Մատչելիության հղումներ

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը


 Սահակ եպիսկոպոս Մաշալյան
Սահակ եպիսկոպոս Մաշալյան

Այսօր առավոտյան Պոլսո Հայոց պատրիարքարանում կայացած Եկեղեցական համագումարում 13 կողմ ձայնով պատրիարքական տեղապահ ընտրվեց Կրոնական ժողովի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Այսպիսով, պաշտոնապես մեկնարկեց Պոլսո աթոռի 85-րդ գահակալի ընտրության գրոծընթացը։

Շուրջ 1,5 ժամ տևած ժողովից հետո ընտրության արդյունքների մասին հայտարարեց այսօրվա նիստի ատենապետ Թաթուլ վարդապետ Անուշյանը:

Նորընտիր տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը «Ազատության» հետ զրույցում նշեց` իր հիմնական առաքելությունն է ապահովել նոր պատրիարքի անկողմնակալ ընտրություններ:

«Եկեղեցական համագումար-ժողովը քվեներու մեծամասնությամբ ինձի տեղապահ ընտրեց։ Տեղապահը պիտի կարգադրե ընտրության գործընթացը, գլուխը պիտի ըլլա Եկեղեցական ժողովներուն, և ինքը պիտի ապահովե, որ ընտրությունները անկողմնակալ կերպով կատարվի։ Այս վստահությունը, որ եկեղեցական եղբայրներս ինձի շնորհած են, շատ շնորհակալ եմ իրենցից։ Եկեղեցական դասուն և ժողովուրդին վստահությանն արժանի ըլլալ պիտի ջանամ», - ասաց Մաշալյանը։

Տեղապահի պաշտոնի մյուս թեկնածուի՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի օգտին էին քվեարկել համագումարի մասնակից 11 հոգևորականներ։ Տեղապահի ընտրությամբ ավարտվեց նաև Աթեշյանի երկարամյա փոխանորդությունը:

Պատրիարքարանը այսօրվա ընտրության արդյունքների մասին հայտնելու է թուրքական պատկան մարմիններին: Այնուհետև կազմավորվելու է նոր պատրիարքի ընտրության նախաձեռնող հանձնաժողովը: Առաջիկա ամիսներին պետությունից պատրիարքական ընտրություն անցկացնելու արտոնություն ստանալուց հետո հայտնի կդառնան Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի աթոռին հավակնող թեկնածուների անունները, որին կհետևի քվեարկության իրավունք ունեցող պատվիրակների ցուցակների հստակեցման գործընթացը: Հայտնի չէ, սակայն, արդյո՞ք մինչև տարվա վերջ կընտրվի նոր պատրիարք, թե՞ ոչ:

Ավելի վաղ, Պատրիարքարանի Կրոնական ժողովի որոշմամբ, տեղապահի ընտրությունը նշանակվել էր հունիսի 27-ին, սակայն Ստամբուլի նահանգապետարանի ուղարկած գրության համաձայն հետաձգվել էր մինչև հուլիսի 4-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG