Սիրիական կառավարական բանակի հարձակումից հետո ջիհադիստներն ու ապստամբ խմբավորումները լքում են Իդլիբ նահանգի խոշորագույն քաղաքներից մեկը՝ Խան Շեյխունը: Այս մասին, Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտնում է Լոնդոնում տեղակայված սիրիական իրավապաշտպան կենտրոնը:
Վերջին հինգ տարվա ընթացքում զինյալների վերահսկողության տակ գտնվող Խան Շեյխունի ազատագրումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակին թույլ է տալիս ամբողջովին վերահսկելի դարձնել Դամասկոս-Հալեպ մայրուղին:
Իդլիբը սիրիական ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին նահանգն է, որում բնակվում է մոտ 3 միլիոն մարդ՝ այդ թվում հարյուր հազարավոր փախստականներ երկրի այլ շրջաններից:
ՄԱԿ-ի տվյալներով, Իդլիբում կառավարական զորքերի հարձակողական գործողությունների մեկնարկից ի վեր՝ ապրիլից սկսած, Սիրիայի հյուսիսարևմտյան շրջաններում ավելի քան 400 հազար մարդ դարձել է փախստական, դատարկվել են քաղաքներ և գյուղեր: