Մատչելիության հղումներ

«Ալրաղացի Լյովիկը» Ռուսաստանում կալանավորվել է, Հայաստանը միջնորդել է արտահանձնելու համար


Ռուսաստանում կալանավորվել է «Ալրաղացի Լյովիկ» մականունով Հանրապետականի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը, այդ երկրի դատախազությունը բավարարել է Սարգսյանին Հայաստան հանձնելու հարցը քննարկելու հայկական կողմի միջնորդությունը: «Ազատության» հետ զրույցում Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց՝ ռուսաստանցի իրավապահները 40-օրյա ժամկետում պետք է քննարկեն՝ արտահանձնել Սարգսյանին, թե ոչ։

Աբրահամյանը նաև փոխանցեց՝ Հայաստանի գլխավոր դատախազությունն արդեն Ռուսաստան է ուղարկել հետախուզման մեջ գտնվող, Ռուսաստանում հայտնաբերված և ձերբակալված Լևոն Սարգսյանի հանձնման միջնորդությունը:

Նոյեմբերի 21-ին, Ռուսաստանի Զելենոգրադ քաղաքում Հանրապետականի նախկին պատգամավորը ձերբակալվել էր տարիներ առաջ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կողմից ավազակություն կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու մեղադրանքով:

Գլխավոր դատախազի խորհրդականն ընդգծում է՝ այս 40 օրերի ընթացքում Ռուսաստանը մի շարք ճշգրտումներ պետք է կատարի, որոնց հիման վրա էլ կկայացնի իր որոշումը։

«Այդ 40 օրվա ընթացքում իրականացվում է էքստրադիցիոն ստուգում, որով պարզում են առկա են արդյոք հիմքեր չարտահանձնելու, թե ոչ, այդ հիմքերի մեջ մտնում են, օրինակ, քաղաքացիության հետ կապված հարցը, վաղեմության հետ կապված հարցը, այսինքն տվյալ անձին մեղսագրվող արարքների կատարման հետ կապված կամ տվյալ անձին մահապատիժ սպառնալու այդ հոդվածներով համապատասխան կամ նրա նկատմամբ խոշտանգում, վատ վերաբերմունք», - նշեց Աբրահամյանը:

Այլ երկրի քաղաքացուն սեփական երկիր հանձնելու համար պետություններն առաջնորդվում է մի շարք միջազգային փաստաթղթերով, այդ թվում՝ Հանձնման մասին Եվրոպական կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությամբ, շեշտում են Գլխավոր դատախազությունում։ Ըստ այդ փաստաթղթերի, այլ երկրի իրավապահների կողմից ձերբակալված քաղաքացին կարող է բողոքարկել իր նկատմամբ գործողությունները, այդ թվում՝ արտահանձնման որոշումը, տեղեկացրեց Գոռ Աբրահամյանը։ Ստացվում է՝ եթե տեսականորեն Ռուսաստանի դատախազությունը որոշի արտահանձնել Լևոն Սարգսյանին, վերջինս կարող է այդ որոշումը բողոքարկել ռուսաստանյան դատարաններում և ըստ այդմ, եթե հաղթի, ապա նրա արտահանձնումը տեղի չի ունենա։

«Դատական կարգով դրանք ենթակա են քննարկման, դրանց վերաբերյալ կարող են կայացվել որոշումներ, այդ որոշումները կարող են կա՛մ տվյալ անձը, կա՛մ ուրեմն վարույթ իրականացնող մարմինը, կա՛մ Գլխավոր դատախազությունը վիճարկել դատական կարգով և երբեմն լինում են իրավիճակներ, որ մինչև եռաստիճան համակարգի բոլոր այդ ատյաններով բողոքարկումները տեղի են ունենում և դա նպաստում է նրան, որ վերջնական որոշման կայացման պրոցեսը ձգձգվում է: Չեմ ասում, որ ունենում ենք իրավիճակներ, երբ որ անգամ Սահմանադրական դատարանի մակարդակով դրա վերաբերյալ դիրքորոշում հստակեցնելու անհրաժեշտություն են տեսնում և նման պրոցես են հարուցում, որը ևս նման ձգձգման խնդիրներ է առաջացնում», - ընդգծեց Աբրահամյանը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը հատկապես վերջին մեկուկես տարում մերժման վարքագիծ է ցուցաբերում՝ օրինակ մերժել է Հայաստանին արտահանձնել ԴԱՀԿ նախկին պետ, օֆշորային սկանդալի առանցքային դերակատար, նախկին իշխանության ներկայացուցիչ Միհրան Պողոսյանին, որը Հայաստանում մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Ռուսաստանը մերժել է նաև արտահանձնել նաև Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին։

«Ընթացակարգը շատ նորմալ է, այդպես էլ պետք է լինի արտահանձնող կողմը պետք է ժամանակ ունենա, որպեսզի ուսումնասիրություններ կատարի և նոր արտահանձնի մարդուն, բայց դա այն դեպքում, բայց դա այն դեպքում, երբ մենք խոսում ենք կանխատեսելի երկրի մասին: Ռուսաստանը այս իմաստով կանխատեսելի չի, որովհետև դատելով մեր ունեցած գոնե Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերություններից գոնե վերջին մեկ տարվա ընթացքում նրանք որպես կանոն Հայաստանի կողմից հետախուզվողներին չեն հանձնում տարբեր պատրվակներով: Չհանձնելու համար պատճառներ միշտ էլ կարելի է մտածել: Հիմա կարտահանձնեն «Ալրաղացի Լյովային», թե չեն արտահանձնի ես նախապես ասել չեմ կարող, բայց հավանականությունը, որ Ռուսաստանը կարող է այստեղ նույնպես խոչընդոտ հանդիսանալ, որպեսզի Հայաստանում արդարադատությունը տեղի ունենա, բավականին մեծ է», - ընդգծեց Հարությունյանը:

Ըստ Ազգային անվտանգության ծառայության, դեռևս 11 տարի առաջ Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակումը հենց Լևոն Սարգսյանն է պատվիրել: Նա լարված հարաբերություններ է ունեցել Ավետիսյանի հետ և արդեն իսկ ձևավորված և ավազակային մի շարք հարձակումներ գործած հանցավոր խմբի անդամներին պատվիրել է հանցագործությունը: Ավելին, ըստ ԱԱԾ-ի, ավազակային հարձակումից հետո Լևոն Սարգսյանը գողոնից ընտրել և վերցրել է իրեն հետաքրքրած ոսկյա զարդերն ու թանկարժեք ժամացույցները:

ԱԱԾ-ն դեռ անցած տարի մի տեսանյութ էր տարածել, ըստ որի Լևոն Սարգսյանի առանձնատանը իրականացրած խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել էին մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք։ Հայաստանի իրավապահները Սարգսյանին հետախուզում էին մեկ տարուց ավելի: Լևոն Սարգսյանը դեռևս 1999-ից մինչև 2007 թվականը եղել է Ազգային ժողովի պատգամավոր, ավելին Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, նա անդամակցում էր այն ժամանակ իշխող Հանրապետական կուսակցությանը:

Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի պնդմամբ, այս գործի շրջանակում պետք է հարցաքննվի նաև Լևոն Սարգսյանը։ Ըստ փաստաբանի, կան ցուցմունքներ, որտեղ նշվում են, որ Լևոն Սարգսյանը Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ իր թիկնապահներին համազգեստ և զենք է մատակարարել, ուստի նա պետք է առերեսվի ցուցմունք տված վկաների հետ: Լևոն Սարգսյանը պետք է նաև պարզաբանի, թե ըստ ցուցմունքների մարտիմեկյան իրադարձություններից հետո այդ ի՞նչ զենքեր է դրել սեղանին և ասել, որ դրանք պատմական զենքեր են:

Ըստ Սեդա Սաֆարյանի, մարտյան արյունալի իրադարձությունների օրերին «Ալրաղացի Լյովիկը» նաև մշտական կապ է պահպանել 2008-ին Հայաստանի փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ՝ նրան տեղյակ պահելով կատարվածի մասին։

XS
SM
MD
LG