Նախօրեին ԱՄՆ Ներկայացուցիչների տան կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի արտգործնախարարությունը այդ երկրում Միացյալ Նահանգների դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդին կանչել է բացատրություն տալու: Այս մասին հայտնում են թուրքական աղբյուրները: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկությունից րոպեներ անց պաշտոնական Անկարան դատապարտել է այն ու պնդել, թե ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունված որոշումը «ոչ մի նշանակություն չունի Թուրքիայի ժողովրդի և կառավարության համար»:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև հայտարարել է, թե մերժում է «ներքաղաքական նպատակներով ընդունված՝ պատմական ու իրավական հիմք չունեցող այս որոշումը»:
Հայաստանը ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը: