ՍԴ ճգնաժամի լուծումը սահմանադրական փոփոխություններն են, պնդում է Մարուքյանը

Իրավիճակը, որ ստեղծվել է Սահմանադրական դատարանի շուրջ, անցած տարվա ընթացքում ու մինչ օրս այդպես էլ հանգուցալուծում չստացավ։

Դեկտեմբերի վերջին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի անդամների վաղ կենսաթոշակի մասին օրենքը, որը խորհրդարանն ընդունել էր միայն իշխող մեծամասնության ձայներով։ Ըստ այդ օրենքի՝ եթե Սահմանադրական դատարանի 7 անդամները, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև գարուն հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կշարունակեն ստանալ աշխատավարձի չափով կենսաթոշակ։ Օրենքը ՍԴ 9 դատավորներից 7-ին է վերաբերում, որոնք ընտրվել են մինչև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները։

Իշխանությունը վաղ կենսաթոշակը համարում է Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծումներից մեկը։

Թեմայի շուրջ է զրույցը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրի՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։ Նա կարծում է՝ եթե ՍԴ դատավորները վաղ կենսաթոշակի չգնան, սահմանադրական փոփոխություններով պետք է խնդիրը լուծել։

Ստորև՝ հատված հաղորդումից.

«Ազատություն». - 2019-ի հիմնական թեմաներից մեկը Սահմանադրական դատարանը դարձավ, և եղավ այն, ինչ եղավ, և ամենայն հավանականությամբ այդ վաղաժամ թոշակից օգտվողներ չեն լինի։ Դե ասեք՝ ի՞նչ անեն, Փաշինյանը պնդում է, որ ճգնաժամը դեռ կա։

Էդմոն Մարուքյան. - Սահմանադրական փոփոխություններ, ինչը մենք անդադար ասել ենք։ Այսինքն, տեսեք, վաթսուն բան կիրառեցին, վերջում էլի գալու են մեր ասածը անեն, որովհետև էն, ինչ որ կիրառվել է, եղել է անարդյունավետ, եղել է հատային՝ ոչ համակարգային, լուծումներ, և անձնավորված, իսկ մենք ինստիտուցիոնալ լուծում ենք առաջարկում, և էդ ինստիտուցիոնալ լուծումը հնարավոր է միան անել սահմանադրական փոփոխություններով։

Հիմա, ես կարծում եմ, որ եթե, ես ինֆորմացիա չունեմ, որ դիմում գրող չկա, եթե չգրեցին մինչև ամսի 31-ը, ուրեմն՝ էդ օրենքը, ըստ էության, անիմաստ ընդունվեց, անիմաստ օրեր, ժամեր կորցրեցինք էդ օրենքի վրա, ինչ որ մենք ի սկզբանե ասում էինք, և հետևաբար՝ էլի գալու են մեր ասած գաղափարին, որ պետք է սահմանադրական փոփոխություններով էս խնդիրը լուծել։

«Ազատություն». - Դուք Հրայր Թովմասյանի հետ խոսակցություն ունեցե՞լ եք, նա բաց արդեն քաղաքական ճնշումների մասին է հայտարարում, որ ասել են՝ «հրաժարական տուր, թե չէ մեղադրյալ կներգրավվես»։

Մարուքյան. - Նա մեզ չի դիմել, չէ, որևէ նման քննարկում մենք չունենք՝ որևէ դատավորի հետ, ընդ որում, ոչ միայն նրա, և մեր բոլոր շփումները պաշտոնական.... վերջին անգամ տեսել եմ Սուրբ Ծնունդի պատարագին։

«Ազատություն». - Երբ միասին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էիք։

Մարուքյան. - Այո, Սուրբ Ծննդյան պատարագին, և նաև էնտեղ էլ հարց կար, որ՝ «բա ինչի՞ է ՍԴ նախագահը եկել», չգիտեմ ով, լրագրող էր հարցնում, ես ասացի, որ ըստ արարողակարգի 4-րդ պաշտոնյան է, ըստ էության, երկրի, և մենք, որ խմբակցության ղեկավարներ ենք, մենք նստած էինք տիկին Մակունցի հետ շատ ավելի հետ, քանի որ այն պաշտոնյաները, ովքեր ըստ այդ՝ Սերժ Սարգսյանի ժամանակների արարողակարգի պետք է լինեն այնտեղ։

«Ազատություն». - Այնուամենայնիվ, Դուք խնդրահարույց չե՞ք տեսնում, որ մի փուլում, միաժամանակ իրավապահ մարմինները հիշեցին Թովմասյանին։

Մարուքյան. - Խնդրահարույց մենք տեսել ենք դրա հետ կապված՝ և՛ Արսեն Բաբայանի խնդիրը, քրեական գործը, և՛ պարոն Բաբլոյանի, և բարձրաձայնել ենք։ Սրա մասին ես բազմիցս նաև իմ ելույթներում եմ ասել, որ՝ «դուք անձնավորված....», և Պետաիրավականի նիստում եմ ես խոսել, որ սա կարող է բերել նրան, որ Եվրոպայի խորհրդում մենք հայտնվենք անհարմար իրավիճակում՝ նույն Մոնիտորինգի հանձնաժողովում, որտեղ ես անդամ եմ, նույն էդ զեկույցներում հնարավոր է, որ էս խնդիրները բարձրաձայնվեն։

Հետևաբար՝ ի սկզբանե թիրախավորումը անձնավորված շատ սխալ էր, և պետք էր համակարգային մոտենալ, այսինքն՝ դատարանի բարեփոխում։

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդաշարի հունվարի 12-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.