«Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ՝ նշելով՝ «Կուտոյանի սպանությունը իշխանության նահանջի վերջին բնագիծն է»։
«Պետությունը զավթած ազգադավ ու ոճրագործ մաֆիան 2018-ի գարնանը համաժողովրդական ընդվզմամբ տապալվելուց հետո չչեզոքացվեց։ Հեղափոխական կոչվող նոր իշխանությունը հեղափոխություն անելու փոխարեն դարձավ մաֆիոզ ռեժիմի իրավահաջորդ և մինչ օրս փորձում է մաֆիային չեզոքացնելու փոխարեն «լեզու գտնել» նրա հետ», - ասված է հաղորդագրությունում։ - «2019-ի աշնանից սկսած՝ ազատորեն գործելու հնարավորություն ստացած մաֆիան սողացող ռևանշի իր մարտավարության մեջ հասավ այն կանխատեսելի հանգրվանին, որ սկսեց ֆիզիկապես վերացնել կարևոր տեղեկության տիրապետող և տարբեր պատճառներով իր վերահսկողությունից դուրս մնացած անձանց։ Սակայն գործող իշխանությունը շարունակում է կառավարման իմաստով մնալ հանցավոր անգործության վիճակում։ Նույնիսկ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի սպանությունից հետո իշխանությունը չսթափվեց և գոնե անվտանգության ապահովման միջոցներ չձեռնարկեց կարևոր տեղեկույթի տիրապետող նախկին պաշտոնյաների նկատմամբ»։
«Սասնա ծռեր»-ի համոզմամբ՝ Գեորգի Կուտոյանի «սպանությունը» նշված գործընթացի հերթական, բայց ոչ վերջին գործողությունն է։ «Եթե մաֆիան դա ևս մարսի, ապա կանցնի բաց և լայնածավալ հարձակման», - պնդում է «Սասնա ծռեր» կուսակցությունը՝ համոզմունք հայտնելով, որ գործող իշխանությունը պետք է «սթափվի, դուրս գա ինքնարբեցումի թմբիրից», ազգային-ժողովրդավարական ուժերի հետ կազմի ազգային համաձայնության կառավարություն և ավարտին հասցնի հեղափոխությունը, կամ էլ կտապալվի:
Հիշեցնենք՝ երեկ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին։
ԱԱԾ նախկին տնօրենի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։