գործողությունները շարունակվում են, և թուրքական բանակի պատասխան գործողության արդյունքում 30-35 սիրիացի զինվորականներ չեզոքացվել են», - հայտնել է Թուրքիայի նախագահը:
Լոնդոնում գործող «Սիրիայում մարդու իրավունքների խախտումների դիտարկման կենտրոնի» տվյալներով՝ թուրքական հարվածների հետևանքով զոհված սիրիացի զինվորականների թիվը 6-ն է: Էրդողանը նշել է, որ Անկարան Սիրիայի դաշնակից Ռուսաստանի իշխանություններին զգուշացրել է՝ եթե չեն կարողանում Իդլիբում կանգնեցնել Բաշար Ասադի բանակին, ապա «թող չփորձեն խոչընդոտներ հարուցել թուրքական բանակի համար»:
Սիրիայում արդեն 9-րդ տարին շարունակվող ներքաղաքական պատերազմի ընթացքում Թուրքիան և Ռուսաստանը հակառակ ճամբարների են աջակցում՝ Մոսկվան՝ Ասադին, Անկարան՝ նրա դեմ մարտնչող ընդդիմադիրներին, որոնց Ռուսաստանի իշխանություններն ահաբեկիչներ են համարում: Բայց տևական ժամանակ կողմերը կարողանում էին փոխհամաձայնեցված քաղաքականություն վարել: Շահերը, սակայն, հատվեցին Թուրքիայի սահմանից 25 կմ հեռավորության վրա գտնվող Իդլիբում, որտեղ Ասադի կառավարական զորքերը ռուսների աջակցությամբ ռմբակոծում են այդ տարածքը:
«Թուրքիան չի անտեսի իր զինվորականների մահն Իդլիբում: Հրետանային հարվածների բոլոր մասնակիցները կարժանան Անկարայի կոշտ արձագանքին», - հայտարարել է Էրդողանը` հավելելով, որ լի են վճռականությամբ սեփական անվտանգության համար գործողությունները շարունակելու հարցում:
«Ով կասկածի տակ է դնում մեր վճռականությունը, շուտով կհասկանա, որ սխալվել է», - ասել է Թուրքիայի նախագահը:
Սիրիական բանակին ռազմական, մասնավորապես օդից աջակցություն ցուցաբերող ռուսական կողմը հայտարարում է, որ թուրք զինվորները զոհվել են ահաբեկիչների կողմից արձակված կրակահերթերի հետևանքով: Թուրքիայի իշխող ուժը, մինչդեռ, պնդում է, որ Անկարան Մոսկվային տրամադրել է իր զինվորականների տեղաշարժի մասին տեղեկատվությունը:
«Ռուսաստանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում»,- Թվիթերում գրել է «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, իր հերթին արձագանքելով Իդլիբի շուրջ ընթացող վերջին զարգացումներին, ասել է, թե ռուս ու թուրք զինվորականները գտնվում են մշտական կապի մեջ, և անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի կազմակերպել նաև նախագահների հեռախոսազրույցն ամենակարճ ժամկետում:
Թուրք-ռուսական հերթական առճակատման թատերաբեմ դարձած Իդլիբը սիրիական ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին նահանգն է, որում բնակվում է մոտ 3 միլիոն մարդ, այդ թվում՝ 100 հազարավոր փախստականներ երկրի այլ շրջաններից: ՄԱԿ-ի տվյալներով՝ Իդլիբում սիրիական կառավարական զորքերի հարձակողական գործողությունների մեկնարկից ի վեր՝ ապրիլից սկսած, Սիրիայի հյուսիսարևմտյան շրջաններում ավելի քան 400 հազար մարդ դարձել է փախստական, դատարկվել են քաղաքներ և գյուղեր: Անկարան պնդում է, որ տասնյակ հազարավոր իդլիբցիներ ապաստան են փնտրում երկրի հյուսիսում՝ թուրքական սահմանի մոտ:
Թուրքիան շեշտում է, որ իր զինվորականներն Իդլիբում են ռազմական գործողությունները կանխելու նպատակով` թույլ չտալու փախստականների նոր հոսք դեպի իր սահմաններ: Այդ նպատակով 2018 թվականին Սոչիում էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել էին Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծել, սակայն կողմերը պարբերաբար միմյանց մեղադրում են պայմանավորվածությունները խախտելու համար: Անցած ամիս էրդողանը հայտարարել է, թե այլևս լցվել է իր համբերության բաժակը՝ Մոսկվայի կողմից խոստումները շրջանցելու պատճառով:
«Մենք փորձում ենք փրկել տառապյալներին, ի՞նչ են ասում ռուսները՝ «մենք պայքարում ենք ահաբեկիչների դեմ», ովքե՞ր են ահաբեկիչները, սիրիացինե՞րը, ովքեր պաշտպանում են իրենց հողերը», - ընդգծել է Էրդողանը: