51 հազար դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին դատավոր Սամվել Ուզունյանին հաջողվել է լքել Հայաստանը։ Կաշառքի գործով մեղադրյալ ներգրավված Ուզունյանը, ըստ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի, Հայաստանի սահմանը հատել է «Զվարթնոց» օդակայանով, հավանաբար շաբաթ օրը։ «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած Ուզունյանը, նախնական տվյալներով, մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա։
Գլխավոր դատախազի խորհրդականի պարզաբանմամբ՝ դատախազի տեղակալը դեռևս ուրբաթ օրը Ուզունյանի նկատմամբ հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), որը նույն օրը այն բավարարել է։ Դրանից հետո գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել նախկին դատավորին մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ և գրություն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), որպեսզի անձին առաջադրվի մեղադրանք և լուծվի խափանման միջոցի հարցը։ Շաբաթ օրն արդեն ՀՔԾ-ն դիմել է դատարան, և մինչև դատավորը կորոշեր կալանավորել Ուզունյանին, նախկին դատավորը լքել է Հայաստանը:
«ՍԷԿՏ [սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական] համակարգի ուսումնասիրությամբ պարզվեց, որ նա լքել է հանրապետության տարածքը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աբրահամյանը, ի պատասխան հարցի հաստատելով՝ «Զվարթնոց» օդանավակայանով: Նա դժվարացավ տվյալ պահին հայտնել, թե որ օրն է Ուզունյանը մեկնել Հայաստանից, միաժամանակ դրական պատասխանելով դիտարկմանը, որ դա ենթադրաբար եղել է շաբաթ օրը․ - «Ենթադրաբար այո, և քանի որ անձին հնարավոր չի լինում ներկայացնել նախաքննական մարմնին, անմիջապես հայտարարվում է հետախուզում»:
«Ազատություն»․ - Իսկ հայտնի չէ՞, թե նա «Զվարթնոց»-ից ուր է մեկնել, որովհետև խոսվում էր, որ Երևան-Մոսկվա չվերթով է նա կարծես թե մեկնել, և հայտնաբերվել է նաև նրա ուղեբեռը, իսկ ուղեբեռում փամփուշտ է հայտնաբերվել:
Գոռ Աբրահամյան․ - Ուղեբեռի պատմության հետ կապված չեմ կարող այս պահին տեղեկություններ հաղորդել, բայց առկա տվյալներով՝ այո, նա դեպի Ռուսաստանի Դաշնություն ուղղությունով է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը: Թե որտեղ է էս պահին գտնվում անձը, մենք չենք կարող ասել:
Ի դեպ, թեև նախկին դատավորին հաջողվել է լքել Հայաստանը և խուսափել կալանավորումից, սակայն, ինչպես հայտնում է Ոստիկանությունը, «Զվարթնոց» օդակայանում հայտնաբերվել է նրա ուղեբեռը, իսկ ուղեբեռում՝ փամփուշտ։ Թե ինչու և ինչպես է դատավորը հատել Հայաստանի սահմանը՝ թողնելով ուղեբեռը, Ոստիկանությունը որևէ պարզաբանում չի տալիս։
«Ազատություն»․ - Ինչպե՞ս է հնարավոր, որ նա «Զվարթնոց» օդանավակայանում ինքնաթիռով լքի Հայաստանի սահմանը, իսկ նրա ուղեբեռը մնա Հայաստանում, որը հետո Ոստիկանությունը հայտնաբերում է, և ուղեբեռում էլ փամփուշտ է հայտնաբերում:
Աբրահամյան․ - Գլխավոր դատախազությունից արդեն հանձնարարություն է տրվել պարզելու ընդհանրապես տվյալ դատավորի՝ Հայաստանի Հանրապետությունը լքելու հանգամանքները, և այդ շրջանակներում նաև բավարար հիմքեր ձեռք բերելու դեպքում քրեաիրավական գնահատական կտրվի այդ ամբողջ պրոցեսին:
«Ազատություն»․ - Այսինքն, չի բացառվում, որ որոշ անձինք պատասխանատվության ենթարկվեն:
Աբրահամյան․ - Այո, ես նշեցի՝ բավարար տվյալների կամ բավարար հիմքերի առկայության դեպքում, այո, դա չի բացառվում:
«Ազատություն»․ - Այսինքն, չի բացառվում, որ փոխպայմանավորվածությունների արդյունքում է դատավորին հաջողվել լքել Հայաստանը:
Աբրահամյան․ - Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, որևէ վարկած չեմ ուզում ընդգծել, այդ միջոցները կձեռնարկվեն՝ ըստ դրա արդեն պարզ կդառնա:
Գոռ Աբրահամյանն ասում է, թե Գլխավոր դատախազությունն իր լիազորությունների շրջանակներում ամեն ինչ արել է, դեռ մի բան էլ արագացված ռեժիմով իր գործառույթների շրջանակում քայլեր էր ձեռնարկել նախկին դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և խափանման միջոցի հարցը լուծելու համար։ Սակայն անձի տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն դատավորի որոշմամբ։
«Ազատություն». – Ենթադրում ենք, որ նախ Հայաստանը լքել է շաբաթ օրը, այդ պահին, քանի դեռ չկար դատարանի որոշումը, որ նա պետք է կալանավորվի, նա կարո՞ղ էր անարգել դուրս գալ Հայաստանի Հանրապետությունից։
Աբրահամյան. – Այո։
«Ազատություն». - Այսինքն՝ Ազգային անվտանգության ծառայությունը այստեղ որևէ դերակատարություն չէր կարո՞ղ ունենալ։
Աբրահամյան. – Ոչ, բայց կրկնում եմ՝ էդ բոլոր հանգամանքները իրենց ընդհանուր համակցության մեջ կստուգվեն, կուսումնասիրվեն և հետևությունները դրանից կարվեն արդեն։
Ի դեպ, մինչ Գլխավոր դատախազությունը պարզում է նախկին դատավորի կողմից Հայաստանը լքելու հանգամանքները, Հատուկ քննչական ծառայությունը շեշտում է՝ Հայաստանի օրենսդրությամբ արգելվում է սահմանափակել անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը, եթե նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ։ Իսկ քրեական հետապնդում կարող էր հարուցվել միայն Գլխավոր դատախազի կողմից և ԲԴԽ-ի համաձայնությամբ, ասված է ՀՔԾ հայտարարությունում:
Ի դեպ առանձին քննություն էլ Ոստիկանություն է ընթանում։ Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի կողմից այսօր Ներքին անվտանգության վարչությանը հանձնարարվել է ծառայողական քննություն իրականացնել՝ Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը պարզելու համար։
Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Ոստիկանության լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը, դատավոր Ուզունյանի ճամպրուկում փամփուշտի հայտնաբերման դեպքով նյութեր են նախապատրաստվում։ Նշանակված է փորձաքննություն։
Նշենք, որ դատավորի ճամպրուկում հայտնաբերվել է մեկ փամփուշտ՝ առանց զենքի, թե ինչպես է այդուհանդերձ նա լքել Հայաստանը, պարզ չէ։
Հավելենք, նախկին դատավոր Ուզունյանը մեղադրվում է շուրջ 51 հազար դոլարի կաշառք ստանալու մեջ։ Ըստ Դատախազության, Ուզունյանը 2007-ին, ապա և 2014-ին, քաղաքացիներից պահանջել և տարբեր ժամանակահատվածներում ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, մի դեպքում 13 հազար, մյուս դեպքում՝ 38 հազար
դոլար։