Մատչելիության հղումներ

ԲԴԽ անդամ. Ոչ մի դատավոր ինքնակամ չի հեռանալու, ցանկացածը կարծում է՝ ամենալավն է


Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը, արխիվ
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը, արխիվ

Ոչ մեկն ինքնակամ չի գնալու, ցանկացած դատավոր կարծում է, որ ինքն ամենաարդարն է, ամենակատարյալն է, ամենալավն է ու ամենաբարին, «Ազատության» հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը:

«Նույնիսկ երբ որ վարույթների ժամանակ ապացուցվում է այս կամ այն թերությունը, միակ պատասխանը, որ դատավորը կարող է տալ, ասում է՝ բա ի՞նչ եք ուզում, ես գերծանրաբեռնված եմ, չնկատեցի, այս սխալն արեցի, բայց պետք է դրա հետ հաշվի նստել: Այստեղ ուրիշ մեխանիզմներ պետք է գործեն, ուրիշ մոտեցումներ են պետք, որովհետև մեր իրականությունից պետք չէ շեղվել, մենք այնպիսի ճանապարհ ենք անցել ոչ դրական իմաստով, որ սովորական մեթոդները չեն աշխատելու», - ասաց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, դեռ մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը: Փաշինյանն այդ նպատակին հասնելու քայլեր ներկայացրեց, առաջինը՝ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես կոչված vetting-ի:

Հայկ Հովհաննիսյանը կարծում է, որ մարդկանց ներսում որևէ բան փոխելու ցանկություն չկա, և թեկուզ կան հրաշալի դատավորներ, բայց չկա «այդ հրաշալի դատավորներին գտնելու, նրանց վրա հենվելու, համախմբելու, ամբողջացնելու մեխանիզմը»:

«Մենք պետք է այնպիսի իրավիճակ ստեղծենք, որ այն դատավորներն, ովքեր ունեն հարցական անցյալ, հիմա հարց տվեք՝ մենք ունե՞նք դատավորներ, ովքեր, մեղմ ասած, ունեն հարցական անցյալ: Իհարկե, ունենք, ես չեմ կարող ավելին ասել ի պաշտոնե: Այդ մարդիկ գտնում են, որ իրենք լավագույնն են», - հայտարարեց նա:

Հարցին, թե բարեվարքության ինստիտուտն արդյոք դրա ճանապարհը չէ, Հայկ Հովհաննիսյանը պատասխանեց. - «Տեսնենք, ես չգիտեմ, նայած, թե այդ բարեվարքության ինստիտուտի ստուգումն ինչպես է տեղի ունենալու»:

Ըստ նրա, ԲԴԽ-ն այստեղ կարևոր դերակատարում է ունենալու, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որևէ դատավորի հայտարարագրի մեջ ռիսկ տեսնելուն պես դա պիտի ուղարկի ԲԴԽ-ին, և հենց վերջինս պետք է որոշում կայացնի:

Դիտարկմանը, որ արդարադատության նախարարը վերջերս հայտարարեց, որ ինչ-ինչ շրջանակ կա դատավորների, որ պսևդո հեղինակությունների հետ են առնչվում, հետո խորհրդակցական սենյակ մտնում, ինչպե՞ս են ստուգելու նրա բարեվարքությունը, Հայկ Հովհաննիսյանն արձագանքեց. - «Չի կարող դատավորն ունենալ հանցագործ ընկերներ: Եթե մարդը կրում է հանցավոր աշխարհին հատուկ արժեհամակարգ, հանցավոր մշակույթը հարգում է, այդ մարդուն ինչ ուզում ես, արա, նա չի փոխվելու, այդ մարդկանց պիտի հեռացնել: Բայց եթե սկսենք այդպես հեռացնել, ես չգիտեմ՝ ուր կհասնենք»:

Իսկ արդյոք դատարաններից ստացել են ազդակներ, որ այսպես ասած «մեր դաշտ չմտնեք», նա ասաց. - «Չէ, կա մշտական պայքար, հիմա դատավորների մոտ մեծ դիսկամֆորտ է, որովհետև խորհուրդն իրավունքի ունի նաև նյութական և դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումների դեպքում դատավորներին պատասխանատվության ենթարկել: Դատավորներն ասում են՝ մեզ չկպնեք, միայն եթե մենք, օրինակ, մերկ և հարբած վիճակում Լուսնի լույսի տակ կվարենք, այսինքն՝ վարքագծային խախտում թույլ կտանք, նոր էտ ժամանակ կարող եք մեզ ինչ-որ բան ասել: Բայց եթե մենք մեկնաբանում ենք օրենքն այսպես կամ այնպես, դուք իրավունք չունեք ասելու, որ...Բայց մենք ունենք դեպքեր, երբ դատավորը գրում է դատարանի, դատավորի պատճառաբանությունները և եզրակացությունները, դրա տակ այնպիսի բաներ է գրում, որ կարդում ես, անհասկանալի, անըմբռնելի, ոչ մի պատճառաբանություն իրականում չկա, տեքստ է լցրած, վերջում էլ եզրահանգում է տված: Հիմա այս իրավիճակներում արդյոք խորհուրդը չպե՞տք է խառնվի»:

Հայկ Հովհաննիսյանը շեշտեց՝ հենց այս ամենի պատճառով էլլ վստահ է՝ դասական մեթոդները չեն աշխատելու, պետական համակարգն ընդդիմանալու է:

Նա չցանկացավ գնահատական տալ, թե արդյոք Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա, թե ոչ. - «Բայց ես ուզում եմ ասել, որ նույն Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց մի նորմ, ասաց, որ կարգապահական խախտում, որը դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմք էր, հակասահմանադրական է, մենք լիազորություն էինք դադարեցրել, հիմա Սահմանադրական դատարանը դա հակասահմանադրական ճանաչեց: Այսինքն՝ հերթական անգամ դասական ձևով չենք կարողանում դատավորի լիազորությունը սահմանափակել, ՍԴ-ն մեր ճանապարհը փակեց»:

Հարցին՝ ՍԴ-ն դիմադրո՞ղ կառույցներից է, նա պատասխանեց. «Չեմ ուզում գնահատական տալ, մարդիկ ամեն ինչ հասկանում են, տեսնում են»:

Հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG