Մատչելիության հղումներ

Իդլիբում շարունակվում է սիրիական բանակի լայնածավալ հարձակումը


Սիրիա, Իդլիբից հյուսիս-արևմուտք գտնվող Հազանո գյուղը, սիրիական ընտանիքներն ուղևորվում են դեպի թուրք-սիրիական սահման, 24-ը դեկտեմբերի, 2019թ.
Սիրիա, Իդլիբից հյուսիս-արևմուտք գտնվող Հազանո գյուղը, սիրիական ընտանիքներն ուղևորվում են դեպի թուրք-սիրիական սահման, 24-ը դեկտեմբերի, 2019թ.

Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ուժերի լայնածավալ հարձակումը զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող միակ նահանգում` Իդլիբում, շարունակվում է:

Սիրիայի կառավարական բանակը ռուսական օդուժի գործուն աջակցությամբ վերջին մի քանի օրերին կարողացել է զգալիորեն առաջ շարժվել` շրջապատման իրական վտանգ ստեղծելով ռազմավարական նշանակություն ունեցող Մաարատ-Էն-Նուուման քաղաքի համար: Դատելով Դամասկոսից հնչող հայտարարություններից` այս հարձակումը կարող է դառնալ Իդլիբը ընդդիմության ուժերից լիակատար զտման սկիզբը:

«Սիրիական բանակի գլխավոր հրամանատարությունը որոշել է Իդլիբ նահանգը վերջնականապես ազատագրել ահաբեկիչներից և նրանց աջակիցներից: Դրա հետ մեկտեղ մենք լուրջ ուշադրություն ենք դարձնում խաղաղ բնակչության անվտանգությանը: Այդ իսկ պատճառով կոչ ենք անում խաղաղ բնակիչներին լքել ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող շրջանները և անցնել երկրի այն տարածքներ, որոնք Սիրիայի բանակի վերահսկողության տակ են գտնվում: Սիրիական բանակը եկել է ձեզ ահաբեկիչներից և ահաբեկչությունից փրկելու», - երեքշաբթի երեկոյան Սիրիայի պետական հեռուստատեսության եթերում հայտարարում էր կառավարական բանակի պաշտոնական ներկայացուցիչը` դիմելով Իդլիբի բնակիչներին:

Ռազմական գործողությունների թատերաբեմ դարձած Իդլիբի բնակիչները, սակայն, կառավարական բանակի հսկողության տակ գտնվող շրջաններ անցնել չեն շտապում: Նրանց մեծ մասը գերադասում է հեռանալ դեպի հյուսիս` դեպի թուրք-սիրիական սահման: Պաշտոնական Անկարայի տվյալներով՝ այս պահին այստեղ գտնվող անցակետերում շուրջ 80 հազար փախստական է կուտակվել:

«Մենք փախել ենք Մաարատ-Էն-Նուուման քաղաքից: Հանցագործ Բաշար Ասադի օդուժը ռմբակոծում էր մեզ, այնտեղ մնալն այլևս անհնարին էր: Մենք ամեն ինչ թողել ենք Մաարան-Էն-Նուումանում և այժմ ահա հայտնվել ենք փողոցում», - նշում էր Թուրքիայի հետ սահմանին գտնվող Բաբ-ալ-Հավա անցակետում պատսպարված փախստականներից մեկը:

Սիրիացի մեկ այլ փախստականի խոսքով էլ՝ վերջին օրերի հարձակման հիմնական թիրախը խաղաղ բնակչությունն է. - «Մենք փախել ենք անվերջ հրթիռակոծությունների և ռմբակոծությունների պատճառով: Այժմ մեզ մնում է միայն Աստծո ողորմածությունը հայցել և հուսալ, որ Միավորված Ազգերի Կազմակերպությունն ի վերջո ուշադրություն կդարձնի այս ամենին: Բաշար Ասադն ու ռուսական բանակը մեզ պարզապես ոչնչացնում են», - նշում էր Թուրքիայի հետ սահման հասած մեկ այլ փախստական:

Խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկությունները հաստատում են նաև արևմտյան աղբյուրները: AFP գործակալության տեղեկություններով՝ ռուսական օդուժի վերջին հարվածների հետևանքով 8 խաղաղ բնակիչ է զոհվել, նրանցից 5-ը անչափահասներ են: Լոնդոնում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման» կենտրոնի տվյալներով՝ Իդլիբում վերջին մեկ շաբաթում սպանված խաղաղ բնակիչների թիվը գերազանցում է 8 տասնյակը:

Ռուսական աղբյուրների տեղեկություններով՝ Իդլիբում իրականացվող հարձակման հարվածային ուժը Սիրիայի կառավարական բանակի 25-րդ հակաահաբեկչական դիվիզիան է, որը Բաշար Ասադին հավատարիմ ուժերի շրջանում էլիտար ստորաբաժանման համբավ է վայելում: Վերջին օրերին ծավալված հարձակման ընթացքում սիրիացի զինվորականները շրջապատել են նաև միջազգային պայմանավորվածությունների հիման վրա Իդլիբում գործող ռազմական դիտորդների թուրքական կայանը: Դա էր պատճառը, որ երկուշաբթի օրը Թուրքիայի արտգործնախարարության մի մեծ պատվիրակություն շտապ կարգով մեկնեց Մոսկվա: Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի խոսքով՝ Մոսկվա ժամանած թուրք դիվանագետներին Ռուսաստանի իշխանությունները վստահեցրել են, թե կառավարական զորքերի Իդլիբում մեկնարկած հարձակումը մոտ ապագայում դադարեցվելու է:

XS
SM
MD
LG