ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի մասին

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նախնական տվյալներով՝ հունվարի 17-ին, ժամը 14:30-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հրազենով ինքնասպանություն է գործել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը:

Նաիրա Հարությունյանը նշել է, որ ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ. Մեսրոպյանը: ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստեղծվել է քննչական խումբ:

Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը:

ՔԿ-ն տեղեկացնում է, որ մշակվել է քննչական և դատավարական գործողությունների պլան: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հյուրասնեյակում գտնվող բազմոցի /որի վրա հայտնաբերվել է Կուտոյանի դիակը/ դիմաց առկա փոքր սեղանի վրա հայտնաբերվել է 35 հատ կրակված պարկուճ և 6 հատ գնդակ, հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 7 հատ պարկուճ, 1 հատ գնդակ, իսկ հյուրասենյակի հարևանությամբ գտնվող խոհանոցի հատակին հայտնաբերվել է ևս 3 գնդակ: Հյուրասենյակում՝ Գ. Կուտոյանի աջ ոտքի ուղղությամբ՝ հատակին, հայտնաբերվել է Glock տեսակի ատրճանակ առանց փամփուշտի:

«Հյուրասենյակում գտնվող բազմոցի /որի վրա հայտնաբերվել է դիակը/ դիմային պատին, որը հանդիսանում է հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատը, հայտնաբերվել են 41 վնասվածքներ, այդ թվում՝ միջանցիկ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի դեկտեմբերի 9-ին, Գ. Կուտոյանը ՀՀ վերադառնալուց հետո, ժամանակավորապես բնակվել է հայրական տանը, սակայն ժամանակ առ ժամանակ այցելել է Պարույր Սևակի փողոցում գտնվող իրեն պատկանող բնակարան», - գրել է ՔԿ մամուլի խոսնակը:

Քկ-ն տեղեկացնում է, որ միաժամանակ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2019 թվականի դեկտեմբերի վերջերին Գ. Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ, ալկոհոլ օգտագործելուց հետո, օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին:

«Հետագայում, Գ. Կուտոյանի խնդրանքով, վերջինիս կինը կրակված պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել և դրել է հյուրասենյակի՝ բազմոցի դիմաց գտնվող սեղանին: Քննությամբ տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ Գ. Կուտոյանը 2020 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, հայրական տան մոտակայքից՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայից վարձակալած տաքսիով ուղևորվել է Պարույր Սևակի իրեն պատկանող բնակարան՝ նախապես ընտանիքի անդամներին տեղեկացնելով հիշյալ բնակարանում երկու- երեք օր հանգստանալու իր մտադրության մասին: 2020 թվականի հունվարի 17-ին Գ.Կուտոյանի հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել վերջինիս հետ, գնացել են նշված բնակարան, որտեղ Գ. Կուտոյանի կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է նրա դին», - ասված է հաղորդագրությունում:

Նաիրա Հարությունյանը նաև նշել է, որ կատարվել են բազմաթիվ հարցաքննություններ, այդ թվում՝ պարզվել և հարցաքննվել է տաքսու վարորդը, քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, գենետիկական, հետքաբանական, ձգաբանական, կենսաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: