Նոտարական գրասենյակների սեփականաշնորհման գործով մեղադրյալ, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանն այսօր կալանավորվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը։
Քրեական գործն առնչվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ արդարադատության նախարար աշխատելու շրջանին: Թովմասյանին և նրա սանիկին նույն՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել: ՍԴ նախագահի խափանման միջոցը չբացակայելու ստորագրությունն է։
Հրայր Թովմասյանի սանիկը ձերբակալվել էր սեպտեմբերին: Փանոսյանի նկատմամբ ի սկզբանե որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Ավելի ուշ, նոյեմբերին Վերաքննիչ քրեական դատարանը Փանոսյանին ազատ արձակեց՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։
Տարեվերջին Հատուկ քննչական ծառայությունը Փանոսյանի մեղադրանքը լրացրեց և դիմեց դատարան, ինչի արդյունքում արդարադատության նախարարության նախկին պաշտոնյան այսօր կրկին կալանավորվեց:
Լրագրողների հետ զրույցում Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը որոշումը որակեց կամակատարային:
«Ցավում եմ, որ դատական համակարգը շատ ավելի տխուր վիճակում է, քան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրորք, այն պարզապես ոչնչացված է։ Կամակատարային խայտառակ որոշում է կայացվել՝ մեր պաշտպանյալին կալանավորելու, որը մենք, իհարկե, կբողոքարկենք», - ասաց փաստաբանը։
Աթանեսյանի հայտարարությանն արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկինում իրավապաշտպան գործունեությամբ զբաղված Հերքինազ Տիգրանյանը՝ ասելով, որ ինքը չի կիսում փաստաբանի կարծիքը։
«Ես չեմ կիսում այդ տեսակետը և ընդհանրապես համեմատելու եզրեր չեմ տեսնում։ Ես ընդամենը խորհուրդ կտամ ևս մեկ անգամ ընթերցեն մարդու իրավունքների պաշտպանի 2013 թվականի արտահերթ զեկույցը դատական համակարգի վերաբերյալ և համեմատական անցկացնեն այսօրվա դատական համակարգի հետ, ես լրացուցիչ մեկնաբանման անհրաժեշտություն չեմ տեսնում», - նշեց Հերիքնազ Տիգրանյանը։
Փաստաբանը Փանոսյանի մեղադրանքի մասին մանրամասներ չի փոխանցում, այսօր հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։ Մինչդեռ Թովմասյանի մեղադրանքի վերաբերյալ դատախազության տարածած հայտարարության մեջ կարդում ենք․ «Հրայր Թովմասյանը իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձի հետ հանցակցությամբ, օգտագործելով նոտարների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունները, մասնագիտական գործունեությանը միջամտելու, աշխատանքից ազատելու սպառնալիքով խոչընդոտել է նոտարների կողմից համապատասխան հասցեում գտնվող տարածքի անհատույց օգտագործման իրենց իրավունքից դատական կարգով օգտվելու գործընթացին, այնուհետև, հիշյալ տարածքի նկատմամբ իր՝ փաստացի տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավունքը քողարկելու անձնական մղումներից ելնելով՝ Թովմասյանը այլ անձի անվամբ ձեռք է բերել այդ տարածքը: Այնուհետև շահադիտական դրդումներով՝ իր ենթակայության ներքո գործող պաշտոնատար անձանց միջոցով, օգտագործելով 2 նոտարների կախյալ վիճակը՝ 2013թ. հոկտեմբերին վերջիններիս հետ ձեռք են բերել նրանց համար ակնհայտ ոչ շահավետ գնով տարածքը վարձակալությամբ հանձնելու պայմանավորվածություն»:
Տարեվերջին ակնկալվում էր, որ գործով պետք է հարցաքննվի նաև Հրայր Թովմասյանը, սակայն այն հետաձգվեց փաստաբանների բացակայության պատճառով։ ՀՔԾ-ից դեռ չեն մանրամասնում, թե երբ տեղի կունենա ՍԴ նախագահի հարցաքննությունը։