Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևը երեկ կրկին արգելափակվեց ամերիկյան Սենատում: Այս անգամ բանաձևի քննարկմանը դեմ արտահայտվեց հանրապետական սենատոր Դեյվիդ Փերդյուն՝ վկայակոչելով «Թուրքիայի հետ շարունակվող դիվանագիտական հարաբերությունները»: Ընդ որում, արգելափակելով փաստաթուղթը, սենատորը որևէ խոսք չասաց դրա բովանդակության մասին, հակափաստարկներ չներկայացրեց, ընդամենը պնդեց՝ այն այս պահին ընդունելը նպատակահարմար չէ:
«Հենց երեկ պետքարտուղար Փոմփեոն հանդիպել է ՆԱՏՕ-ի գործընկերներին, այդ թվում՝ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուին, որի հետ շատ թեմաներ ուներ քննարկելու: Գործող վարչակազմը շարունակում է ակտիվ համագործակցությունը Թուրքիայի հետ ամենաբարձր մակարդակով: Հենց անցած շաբաթ էր, որ նախագահ Թրամփը հանդիպեց նախագահ Էրդողանին», - հայտարարեց Փերդյուն՝ շարունակելով․ - «Հաշվի առնելով այս դիվանագիտական ջանքերը՝ ես արգելափակում եմ այս բանաձևը ա՛յս պահին. եթե այն հիմա ընդունվի, կսասանի երկկողմ հարաբերություններում առկա մարտահրավերները հաղթահարելու՝ մեր վարչակազմի ջանքերը»:
Փաստաթուղթն այս անգամ ևս շրջանառության մեջ էր դրել Նյու Ջերսիից ընտրված Ռոբերտ Մենենդեսը՝ կոչ անելով արագացված կարգով անցնել քվեարկության: Ազդեցիկ սենատորը գործընկերներին հիշեցրեց՝ անցած ամիս Կոնգրեսի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների տունը, ձայների գերակշռող մեծամասնությամբ՝ 405 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ արդեն իսկ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
«Դա ճշմարտության, պատմական փաստերի հանդեպ հանձնառության հզոր ուղերձ էր, հավատարմություն այն սկզբունքին, որին շատերն են համամիտ Կոնգրեսում՝ ցեղասպանությունը ցեղասպանություն է, և երբ նման բան է պատահում, մենք՝ որպես երկիր, պարտավոր ենք իրերը կոչել իրենց անուններով: Հակառակ դեպքում մենք առաջնորդվում ենք ոչ թե փաստերով, այլ գործում ենք իրականությունից դուրս և անկեղծ չենք աշխարհի ու ինքներս մեր առջև: Նախորդ վարչակազմերը՝ թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատ, գլուխները թաղել են ավազի մեջ՝ անտեսելով այն վկայությունները, որ ամերիկացի դիվանագետներն են դեռ արձանագրել», - փաստեց Մենենդեսը՝մեջբերելով նրանցից մի քանիսի, այդ թվում՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի՝ Պետքարտուղարություն ուղարկած հաղորդագրությունը. - «Վստահ եմ, որ մարդկության ամբողջ պատմությունը չի տեսել նման սարսափելի դրվագ: Անցյալի լայնածավալ սպանությունները և հետապնդումները 1915 թվականի հայ ազգի տառապանքների համեմատ թվում են գրեթե աննշան», - գրել էր ամերիկացի դեսպանը:
«Աշխարհում 27 պետություն արդեն իսկ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, 11-ը ՆԱՏՕ-ի անդամ են, և որևէ մեկի հարաբերությունները Թուրքիայի հետ դրանից հետո չեն խզվել: Ինչո՞ւ ուրեմն աշխարհի հզորագույն երկիրը՝ Ամերիկան, չի կարող անել դա», - շեշտեց հայամետ սենատորը:
Դեմոկրատ Մենենդեսին պաշտպանեց նաև հակադիր ճամբարը ներկայացնող սենատոր Թեդ Քրուզը, ով, ի դեպ, անցած շաբաթ ներկա էր եղել նախագահներ Էրդողանի և Թրամփի վաշինգտոնյան հանդիպմանը:
«Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է և կարևոր դաշնակից, բայց ընկերները և դաշնակիցները կարող են միմյանց ասել ճշմարտությունը: Եվ մենք չենք հարգում Ամերիկան ու մեր դավանած արժեքները, եթե վախենում ենք ասել ճշմարտությունը և միտումնավոր մասնակցում ենք դրա քողարկմանը», -ընդգծեց Քրուզը:
Ի տարբերություն Ներկայացուցիչների տան, որտեղ ցանկացած փաստաթուղթ քվեարկության է դրվում նախագահողի կողմից, վերին պալատում 100 սենատորներից յուրաքանչյուրը կարող է կասեցնել հարցը քվեարկության դնելու նախաձեռնությունը: Անցած շաբաթ Մենենդեսի նախաձեռնությունն արգելափակել էր մեկ այլ հանրապետական սենատոր՝ Լինդսի Գրահամը, կրկին վկայակոչելով Թուրքիայի հետ ռազմավարական կապերը:
«Սա նորություն չէ ինձ համար», - արձագանքեց Մենենդեսը, ընդգծելով՝ ինչ էլ լինի, շարունակելու է պայքարը:
Սա Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը Սենատում արգելափակելու արդեն երկրորդ փորձն էր վերջին մեկ շաբաթվա մեջ:
«Ես այս հարցով վաղուց եմ զբաղվում և չեմ ընկրկելու», - հայտարարեց Ռոբերտ Մենենդեսը, - «Ես նոր չեմ առնչվում այս հարցին, ես հետամուտ եմ Հայոց ցեղասպանության ճանաչմանը մոտ մեկ տասնամյակ, և միշտ ի հայտ են գալիս որոշ պատճառներ, որոնք պնդում են, թե տվյալ պահին ցեղասպանության ճանաչումը նպատակահարմար չէ: Կարծում եմ՝ ծագումով հայ ամերիկացիները և աշխարհը պետք է իմանան՝ ով է այս հարցին կողմ, և ով՝ ոչ»:
Ամերիկահայ ազդեցիկ կազմակերպությունները քննադատել են հանրապետական սենատորի որոշումը:
«Միշտ էլ ճիշտ ժամանակն է լույս սփռել մարդկության դեմ կատարված հանցագործությունների վրա և ասել ճշմարտությունը», - հայտարարել է Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն էլ պնդել է՝ սենատոր Փերդյուն և նրա մի շարք գործընկերներ կարող են դեմ քվեարկել թիվ 150 բանաձևին, բայց չպետք է չխանգարեն Սենատի գործընկերների ճնշող մեծամասնությանը իրենց կարծիքն արտահայտել: