Պատրիարքի ընտրության կանոնադրությունը պոլսահայ համայնքի դժգոհությունն է հարուցել

Թուրքիա - Պոլսո Հայոց պատրիարքարանի մուտքի մոտ տեղադրված խաչքարի օծման արարողությունը, Ստամբուլ, հունվար, 2019թ․

Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացի շուրջ ներհամայնքային կրքեր են բորբոքվում: Երկուշաբթի օրը Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից նոր պատրիարքի ընտրության համար պատրիարքարան ուղարկված համապատասխան կանոնադրության համաձայն՝ պատրիարքի թեկնածու կարող են լինեն միայն Պոլսո պատրիարքական աթոռին ենթակա եպիսկոպոսները:

Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթը երեկվա համարում հրապարակել է 32 կետից բաղկացած 6-էջանոց կանոնադրությունը, որում տեղ են գտել ընտրության ընթացակարգին առնչվող մի շարք մանրամասներ: Կանոնադրության 25-րդ կետի համաձայն, Պոլսո Հայոց պատրիարքի թեկնածու կարող են առաջադրվել միայն պատրիարքարանին ենթակա սրբազանները՝ ներկայիս տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Պատրիարքական աթոռի մյուս հավակնորդները, այդպիսով, չեն կարող առաջադրվել առաջիկա ընտրություններում:

Կանոնադրության այս կետը պոլսահայ համայնքում դժգոհության ալիք է բարձրացրել: Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը ավանդաբար կարգավորվում է 1863 թվականի Ազգային սահմանադրության դրույթներով: Սակայն յուրաքանչյուր ընտրությունից առաջ պետությունը սահմանադրության վրա հիմնված կանոնադրություն է ուղարկել, որով և իրականացվել է ընտրությունը: Չնայած պատրիարքի թեկնածուների՝ Պոլսո աթոռին ենթակա լինելու պայմանը սահմանադրության մեջ նշված է, այնուհանդերձ, ուշագրավ է, որ 1961, 1990 և 1998 թվականներին անցկացված պատրիարքական ընտրությունների ժամանակ պետության կողմից ուղարկված կանոնադրության մեջ նման սահմանափակում չի դրվել: 1961 թվականից ի վեր ընտրված երեք պատրիարքներից երկուսը արտասահմանից են եղել:

Համայնքային որոշ շրջանակներ այս սահմանափակումը թուրքական իշխանությունների կամայական որոշում են համարում: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը իր թվիթերյան էջում, հիշատակելով նախկինում ունեցած փորձը, այս արգելքը համարել է պետության կողմից միջամտություն ընտրության գործընթացին: Փայլանը կոչ է արել առարկել պատրիարքի աթոռի համար թեկնածուների առաջադրման իրավունքի ոտնահարման դեմ:

Հարցի շուրջ մտահոգություն են արտահայտել նաև պատրիարքարանի եպիսկոպոսները: Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ Մաշալյանը ստեղծված իրավիճակը խնդրահարույց է համարել՝ նշելով, որ կանոնադրության մեջ նշված սահմանափակումը «անարդար առավելություն է ի շահ անձիս և մեր աթոռի մյուս եպիսկոպոսների»: Արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի կարծիքով էլ՝ Թուրքիայից դուրս ծառայություն իրականացնող հոգևորականների առաջադրման համար ստեղծված արգելքը հակասում է եկեղեցական ավանդույթներին:

Հայտնի է, որ պատրիարքական ընտրությունները համակարգող Նախաձեռնող մարմինը այսօր երեկոյան նիստ է գումարելու՝ քննարկելու վիճելի հարցերն ու հետագա քայլերը: