Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ռուսաստանում գտնվող և հետախուզվող հայաստանցի նախկին պաշտոնյաներին Հայաստանին չհանձնելու պատճառը ոչ թե քաղաքական, այլ իրավական դաշտում է դիտարկում։
«Այդ հարցն ինձ համար ոչ թե քաղաքական, այլ իրավական է։ Հենց այդպես էլ այն պետք է դիտարկել։ Կան համապատասխան իրավական գործիքներ, համաձայնագրեր, երկու երկների օրենսդրությունը և փորձագետներ՝ երկուր երկրների գլխավոր դատախազությունները, որոնք այդ հարցով զբաղվում են։ Նրանք պրոֆեսիոնալ շփումների մեջ են։ Եկեք հնարավորություն տանք նրանց դա անելու համար», - հայտարարեց դեսպանը։
Այժմ Ռուսաստանի Դաշնությունում պաշտոնապես 5 հայաստանցի հետախուզվող պաշտոնյա կա, որոնցից 3 անցնում են 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը: Նա Ռուսաստանի քաղաքացիություն ունի և ռուսաստանյան կողմը այդ հիմքով դեռ անցած տարի մերժել է նրան արտահանձնելու դիմումը:
Հետախուզվողների թվում է նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար մեղադրվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Նրան ևս Ռուսաստանը չի հանձնել Հայաստանին։ Հայկական կողմը սպասում է նաև, որ Ռուսաստանը կհանձնի առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կողմից ավազակություն կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար մեղադրվող «Ալրաղացի Լյովիկ» մականունով Հանրապետականի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին։
Ի դեպ, մամուլը գրում է, որ օրերս Մոսկվա է մեկնել նաև հոկտեմբերի 27-ի գործով նախկին դատավոր, 51 հազար դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող Սամվել Ուզունյանը։
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն անդրադարձավ նաև ռուսական լրատվամիջոցներում տարածված լուրին, թե Ադրբեջանը հետաքրքրված է ռուսական նորագույն, հինգերորդ սերնդի կործանիչների՝ Су-57-երի գնմամբ։ Ըստ «Վեդոմոստիի», դրանց բանակցությունների «կանաչ լույսը» տրվել է ամենաբարձր քաղաքական մակարդակով։ Դեսապանը խուսափեց մեկնաբանել ընդհանրապես Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի թեման։
«Ինչ վերաբերում է լրատվամիջոցների կողմից կործանիչների վերաբերյալ տարածված հաղորդագրություններին, ինձ դժվար է մեկնաբանել։ Ներեցեք», - ասաց Կոպիրկինը։
Հայաստանին վստահելի ու առանցքային գործընկեր համարող Ռուսաստանի համար հայ-ռուսական հարաբերությունների առանցքային ուղղություններից մեկն անվտանգությունն է եղել։ Ըստ դեսպանի, այդ հարաբերություններն անցնող տարում ամրապնդվել են։ Ասաց՝ 2019-ին քայլեր են ձեռնարկել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մարտական պատրաստվածության արդյունավետության բարձրացման համար: ՌԴ-ն ծրագրում է կրկնապատկել ռազմաբազայի մարտական ներուժը։
Ռազմավարական դաշնակից համարվող երկրի դեսպանը հրաժարվեց գնահատակ տալ նաև Կրասնոդարի երկրամասում հայկական եկեղեցու տարածքում տեղի ունեցած միջադեպին, երբ քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը սև ներկով էր պատել եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշատախտակը: Ասաց՝ ինքը չի ցանկանում մեկնաբանություն տալ այդ հարցի վերաբերյալ. այդ հարցը պետք է օրենքի սահմաններում լուծվի։