Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երևանը ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը


Անմիջապես քվեարկությունից հետո տարածած հայտարարությունում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է․ - «Բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ, որը նաև մխիթարանք է հաղորդում Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին։ Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքներն ու հիացմունքն ուղղված ամերիկահայերի սերունդներին, ում անձնազոհ քաղաքական և հասարակական գործունեությունն ու հաստատակամությունն էին այս պատմական քվեարկության շարժիչ ուժը և ոգևորությունը»:

Հայաստանի արտգործնախարարությունը ևս հայտարարություն է տարածել՝ շեշտելով․ - «Այս բանաձևը կարևորագույն նշանակություն ունի, քանի որ հաստատակամ է պաշտոնական ճանաչման և հիշատակման միջոցով ոգեկոչելու Հայոց ցեղասպանությունը, մերժելու ժխտողականությունը և խրախուսելու ցեղասպանության վերաբերյալ կրթության և իրազեկվածության բարձրացումը: Այս բանաձևը կարևոր ներդրում է միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին՝ ուղղված աշխարհի տարբեր անկյուններում նոր ցեղասպանությունների և զանգվածային վայրագությունների կանխարգելմանը, որոնք մեր օրերում շարունակում են ցնցել մարդկության գիտակցությունը»։

Ազգային ժողովի խմբակցությունները ևս ողջունում են բանաձևը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սա կարեւոր քայլ է համարում․ - «Բնականաբար ողջունում ենք ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը և կարծում ենք, որ սա կարևոր քայլ է Ցեղասպանության դատապարտման, ինչպես նաև զոհերի ոգեկոչման ուղղությամբ, ինչպես նաև հետագայում նման ոճրագործությունների և ընդհանրապես ցեղասպանությունների կանխարգելման հարցում: Սա շատ կարևոր է Հայոց ցեղասպանության զոհերի և վերապրածների սերունդների համար, և շատ կարևոր է ամբողջ հայության համար»:

Ռուբեն Ռուբինյան
Ռուբեն Ռուբինյան

Որքանո՞վ էր այս բանաձևի ընդունումը պայմանավորված Սիրիայում Թուրքիայի գործողություններով: Ռուբինյանն ասում է՝ մեկնաբանությունները կարող են տարատեսակ լինել, սակայն կարևորը դրանք չեն․ - «Ինձ համար և մեզ համար կարևոր է Ցեղասպանության ճանաչման և այս բանաձևի ընդունման փաստը՝ անկախ դրա դրդապատճառներից կամ ենթատեքստերից: Փաստ է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է նման բանաձև և ճանաչել է Ցեղասպանությունը, փաստ է, որ այս բանաձևի ընդունումը ունի քաղաքական նշանակություն, և բանաձևը կարող է ունենալ քաղաքական ազդեցություն ԱՄՆ գործադիր իշխանության վարած քաղաքականության վրա: Եվ մենք հույս ունենք, որ այդ ազդեցությունը կերևա»:

Անի Սամսոնյան
Անի Սամսոնյան

«Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանը կարծում է, որ Սիրիայում իրավիճակը դեր խաղացել է բանաձևի ընդունման համար, սակայն նկատում է նաև, որ դիվանագիտական աշխատանքի դերն էլ ուրանալ չի կարելի․ - «Բնականաբար սա համարում ենք առաջխաղացում, որովհետև պատմական պահերից օգտվելը ևս դիվանագիտական մեծ հմտություններ է պահանջում և աշխատանք: Այդ առումով աշխատանքը, կարծում եմ, ժամանակին կատարվել է: Այն, որ ԱՄՆ Ներկայացուցիչները պալատը ընդունեց բանաձևը Հայոց ցեղասպանության ճանաչման, դա ընդամենը առաջին քայլն է ԱՄՆ-ի մասով, ուստի պետք է շարունակել աշխատանքը: Շատ ոգևորվել ու անել հայտարարություններ, որ ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, կամ ԱՄՆ-ի Կոնգրեսը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը, ես կարծում եմ սխալ է: Պետք է շատ նուրբ և խելացի մոտեցում սրան ցուցաբերել, որպեսզի աշխատանքը ևս իր բնականոն հունով շարունակվի, և չվնասենք գործընթացին»:

«Բարգավաճ Հայաստանից» Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ իրենք ողջունում ու կարևորում են Ներկայացուցիչների տան կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, որն առանցքային քայլերից մեկն է միջազգային ճանաչման գործընթացքում:

Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյան

Սակայն Զոհրաբյանը հիշեցնում է, որ նմանատիպ երկու բանաձև Ներկայացուցիչների տունն ընդունել է 70-ականներին և 80-ականներին, բայց դրանից հետո որևէ առաջընթաց չի եղել․ - «Իսկապես կարևորելով Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը՝ մենք պիտի ձեռքներս ծալած չնստենք, որովհետև մենք երկու արդեն տխուր նախադեպեր ունեցել ենք, երբ Ներկայացուցիչների պալատի ճանաչումից, ընդունումից հետո գործընթացը առաջ չի գնացել»:

Զոհրաբյանն ասում է, որ Ներկայացուցիչների տան կողմից բանաձևի ընդունումը լավ ազդակ է այլ պետությունների համար, որպեսզի իրենց քաղաքական օրակարգերում ևս ներառեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

Բացի այդ, Զոհրաբյանը հույս ունի, որ ճանաչման գործընթացը կշարունակվի նաև հենց Միացյալ Նահանգներում․ - «Բնականաբար, յուրաքանչյուր երկիր սպասարկում է իր արտաքին քաղաքական շահը: Պարզապես աստղերը դասավորվեցին չակերտավոր էնպես բարենպաստ, որ այս պահին մեր և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական շահը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում համընկավ: Հույս ունենանք, որ սա ընդամենը դեղին քարտ չէր Թուրքիային»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG