Մատչելիության հղումներ

Նախաձեռնող մարմինն առաջարկում է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության օր նշանակել դեկտեմբերի 11-ը


Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյան, Ստամբուլ, 4-ը հուլիսի, 2019թ․
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյան, Ստամբուլ, 4-ը հուլիսի, 2019թ․

Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացը համակարգող Նախաձեռնող մարմինը դիմել է Ստամբուլի նահանգապետարան` ընտրության համար պատկան մարմիններից համապատասխան կանոնադրություն ստանալու նպատակով: 1961 թվականի սեպտեմբերի 18-ի նախարարների խորհրդի որոշման համաձայն՝ ամեն նոր պատրիարքի ընտրության ժամանակ պետությունը կանոնադրություն է սահմանում, որով էլ համակարգվում է ընտրական ողջ գործընթացը: Այդպես է եղել 1990 և 1998 թվականների պատրիարքական ընտրությունների ժամանակ:

Եկեղեցական ավանդույթների և կանոնադրության համաձայն՝ պատրիարքի ընտրությունը երկաստիճան է. նախ ընտրվելու են հոգևոր և աշխարհիկ պատվիրակներ, որոնք էլ այնուհետև Ազգային պատգամավորական ժողովում ընտրելու են պատրիարքին:

Ըստ այդմ, նահանգապետարանի միջոցով ներքին գործերի նախարարությանը ուղղված նամակում Նախաձեռնող մարմնի կողմից ընտրական ժամանակացույց է առաջարկվել՝ հոգևոր պատվիրակների ընտրությունն անցկացնել առաջիկա դեկտեմբերի 7-ին, աշխարհիկ պատվիրակների ընտրությունը՝ դեկտեմբերի 8-ին, իսկ նոր պատրիարքի ընտրության օր նշանակել դեկտեմբերի 11-ը: Դիմումը ստորագրվել է պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ու Նախաձեռնող մարմնի ատենապետ Խոսրով Քյոլեդավիթօղլուի կողմից: Ակնկալվում է, որ պետությունը ամենակարճ ժամկետում կարձագանքի այս դիմումին: Մինչ այդ Նախաձեռնող մարմինը կզբաղվի եկեղեցիների ընտրացուցակների թարմացման և հստակեցման ու կազմակերպչական մյուս աշխատանքներով:

Հուլիսի 17-ին Պոլսո Հայոց պատրիարքարանում կայացած նիստի ժամանակ նոր պատրիարքի ընտրության գործընթացը համակարգելու համար Նախաձեռնող մարմին էր ընտրվել՝ բաղկացած 15 աշխարհական և 2 հոգևորական անդամներից: Մարմնի ձևավորման մասին պաշտոնապես տեղեկացվել էր թուրքական պատկան մարմիններին: Անցած երկուշաբթի մարմինը անդրանիկ նիստն էր գումարել՝ ձևավորելով ղեկավար կազմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG