Մատչելիության հղումներ

Մեղադրանք առաջադրվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին


Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանին այսօր Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։

Այսօր վաղ առավոտյան ՍԴ էին գնացել ՀՔԾ քննիչները Թովմասյանին հարցաքննելու նպատակով: Հանդիպումից հետո Թովմասյանը լրագրողներին փոխանցեց՝ իր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

«Ինձ վեց ամիս առաջ դրա մասին զգուշացրել էին, որ «X, Y, Z քայլերը չանելու համար Ձեզ մեղադրանք մի օր կառաջադրվի»։ X, Y, Z քայլերը հրաժարական տալն էր։ Վերջի 6-7 ամսին Սահմանադրական դատարանը աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո։ Ճնշումները ոչ միայն հայհոյախառն էին, ոչ միայն սպառնալիքներ էին, ոչ միայն այսօրվա մասին զգուշացումներ էին, այլ կոնկրետ բռնության կոչեր էին և դրանց դրսևորումներ», - ասաց Հրայր Թովմասյանը։

Ավելի ուշ դատախազությունը որոշ մանրամասներ ներկայացրեց․ քրեական գործը վերաբերում է Թովմասյանի արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում 2 դրվագով առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը: Ըստ դատախազության, Թովմասյանը «իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձի հետ հանցակցությամբ» օգտագործելով 2 նոտարների իրենից ունեցած կախյալ վիճակը՝ 2013 թվականի հոկտեմբերին վերջիններիս հետ ձեռք է բերել նրանց համար ակնհայտ ոչ շահավետ գնով տարածքը վարձակալությամբ հանձնելու պայմանավորվածություն: Արդյունքում ՍԴ ներկայիս նախագահը այդ երկու նոտարներից յուրաքանչյուրից, մինչև 2014 թվականի ապրիլը, ամսական ստացել է 800 հազար դրամ վարձավճար՝ ընդհանուր 11 միլիոն 200 հազար դրամ:

Սանիկը, որին հիշատակում է դատախազությունը, Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյա Նորայր Փանոսյանն է, նրան ևս նույն մեղադրանքն է առաջադրվել:

Քրեական գործի երկրորդ դրվագով 2012 թվականի փետրվարին Թովմասյանը աշխատանքից ազատելու սպառնալիքով միջամտել է նոտարական պալատի կառավարմանը և հարկադրել է պալատի նախագահին իր որոշած պայմաններով ու վարձավճարի չափով նոտարական պալատի համար վարձակալել փաստացի իրեն պատկանող անշարժ գույքը: Արդյունքում Թովմասյանը մինչև վարձակալության պայմանագրի լուծումը նոտարական պալատից ստացել է ավելի քան 10 մլն դրամ վարձավճար, իսկ փաստացի Թովմասյանին պատկանող տարածքում նոտարական պալատի բյուջեից վերանորոգման համար ծախսվել է մոտ 2,5 մլն դրամ:

Թովմասյանը չցանկացավ խոսել իրեն առաջադրված մեղադրանքի մասին, հրաժարվել է նաև ցուցմունք տալ:

«Իմ փաստաբանները ինձ ասել են, որ «ոչինչ մի ասա», դրա հետ ինչ-որ նախաքննության գաղտնիք և այլն, ես ոչինչ չասեմ», - նշեց Թովմասյանը։

Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը, ով այսօր առավոտից մի խումբ մարդկանց հետ ի աջակցություն Հրայր Թովմասյանի ՍԴ շենքի մոտ էր, կարծիք հայտնեց, որ հաշվի առնելով անձեռնմխելիության ինստիտուտը Թովմասյանին մեղադրանք կարող են առաջադրել միայն Սահմանադրական դատարանի որոշմամբ, իսկ մեղադրանք առաջադրած քննիչի նկատմամբ, ըստ Հարությունյանի, պետք է քրեական հետապնդում սկսել 309 հոդվածով, այն է՝ պաշտոնական լիազորությունները անցնելը:

«Այն, որ տվյալ պարագայում ակնհայտորեն խախտված է անձեռնմխելիության ինստիտուտը, դա իմ կարծիքով, միանշանակ է», - ասաց Հարությունյանը։

«Ազատության» հարցին, թե Թովմասյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար եղած ժամանակվա գործողություններին, այս դեպքում ևս պնդո՞ւմ է, որ անձեռնմխելիությունը խախտված է, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Այո, միանշանակ։ Ինչո՞ւ, որովհետև անձեռնմխելիության ինստիտուտը ստեղծված է, որպեսզի ապահովեն դատարանի անկախությունը։ Եթե լիներ հակառակը՝ օրինակ, դատավորը նշանակվել է և անձեռնմխելիությունը, եթե վերաբերեր միմիայն այն ժամանակահատվածի գործողություններին, երբ ինքը դատավոր էր, էությունը հարցի կվերանար, նպատակը, թե ինչի համար է սահմանվում անձեռնմխելիությունը, կվերանար, այնպես որ պատասխանը այստեղ ևս միանշանակ է։ Հենց որ անձը զբաղեցնում է դատավորի պաշտոնը, ապա անձեռնմխելիությունը տարածվում է ոչ միայն այն ժամանակահատվածի վրա, երբ ինքը դատավորի պաշտոն է զբաղեցնում, այլ ցանկացած նախորդող ժամանակահատվածի վրա»։

Մինչդեռ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ Թովմասյանը չի կարող հղում անել իր անձեռնմխելիությանը, քանի որ քրեական գործը չի առնչվում նրա ՍԴ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված գործողություններին։

«Բազմիցս հայտարարվել է, որ որևէ անձ չունի երաշխիք, որ ինքը չի հետապնդվելու քրեական դատավարությամբ սահմանված կարգով, որովհետև մեր երկրում նայեք քանի նախկին և ներկա պաշտոնատար անձ կա, որոնց մասով իրականացվում է քրեական հետապնդում։ Այսինքն՝ եթե կա կոռուպցիոն գործ, անկախ նրանից, թե դա ինչ զուգահեռներ տանելու հնարավորություն կընձեռի որոշ անձանց, ինչ կլինի, բնականաբար, քրեական գործերը պետք է քննվեն արդյունավետությամբ։ Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի թույլտվությամբ մեղադրանք առաջադրելու հարցեին, ապա նշեմ, որ որքանով ես եմ տեղյակ գործը չի վերաբերում դատավորի կարգավիճակից բխող գործողություններին, վերաբերում է պարոն Թովմասյանի նախարար աշխատած ժամանակահատվածում ինչ-ինչ ենթադրյալ չարաշահումներին։ Դա վերաբերում է նախարար աշխատած ժամանակահատվածի, որ ոչ մեկ չվիրավորվի իմ վրա բերեմ օրինակը, պատկերացրեք ես կոռուպցիոն բնույթի հանցագործություն կատարեմ, այնուհետև նշանակվեմ դատավոր, և դատավոր եղած ժամանակ այդ քրեական գործը քննվի, բնականաբար, ես չեմ օգտվում դատավորի կարգավիճակից բխող անձեռնմխելիությունից», - ասաց Բադասյանը։

Նախկին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հակադարձում է՝ Հրայր Թովմասյանը նշանակվել է 2005 թվականի Սահմանադրությամբ և նրա նկատմամբ գործում է ոչ թե 2015 թվականի Սահմանադրությամբ սահմանված գործառութային անձեռնմխելիությունը, այլ ամբողջական անձեռնմխելիությունը:

Հարությունյանի այս մեկնաբանությանը անդրադարձել է Գլխավոր դատախազությունը պարզաբանմամբ, որ թեև Թովմասյանի Սահմանադրական դատարանի անդամ նշանակվելու պահին գործել է 2005 թվականի Սահմանադրությունը, սակայն քրեական գործ հարուցվել է 2019 թվականի օգոստոսին, այսինքն՝ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության՝ Սահմանադրական դատարանի դատավորի գործառութային անձեռնմխելիություն սահմանող իրավադրույթն ուժի մեջ մտնելուց հետո: Հետևաբար Թովմասյանին, ըստ դատախազության, քրեական հետապնդման ենթարկելու Սահմանադրության 164-րդ հոդվածով նախատեսված որպես մեղադրյալ ներգրավելու բարդեցված դատավարական ընթացակարգը հաղթահարելու իրավական անհրաժեշտությունը բացակայում է:

Նկատենք, որ Թովմասյանի նախարար եղած ժամանակ նոտարական գրասենյակների հետ կապված չարաշահումերի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր այս տարվա հուլիսի 17-ին «Ազատությանը» տված հարցազրույցում:

XS
SM
MD
LG