Մատչելիության հղումներ

Թուրքիան դատապարտում է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը ԱՄՆ Ներկայացուցիչների տան կողմից


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Անկարան դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան կողմից ու պնդել, թե ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունված որոշումը «ոչ մի նշանակություն չունի Թուրքիայի ժողովրդի և կառավարության համար»:

Քվեարկությունից րոպեներ անց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գրառում է արել Թվիթերի իր էջում` տեղի ունեցածը կապելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունների հետ: «Նրանք, որոնց ծրագրերը ձախողվել էին, դիմում են հնաոճ բանաձևերի օգնությանը», - գրել է Թուրքիայի արտգործնախարարը՝ հավելելով. - «Այն շրջանակները, որոնք հավատում ենք, թե այս կերպ կարող են վրեժ լուծել, սխալվում են: Պատմությունը քաղաքական նպատակներով օգտագործելու այս ամոթալի որոշումը առոչինչ է մեր կառավարության և ժողովրդի համար»:

Թուրքիայի արտգործնախարարությունը ևս հայտարարություն է տարածել Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան կողմից ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված որոշման մասին:

Բանաձևի ընդունումից կարճ ժամանակ անց տարածված պաշտոնական հաղորդագրությամբ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, թե մերժում է «ներքաղաքական նպատակներով ընդունված՝ պատմական ու իրավական հիմք չունեցող այս որոշումը»: Պաշտոնական Անկարան վստահեցնում է, որ այս բանաձևը իրավական ուժ չունի և միտված է գոհացնելու Միացյալ Նահանգների հայկական լոբբիին ու հակաթուրքական շրջանակներին:

Թուրքիայի արտգործնախարարությունը, շարունակելով պնդել, թե 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները ոչ թե քաղաքականության, այլ պատմագիտության ուսումնասիրության առարկա են, հիշատակել է 2005 թվականին պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու Անկարայի առաջարկը, որը Երևանը մերժել էր:

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը նաև մտահոգություն է հայտնել, որ այս բանաձևը կարող է վնասել թուրք - ամերիկյան հարաբերությունները «միջազգային և տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից դժվարին այս ժամանակաշրջանում»:

«Անկասկած, այս որոշումը ստվերում է Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան ողջամտությունը և բացասականորեն կազդի թուրքական հանրության՝ Միացյալ Նահանգների վերաբերյալ ընկալումների վրա», - ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում:

Տարիներ առաջ` 2007-ին և 2010-ին, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների տանը շրջանառության էին դրվել նույնաբովանդակ այլ բանաձևեր, Թուրքիան ետ էր կանչել իր դեսպանին Վաշինգտոնից: Փաստաթղթերը քննարկվել էին միայն կոնգրեսական հանձնաժողովներում և այդպես էլ չէին հասել լիագումար նիստի օրակարգ:

Այսօր քվեների 405 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ ընդունված բանաձևը օրենքի պարտադիր ուժ չունի: Նախաձեռնության հեղինակները, սակայն, վստահ են, որ այն խորհրդանշական ուղերձ է Թուրքային` մեկ դար առաջ տեղի ունեցած հանցագործությունը դատապարտելու և Անկարային պատասխանատվության կանչելու համար:

XS
SM
MD
LG